Լռություն եւ աղմուկ

Լռություն եւ աղմուկ

Պատերազմը խաթարել է մեր բնականոն կյանքը եւ մեզ իր կանոններն է պարտադրում արդեն 3 օր։ Սա էմոցիաների, ուժերի, ջանքերի գերլարման շրջան է, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա, իր մասնակցությունը։

Մեկի համար դա ուժերի գերլարումով, արցունքները զսպած՝ իր աշխատանքը շարունակելն է, մյուսի համար՝ աշխատանքն ու ընտանիքը թողած՝ դեպի սահման շտապելը, երրորդի համար, պատերազմի պատեհ առիթից օգտվելով, սեփական փիառն անելն ու պոպուլիզմով դիվիդենտներ շահելը։

Յուրաքանչյուրը՝ ըստ իր բարոյական նկարագրի եւ արժեքային համակարգի։ Հայրենասիրությունը բարձրագոչ բառեր չի սիրում, էմոցիոնալ ելույթներ չի հանդուրժում, ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելը չի ներում, ուրիշի զավակների կյանքի գնով պոռոտախոսություններ չի ընդունում։ «Միայն հաղթանակ եւ ոչ մի թիզ հող թշնամուն» բղավողները, որպես կանոն, ասֆալտի ֆիդայիներն են, որոնք եւ իրենց զավակները տաքուկ տեղերում, կայքերի առաջ նստած՝ հետեւում են Արցախում ծավալվող արյունոտ իրադարձություններին եւ կոկորդիլոսի արցունքներ թափում։ Ռազմի դաշտում զինվոր ունեցողները եւ կռվողները լուռ են։ Նրանք հայրենիքի ու հայրենասիրության իրենց պատկերացումներն ունեն։ Լուռ են նաեւ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչն ինչպես եղավ, եւ ով էր այս ամենի մեղավորը։

Նրանք ատամները սեղմած սպասում են այն օրվան, երբ կկարողանան լիաթոք խոսել եւ բացահայտել այն դավաճաններին ու ապիկարներին, պոռոտախոսներին ու վայ-դիվանագետներին, որոնց սխալների արդյունքում մենք ունենք արցախյան բանակցությունների լիակատար ձախողում եւ լայնածավալ պատերազմ, ինչպիսին չէինք ունեցել 1994 թվականից սկսած։ Յուրաքանչյուրը՝ անուն առ անուն, պետք է պատասխան տա իր արածների ու ամենակարեւորը՝ չարածների համար։