«Հրապարակ». «Կալանավորումն ապօրինի է». պատգամավորը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

«Հրապարակ». «Կալանավորումն ապօրինի է». պատգամավորը՝  Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում Արսեն Բաբայանի ձերբակալությանը։ «Ակնհայտ է, որ խնդիրներ կան, կալանավորումն ապօրինի է` հենց միայն համաներման իրավական ակտի պատճառով»: Ի՞նչ է պատրաստվում անել ԼՀԿ-ն այդ առնչությամբ։ «Առայժմ` ոչինչ, սպասելու ենք գործի կարճմանը»: Իսկ դատապարտող հայտարարությամբ, կոչով հանդես չե՞ք գալու․ հնարավոր է եւ գործը չկարճվի։ «Կարծում ենք՝ անպայման պետք է կարճվի։ Ինչ վերաբերում է հայտարարություն ընդունելուն, դե, մի դեպք է, չեմ կարծում, որ պետք է ընդհանրացնել»: Ամեն դեպք կարող է նախադեպ դառնալ։ «Հույս ունենք, որ ՀՔԾ-ն կսթափվի»:

Հայտնի խոսք կա` եկան կոմունիստների հետեւից, լռեցին, լիբերալների հետեւից, լռեցին՝ ձեր հետեւից դեռ չե՞ն եկել։ «Չէ, չեն եկել»: Իսկ ոչի՞նչ, որ ձերբակալման հիմքը ձեր խմբակցության նախկին անդամի ՀՔԾ ներկայացրած դիմումն է։ «Դե, գիտեք` Արման Բաբաջանյանը մեզ դիմել էր, որպեսզի Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու այն հիմքերը, որոնք նա ներկայացրել է ՀՔԾ-ին, դրանցով օրենքի նախագիծ կազմենք Հրայրի դեմ, նորից դիմենք ՍԴ, մենք մերժեցինք։ Դա թող լինի մեր պատասխանն իրեն»: