Դառնամ այս մեկն էլ ասեմ

Դառնամ այս մեկն էլ ասեմ

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ու մի խումբ համակիրներ տեսահոլովակ են տարածել, որտեղ մի հատված են ասմունքում Վազգեն Օվյանի «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունից: Քարոզչության հասցեատերն, ըստ երեւույթին, մտավորականությունն է, որին ներշնչում են, որ Մասիս Մայիլյանն ազգային գրական-մշակութային արժեքների կրող է եւ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում քաղցր աչքով է նայելու գրականության, թատրոնի եւ առհասարակ արվեստի գործիչներին:

Որքանո՞վ է ռուսական տեխնիկական կրթությունը նպաստել Մասիս Մայիլյանի գեղագիտական ճաշակին, նա հայ գրականության եւ մշակույթի ի՞նչ ընկալում ունի՝ դատավոր չլինենք: Արձանագրենք իրողությունը. 2013թ. Արցախի Գրողների միությունը հրապարակային որոշմամբ դատապարտել էր Վազգեն Օվյանի գրական ժառանգությունը, նրան անվանել «Կեւորկովի գործակալ»: Այդ աղաղակող անարդարության դեմ կատարելապես անզոր՝ գրողի որդի Վարդգես Օվյանը դիմեց ինձ: Գրեցի բաց նամակ, որ ստորագրեցին մի քանի մտավորականներ: «Ազգ» թերթում այդ հրապարակումն Ստեփանակերտում ռումբի ահագնությամբ պայթեց: Արժանացա ԱԺ նաժագահի կշտամբանքին, նախագահականից խորհուրդ տվեցին զբաղվել պաշտոնական գործով, ոչ թե խառնվել գրական բանավեճի: Մի խոսքով՝ անցա «քարաբաղնիսով»: Բայց հրապարակումն իր գործն արեց, գրողի հիշատակը փրկվեց վերագրումներից: Այդ մի շրջան էր, երբ Մասիս Մայիլյանը հանրային գործիչ էր: Բայց ի պաշտպանության Վազգեն Օվյանի մեկ բառ անգամ չասաց, ինչպես նաեւ այսօր նրա շրջապատի որոշ դեմքեր: Հիմա նրանք «Այս Ղարաբաղն է» ասմունքելով իրենց նույնացնում են Վազգեն Օվյանի հետ: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր…