Վահան Բաբայանը պարտվել է, բայց բավարարված է, որ իր մասին գրառումը ջնջել են

Վահան Բաբայանը պարտվել է, բայց բավարարված է, որ իր մասին գրառումը ջնջել են

Դեռ 2019 թվականին Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Վահան Բաբայանը լրագրող Լիզա Ճաղարյանի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: 

Առիթը, ըստ Վահան Բաբայանի, այն է, որ Լիզա Ճաղարյանն իր հասցեին վիրավորական արտահայտություններ է գրել ֆեյսբուքյան իր էջում, ուստի ինքը պահանջել է, որ վերջինս պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: 

Շուրջ երկու տարի ձգձգվող դատական գործն ի վերջո ավարտվել է՝ ոչ հօգուտ Բաբայանի: Վահան Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատարանն արդարացրել է Լիզա Ճաղարյանին՝ նշելով, թե այդ վիրավորական արտահայտությունների հեղինակը բնավ Ճաղարյանը չէ, այն դեպքում, երբ, ըստ Վահան Բաբայանի պնդման, առկա են Լիզա Ճաղարյանի այդ գրառումների սքրինները: «Իրավաբանորեն չեմ կարող նշել, թե կոնկրետ ինչպես, սակայն ստացվեց այնպես, որ այդ գրառումների հեղինակը Լիզա Ճաղարյանը չէ, այն դեպքում, երբ առկա են գրառման սքրինները: Նա, հավանաբար, հերքել է, որ ինքն է հեղինակը, եւ, ինչպես հասկացա, այդ հրապարակումները ջնջվել են Ֆեյսբուքից, իբրեւ թե այլեւս ապացույցներ չկան, որ հեղինակը հենց նա է: Իմ ներկայացրած սքրինները, փաստորեն, բավարար ապացույցներ չհանդիսացան դատարանի համար, որ հեղինակը հենց Լիզա Ճաղարյանն է»,- նշեց Վահան Բաբայանը: 

Նրա խոսքով` ինքը մեծահոգաբար է վերաբերվում Լիզա Ճաղարյանի գործողություններին եւ այլեւս չի ցանկանում հետամուտ լինել եւ չի բողոքարկել դատարանի որոշումը։ Չի էլ ուզում պարզել, թե ինչու է Ճաղարյանը թիրախավորել հենց իրեն։ «Այս երկրում դա չէ առաջնային խնդիրը, որ ես էլ խորանամ դրա մեջ: Ստացվում է, որ մարդը կարող է ինչ-որ գրառումներ անել եւ հետո ջնջել դրանք ու հրաժարվել ամեն ինչից: Բավականին անիմաստ եւ ձանձրալի ընթացք էր սա, որն այլեւս անիմաստ է շարունակել, քանի որ տվյալ անձը չի պնդում, որ այդ հրապարակումների հեղինակն ինքն է: Դե, քանի որ ինքը չի պնդում եւ ջնջում է իր գրառումները, ես այլեւս խորամուխ լինելու ցանկություն չունեմ: Կան ավելի կարեւոր հարցեր այս երկրում: Ամեն դեպքում, շատ ցավալի է, որ դատական համակարգն այդպես է գործում: Փաստորեն, Լիզա Ճաղարյանի վիրավորանքներն օդից էին ընկել»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ Լիզա Ճաղարյանը դեռ 2019 թվականին Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մասին գրառում էր արել, որն էլ դարձել էր քաղհայցի հիմք։ Նա գրել էր. «ՍեՌժիկի գանձեր, ես գիտեմ, որ փսլինքների համամոլորակային մրցույթում Բաբայան Վահան կոչեցյալը կարող է հավակնել առաջին տեղին։ Դուք էլ գիտեք։ Փաստորեն, ինչքան էլ հոխորտաք ԷՇաշոԾյանների ձայներով, օրներդ հեչ օր չի, որ էս դոնդողին եք մեյդան գցել»։ Այս գրառումից հետո էր Վահան Բաբայանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար` ընդդեմ Լիզա Ճաղարյանի, դատական հայց ներկայացրել: