Թող մասնակցեն, բայց բուհի անունից հանդես չգան

Երեկ ուսանողության մի ստվար հատված դասադուլ հայտարարեց եւ դուրս եկավ փողոց: Օրվա ընթացքում տարածվեցին այն բուհերի անունները, որտեղից ուսանողներ էին մասնակցում դասադուլին: Լուր տարածվեց, որ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն էլ են միացել դասադուլին, «չնայած ռեկտոր Էդվարդ Սանդոյանի՝ համալսարանից հեռացնելու սպառնալիքներին»։ Բուհի ռեկտորատից մեզ հետ կապվեցին եւ ասացին, որ նման բան չկա` ռեկտորը ոչ մեկին չի սպառնացել: Ռեկտորի խորհրդական Ռուզաննա Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում բացառեց, որ ռեկտորը կարող է ինչ-որ բան արգելել ուսանողին, առավել եւս՝ սպառնալ քաղաքացիական ակտիվության համար:
- Իսկ ինչո՞ւ են ուսանողներն ասում, որ ռեկտորն իրենց սպառնացել է՝ հեռացնել բուհից, եթե դասադուլը շարունակեն:
- Չկա նման բան, ռեկտորը ոչինչ չի արգելել:
- Այսինքն` ուսանողները ստո՞ւմ են:
- Չեն ստում, հարցը գիտե՞ք ինչում է, նրանում է, թե նայած որ ուսանողն ինչպես է դա ընկալում ու ներկայացնում: Սլավոնականը ոչ մի անգամ ոչ մի պրոցեսի մեջ չի խառնվում` որպես բուհ, եւ ուսանողն էլ չի ներկայանում, թե որ համալսարանից է: Բոլորը ՀՀ քաղաքացիներ են, երբ ուզում են, որտեղ ուզում են եւ ինչքան ուզում են, կարող են մասնակցել, չկա ոչ մի արգելք, բայց ո՛չ բուհի անունից, չպետք է ներկայանան որպես բուհի ուսանող:
- Ինչո՞ւ, եթե տվյալ բուհի ուսանող է, ինչո՞ւ չպետք է ներկայանա: Ուսանող լինելն էլ որոշակի ստատուս է:
- Նրանք ՀՀ քաղաքացիներ են, եւ վերջ:
- Ի՞նչ է նշանակում՝ ՀՀ քաղաքացիներ են, ուսանող չե՞ն:
- Բայց դա բուհի դիրքորոշումը չէ:
- Իսկ հետաքրքիր է` 2018-ի հեղափոխության օրերին է՞լ էիք ուսանողներին ասում, որ չներկայանան որպես Սլավոնականի ուսանողներ:
- Գիտեք` մենք չենք ստիպում ոչինչ, ինչո՞ւ եք նման հարցեր տալիս, չեմ հասկանում, բայց մեր ուսանողներն ազատ են: Երբ ուզում են, որտեղ ուզում են, թող մասնակցեն: Տարիներ շարունակ բոլորն էլ տեսել են, որ մեր ուսանողները որեւէ տեղ չունեն ներգրավվածություն: Մեր բուհն ապաքաղաքական է:
- Եթե բուհն ապաքաղաքական է, չի նշանակում՝ ուսանողն էլ պետք է ապաքաղաքական լինի: Սա Հայաստանն է, ոչ թե Աֆղանստանը: Իսկ ուսանողությունն ամբողջ աշխարհում է ակտիվ, քաղաքական պրոցեսների է մասնակցում:
- Հարգելիս, ես Ձեր բոլոր հարցերին, կարծում եմ, պատասխանեցի:
- Մեզ ասացին նաեւ, որ բուհի ռեկտորն ասել է, որ ուսանողները պետք է անպայման մասնակցեն դասապրոցեսին, որ ամենակարեւորը դա է:
- Այո, իհարկե, բա եթե ուսումնական հաստատություն է, ուսանողը պետք է դասապրոցեսին պարտադիր մասնակցի:
- 2018-ին է՞լ էիք դասերն ամեն ինչից կարեւորում:
- Մենք երբեք ոչինչ չենք արգելել` ոչ մեկին: Մեր բուհը ոչ մի անգամ քարոզչությամբ չի զբաղվել: Սլավոնականի ուսանողներն ազատ են, ազատ քաղաքացիներ են:
Կարծիքներ