ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին կաթնային փոխարինիչով ապրանքները շարել հատուկ դարակաշարերում

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին կաթնային փոխարինիչով ապրանքները շարել հատուկ դարակաշարերում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օրերս հանդիպել էր խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ կաթնամթերքի իրացման փուլում սպառողների մոլորության, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների կանխելարգելման թեմայով և տեղեկացրել է, որ լիազոր մարմնի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում սահմանել կաթնամթերքի դասավորվածությանը ներկայացվող պարտադիր պահանջներ, որպեսզի սպառողը հեշտ կողմնորոշվի և կարողանա հստակ տարբերակել՝ կաթնային, թե կանթային փոխարինիչով կաթ պարունակող մթերք է ձեռք բերում:

Հանձնաժողովի կողմից կաթնամթերքի ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ սպառողներն ապրանքի արտաքին տեսքի նույնական կամ շփոթության աստիճանի նման լինելու պատճառով հաճախ են մոլորության մեջ ընկնում և հաճախ չգիտեն, որ, օրինակ, թթվասերի փոխարեն մշտապես գնում են թթվասերի տեխնոլոգիայով պատրաստվող կաթնային յուղի փոխարինիչով մթերք:

Հիշեցնենք, որ սպառողական կազմակերպությունների պնդմամբ՝ Հայաստանում կաթնամթերքի ու պաղպաղակի նման յուղային, կաթնային բաղադրիչներին, հիմնականում, փոխարինում են տրանսյուղերը՝ հատուկ տեխնոլոգիաներով բուսայուղերի պնդեցված բաղադրիչները, որոնք սարսափելի վնասակար և քաղցկեղածին են։

«Հրապարակը» հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից հետաքրքրվեց՝ ինչ ունեն ասելու այս առումով, սակայն խոսնակը նշեց, որ դա ՍԱՊԾ -ի գործառույթն է, իրենք միայն ասում են, որ կաթնամթերքները պետք է դրվեն առանձին դարակաշարերերում։

«Այսինքն՝ եթե դու կաթի փոխարեն ինչ-որ նյութ ես օգտագործում, դա պետք է լինի հատուկ ստենդում»,-ասաց Անին։