Ո՞վ ասեց, որ Թուրքիան կարող է կիսել Կիպրոսը, իսկ Հայաստանը չի կարող․ Բենիամին Մաթեւոսյան

Ո՞վ ասեց, որ Թուրքիան կարող է կիսել Կիպրոսը, իսկ Հայաստանը չի կարող․ Բենիամին Մաթեւոսյան

Հարցազրույց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

- ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը մի շարք հետաքրքիր հայտարարություններ հնչեցրեց օրերս: Հայ- ռուսական հարաբերությունները կարգավորելու կամ դաշնակցային հարաբերությունները պահպանելու հույս կա՞։

- Իրականում ՀԱՊԿ շտաբի պետի` մեզ վերաբերվող հայտարարություններից երկուսը կարելի է առանձնացնել, առաջինը այն, որ ՀԱՊԿ- ն պատրաստ է օգնության ձեռք մեկնել իր գործընկերներին, այդ թվում նաև Կովկասի տարածաշրջանում՝ խոսքը մեր մասին է։ Երկրորդը վերաբերում է նրան, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են իրավիճակի ապակայունացմանը։ ՀԱՊԿ շտաբի պետը գլոբալ առումով կրկնում էր այն ամենը, ինչը մենք լսում ենք ռուսական պաշտոնյաներից՝ սկսած ԱԳՆ ներկայացուցչի, ԱԳՆ- ի հայտարարությունները, վերջացրած օրերս Վյաչեսլավ Վոլոդինի կողմից արված հայտարարությունները: Հիշեցնեմ, որ Պետդումայի նախագահը փաստորեն ասաց, որ ԵՄ, ԵՎրախորհրդի դիտորդների գալը տարածաշրջան շատ մեծ վտանգներով է հղի, այդ թվում որպես օրինակ բերեց Հարավսլավիայի օրինակը, և խոսեց այն մասին, որ նմանատիպ կազմակերպությունների ներգրավումը տարածաշրջանային խնդիրներին, հնարավոր է առանձին պետությունների ոչնչացման բերի։ Չգիտեմ, թե սրանից ավելի բաց ակնարկ Հայաստանի իշխանություններին առ այն, որ ռուսական կողմը խիստ մտահոգիչ է իր համար համարում եվրոպական դիտորդների ներգրավվումը Հայաստան, երեւի դժվար է պատկերացնել։ Նաև տեսեք, Սերգեյ Լավրովը Պետդումայում խոսեց այն մասին, որ Ռուսաստանը վերանայում է իր մասնակցությունը միջազգային գրեթե բոլոր կազմակերպություններին, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի հետ համագործակցությունը, փաստորեն, ավարտվել է, ու այս իրավիճակում Հայաստանի համար լավագույն դիրքորոշումը կլիներ ընդհանրապես չեզոքությունը։ Որպեսզի մենք կոնֆլիկտի կողմ չդառնայինք, զենքի կամ այլ մատակարումների առումով, որպեսզի Հայաստանը չառանձնացներ ոչ մեկ, ոչ մյուս կողմին, երկրորդն էլ ինքը մաս չկազմեր նաև հակառուսական արևմտյան այդ կոալիցիային։ Որովհետեւ դա էլ է շատ լուրջ վտանգներով հղի, բացի այդ, եթե Հայաստանը կողմնակալ դիրքորոշում չունենար, չեզոք դիրքորոշում ունենար՝ իրականում դա Ռուսաստանին էլ էր շահավետ, ձեռնտու։

Անկեղծ լինենք, ինչքան էլ լարվածություն լինի կողմերի միջև, ինչքան էլ խնդիրներ լինեն, բոլորին էլ անհրաժեշտ են խողովակներ, որոնց միջոցով դու կկարողանաս տնտեսական, դիվանագիտական և այլ մակարդակի շփումներ ապահովել։ Հայաստանը կարող էր դառնալ այդ խողովակներից մեկը, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանը հակառուսական, արևմտյան կոալիցիայի մաս է կազմում։ Տեսեք, անգամ Ադրբեջանը չի հայտարարում, որ ռուսական զորքերի ներկայությունը տարածաշրջանում իրենց համար վտանգ է հանդիսանում, բայց Հայաստանը դրա մասին ասում է։ ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները ևս մեկ ուղերձ են Հայաստանի իշխանություններին առ այն, որ Ռուսաստանում լուրջ մտահոգություններ են տեսնում՝ Հայաստանի կուրսի փոփոխության վերաբերյալ, որոնք կրում են հակառուսական բնույթ։ Իրենք շատ կոռեկտ են ձևակերպում, չեն ասում, որ Հայաստանն է մաս կազմել այդ գործընթացներին՝ ասում են Արևմուտքն  է դեստաբիլիզացրել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ առանց պաշտոնական Երևանի համաձայնության ոչինչ էլ չէին կարող անել։

- Պետդումայի նախագահի հայտարարությունը շատերը որակեցին որպես սպառնալիք։ Արդյոք Հայաստանի իշխանությունները չե՞ն տանում այն կետին, որ Ռուսաստանը դառնա Հայաստանի թշնամին, թե՞ Ռուսաստանը երբեւէ զոհասեղանին չի դնի Հայաստանը։

- Տեսեք, տրամաբանական է չէ՞, որ նմանատիպ հարցեր կարող են առաջանալ նաև իշխանությունների մոտ և իրենք էլ գուցե նմանատիպ մտահոգություններ կունենան։ Այս պարագայում ավելի ճիշտ է ռուսական կողմի հետ առկա տարաձայնությունները կամ որոշակի հարցերի վերաբերյալ տարընթերցումները կարգավորվեն ներքին շփումների խողովակներով։ Իսկ եթե շատ անկեղծ լինենք, երևի այն պահից ի վեր, երբ որ Ռուսաստանի կողմից նախաձեռնված Լավրով- Բայրամով- Միրզոյան հանդիպումը տեղի չունեցավ, և հայկական կողմը դա պայմանավորեց Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքով, դիվանագիտական շփումներ կողմերի մեջ չկան։ Եթե դրան գումարենք, որ դրա հետ մեկտեղ Հայաստանը շարունակում է նույն Ադրբեջանի հետ դիվանագիտական շփումները, ինչ են ասում մեր պաշտոնյաները, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 5 նոր առաջարկներ է ուղարկել, հիմա իրենք հետ են ուղարկելու իրենց վերամշակումները: Ի՞նչ է ստացվում. Հայաստան- Ռուսաստան- Արդբեջան այս եռանկյունում իրենք բոյկոտում են Ռուսաստանի Դաշնությա՞նը։

Ձեր նշած ձևակերպումը, որ արդյոք չեն դնելու զոհասեղանին, այսպես ասեմ, եթե իրենք չեն օգնելու, ապա չեն էլ խանգարելու Ադրբեջանին՝ գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, օրինակ։ Ինչու այս ամենը չի քննարկվում կողմերի միջև։ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը` իրենց լրատվամիջոցների, իրենց խոսող գլուխների մակարդակով, մաքուր հակառուսականություն է։ Մի կարևոր բան, հունվարի 10- ի Փաշինյանի ասուլիսի ժամանակ, երբ իրեն հարց են տալիս Միութենական պետության վերաբերյալ` արդյոք Ռուսաստանի կողմից եղե՞լ են նման առաջարկներ, ինչպե՞ս է նա պատասխանում, որ պաշտոնական առաջարկ չի եղել, բայց նման գնահատականներով հանդես են գալիս Ռուսաստանի փորձագետները, այդ թվում նաև լրատվամիջոցներով հանդես եկող փորձագետները։ Փաշինյանի տրամաբանությունը հետևյալն է, որ հավանաբար, ռուսական կողմն այն մտադրությունները, որոնք ունի Հայաստանի նկատմամբ, բարձրաձայնում է ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այլ փորձագետների մակարդակով։ Եթե իրենց կողմից քաղաքական գործընթացների տրամաբանությունը սա է, ապա տեսեք, թե ինչ են բարձրաձայնում Հայաստանի իշխանությունների փորձագետները, նրանք Պուտինին անվանում են ռազմական հանցագործ։ Որ արցախյան երկրորդ պատերազմը սկսել է Պուտինը, Արցախը շրջափակել է Պուտինը։ Փոխանակ դու քայլեր ձեռնարկես, որպեսզի կարողանաս ռուսական կողմի հետ առկա խնդիրները լուծել փակ դռների հետևում, դու քո պաշտոնական քարոզչության հիմնական մեխը դարձնում ես այն, որ Հայաստանի թշնամին Ռուսաստանն է, Ռուսաստանի ղեկավար Պուտինն էլ ռազմական հանցագործ է։

- Միգուցե նպատակն էլ դա՞ է։

- Ես էլ եմ կարծում, որ նպատակը հենց դա է։ Տեսեք, երբ նույն հունվարին Փաշինյանը ասուլիսով հանդես եկավ, ֆունդամենտալ ուղերձը հենց ասուլիսի սկզբում հնչել է։ Եվ ուղերձը վերաբերել է նրան, որ Հայաստանի իշխանությունները բարձրագույն մակարդակով ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում իրենց համար սպառնալիք են որակել։ Արևմուտքը երևի երկար տարիների ընթացքում առաջին անգամ իր համար ռեալ է հնարավորություն է տեսնում Հայաստանի ձեռքով լուծել Ռուսաստանի ռազմական ներկայության խնդիրը մեր տարածաշրջանում։ Սա ֆունդամենտալ խնդիր է։ Քանի որ մեր իշխանությունները սեփական իշխանության վերարտադրության երաշխիքները և գրավականները տեսնում են Արևմուտքում՝ տրամաբանական է, որ իրենք քայլեր են անելու՝ ուղղված արևմուտքի հետ համագործակցությունը մերձեցնելուն, բայց թե դա ինչ վտանգներով է հղի Ռուսաստանի հետ հարաբերություններում և Հայաստանի համար ինչ սպառնալիքներ է ներկայացնում՝ Դուք Ձեր հարցում արդեն ձևակերպումը տվել եք։

- Ինչպիսի՞ն են լինելու Արցախն ու Հայաստանը՝ Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի, հաշվի առնելով նաեւ այն, որ երկրաշարժից հետո, մարդասիրական բեռը հասցնելու համար բացվեց հայ- թուրքական սահմանը։

- Չեմ շտապի ասել, որ սահմանը բացել են, որովհետև մենք կարող ենք ինչ- որ օգնություն ուղարկել, բայց չմոռանանք, որ սահմանը փակել է Թուրքիան և սահմանը կարող է բացել Թուրքիան։ Նախ նա միշտ հստակ նախապայմաններ էր դնում սահմանը բացելու համար, հիմա այդ նախապայմանները կրկնապատկվել են։ Ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին Ռուսաստանից, այսպես ասած, կտրված լինելուն, իրականում շատ ֆունդամենտալ հարց եք տալիս։ Հայաստանի անվտանգային համակարգն ու սահմանների լեգիտիմացիան մի քանի կոմպոնտենտ ունի, առաջինը Խորհրդային Միությունից մեր ստացած ժառանգությունն է։ Փաշինյանը, որ ասում է 29800 քառ․կմ, մենք հասկանում ենք չէ՞, որ խոսքը Սովետական Հայաստանի սահմանների մասին է, այսինքն, մեր անվտանգային համակարգի առաջին կոմպոնենտը իրավունքի ուժն է։ Մենք իրավունքի ուժով դարձել ենք Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը՝ սա առաջինը։ Երկրորդը, երբ որ Արդբեջանը Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ 1990- ականներին, Հայաստանի Հանրապետությունը օգնեց ոչ միայն հետ մղել ադրբեջանական գրոհը, օգնեց Արցախի յոթ շրջաններ ազատագրել և Արցախի շուրջ ստեղծեցին անվտանգության գոտի։

Այդ անվտանգության գոտին և Արցախի Հանրապետությունը վերածվեցին Հայաստանի համար անվտանգության գոտու։ Մեր սահմանները 2020- ի պատերազմից հետո մոտավորապես 500 կմ շփման գիծ է ավելացել Ադրբեջանի հետ, որովհետև զորքերը առաջ են եկել։ Երբ որ Արցախը կար` ազատագրված շրջանների հետ մեկտեղ, իրենք մեզ համար անվտանգության գոտի էին և մեր սահմանների լեգիտիմության կարևոր գրավականներից մեկը։ Երրորդ համակարգը դա երրորդ կոմպոնենտն է, երբ Հայաստանի և Արցախի բանակները սինխրոնիզացված էին, թե ռազմամթերքի, զենքի առումով, բանակի արդիականացման առումով։ Երևան- Ստեփանակերտ միասնական անվտանգային համակարգ կար և սահմանները ամուր էին։ Եվ չորրորդը դա Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերային հարաբերություններն էին, մեր անդամակցությունը ՀԱՊԿ- ին, մեր փոխգործակցության մասին պայմանագիրը, զենքի գնման տրամաբանության շրջանակներում մեր համագործակցությունը։ Այսինքն, մենք ունեինք չորս կոմպոնենտ և պայմանավորված երկրորդ և երրորդ կոմպոնենտներով, մենք նաև հետաքրքրություն էինք ներկայացնում նաև Ռուսաստանի և Իրանի համար։ Քանի դեռ դու Արցախի Հանրապետությունը պահում ես քո ռազմական բալանսի վրա, դա բերում է նրան, որ Արցախի Հանրապետությունն ինքը անվտանգություն է գեներացնում, ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Իրանի և Ռուսաստանի Դաշնության համար։

Մեր փոխգործակցության գլխավոր եզրը հենց այստեղ էր, բայց երբ իմ նշած 4 գրավականներից երեքը վերացվել են և դու խոսում ես միայն իրավունքի ուժով Սովետական Միությունից քեզ ժառանգություն հասած սահմանի մասին ու փորձում ես այդ 29․800 քառակուսի կիլոմետր տարածքով պետության սահմանները լեգիտիմացնել Արևմուտքում՝ Եվրամիության երաշխիքների կամ ԱՄՆ- ի, կամ ՄԱԿ- ի շրջանակներում, սա խոսում է, որ մեր իշխանությունները պատմական, քաղաքական, գեոքաղաքական և նաև տրամաբանական առումով նոնսենս են փորձում իրականացնել։ Դու այս ամեն ինչը ստացել ես Սովետական Միությունից, իսկ Սովետական Միության իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է, հիմա դու այնտեղից ստացած ժառանգությունը փորձում ես լեգիտիմացնել արևմուտքում ու այնպիսի պայմաններում, երբ որ Ուկրաինայում այն, ինչ մենք տեսնում ենք, սահմանների լեգիտիմացման վերանայման խնդիր է իրականացվում։ 

- Ինչպե՞ս է Ուկրաինայի նոր սահմանների լեգիտիմացումը տեղի ունենում։

- Ուկրաինան իր սահմանը ո՞նց է իրականացրել՝ ասում է մենք ՆԱՏՕ- ի գործընկեր ենք, ուստի մեր սահմաններն անվտանգ են։ Բայց ՆԱՏՕ- ի հետ էլ համագործակցությունը ոչ մի երաշխիք քեզ չի տալիս։ Հիմա այն, ինչ իրենք անում են, դա բերելու է նրան, որ ամբողջությամբ մեր անվտանգային համակարգը փլուզվելու է, այստեղ արդեն խնդիր է առաջանալու Արցախը կամ Հայաստանը առանց Ռուսաստանի ինչպիսին կլինեն, այլ խնդիր է առաջանալու այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Վոլոդինը շեշտեց իր հայտարարության մեջ։ Բայց դա ոչ թե հակահայկական դավադրության դրսևորում է Ռուսաստանի կողմից՝ տրամաբանական գործընթաց է։

- Այս տրամաբանական գործընթացի հավանականությունը որքա՞ն մեծ եք գնահատում։

- Ես դեռ չեմ տեսնում մեխանիզմներ, որոնք այս ամեն ինչը կկանխեն, ոչ ներքին քաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում, ոչ արտաքին քաղաքականության։ Եկեք անկեղծ լինենք, մեր ընդդիմությունը ներկա պահին զբաղեցրել է դիտորդի կարգավիճակ, որովհետև այն գործընթացները, որոնց մասին մենք Ձեզ հետ խոսում ենք, դրանց գլխավոր պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց արդյոք ինքը միակն է, այստեղ Փաշինյանի այդ հայտնի հարցը, որ ես մեղավոր եմ, բայց ես միակ պատասխանատուն չեմ, շատ արդիական է դառնում։ Տեսեք, եթե ես այս ամեն ինչը հասկանում եմ, ո՞նց այս ամենը կարող է չհասկանալ Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան, եթե իրենք հասկանում են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ սա մեկ այլ խոսակցության թեմա է, բայց եթե չեն հասկանում՝ դա լրիվ այլ խոսակցության թեմա է։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքական էլիտայի զգալի մեծամասնությունը չի առաջնորդվում Հովիկ Աբրահամյանի հայտնի ձևակերպումով, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ։ Ոչ, շատ մեծ խելք է պետք․ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մոտեցումներից է կախված իմ և Հայաստանում ապրող բոլոր մարդկանց ֆիզիկական անվտանգությունը։

- Մոտակա 1- 2 տարվա կտրվածքով ի՞նչ գործընթացների ականատես կլինենք։

- Եթե դիմադրություն, կազմակերպված դիմադրություն Հայաստանում և Արցախում չլինի և իշխող ուժերը տանեն գործընթացներն այն տրամաբանությամբ, որով տանում են, այսինքն, Արցախը ճանաչեն Ադրբեջանի մաս, փորձեն բավարարել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր նախապայմանները, դա բերելու է նրան, որ ունենալու ենք պարզապես ֆիկտիվ պետություն, որի գոյության կամ չգոյության խնդիրն արդեն կախված չի լինելու մեզանից։ Թուրքիան ե՞րբ ներխուժեց Կիպրոս, երբ որ Հունաստանում իշխանափոխություն եղավ, և այն պատրվակով, որ իրենք իբր պաշտպանում են տեղի թուրք բնակիչներին, իրենք զորք մտցրեցին և 1970- ական թվականներից այս կողմ փաստորեն պետությունը կիսվել է ու 74 թվականի ստատուս քվոն ֆիքսվել է ու իրենք այդ ստատուս քվոն պահում են։

Հիմա եթե այս գործընթացները գնան այն տրամաբանությամբ, որ ես ասում եմ, և մենք վերածվենք ֆիկտիվ պետության, որն ունակ չի լինելու իր սահմանները պահել բոլոր առումներով, դա բերելու է նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարմար պահը որսալով մեզ հետ առնվազն կարող են անել այն, ինչ արեցին թուրքերը Կիպրոսի հետ։ Ինչու Կիպրոս կարելի է ներխուժել և պետությունը կիսել, իսկ Հայաստան չի կարելի։ Սիրիա կարելի է ներխուժել ու սեփական պետության համար անվտանգության գոտի ստեղծել, հեռացնելով քրդերին քո սահմաններից, բայց նույնը չի կարելի անել Հայաստանում։ Կամ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը եթե կամ երբ ստանա իր պահանջածը և իրենք ստանան Վրաստան-Հայաստան գազատարին մուտք, այդ նույն ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները չեն գնա այդ գազատարը վնասեն, ասեն, չգիտեմ՝ ելնելով ինչ- ինչ հանգամանքերից, Հայաստանը վնաս է հասցնում Ադրբեջանին, էկոլոգիային և գազատարն այլևս այստեղով չի անցնի։ Կամ փակեն գազատարն ու ասեն, որ մինչև ադրբեջանցիները չվերադառնան, այսպես կոչված, իրենց պատմական հողեր, իրենք չեն ազատի այդ գազատարին կից տարածքը՝ ո“վ ասաց, որ այդ ամեն ինչը տեղի չի ունենալու, իհարկե կարող է։ Ազգերի վախճանը հենց այսպես է լինում՝ մենք բաց երկնքի տակ մասսայական ինքնասպանության մասնակիցներ ենք։