Մեր իշխանությունն ավելի շատ լռում է, քան ակտիվ մասնակցում. Մովսես Դեմիրճյան

Մեր իշխանությունն ավելի շատ լռում է, քան ակտիվ մասնակցում. Մովսես Դեմիրճյան

Հայաստանում պատերազմի հետևանքով էլ ավելի խորացած քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ Ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով նրա գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհնարինությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շուրջ նոր իրողություններ են ստեղծվել, որը փոխում է իրերի դրությունը նաև տարբեր պետությունների, գերտերությունների հետաքրքրություններով պայմանավորված։

Իսկ ի՞նչ զարգացումներ կլինեն արտաքին քաղաքական, ներքին քաղաքական հարցերում, ժամանակը ցույց կտա։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, «Մշակույթների երկխոսությունը ժամանակակից պայմաններում» մենագրության հեղինակ, փիլիսոփայագետ Մովսես Դեմիրճյանի հետ։

- Պարոն Դեմիրճյան, քաղաքական ճգնաժամ է Հայաստանում, ըստ Ձեզ՝ ճգնաժամի լուծումները որո՞նք են, ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։

- Վարչապետն ասաց, որ պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Քաղաքական համակարգը, կարծես թե, չգնաց ընդառաջ, այսինքն՝ քաղաքական ընդդիմությունն իր օրակարգը բերեց, ասաց, որ պետք է հրաժարական տա։ Ըստ էության, այդտեղ երկխոսություն չստացվեց։ Ամեն ինչ մնաց, ինչպես նախկինում էր՝ իշխանությունը մնաց իր կարծիքին, ընդդիմությունը՝ իր։ Ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն տեղի չունեցավ նաև այն պատճառով, որ ընդդիմադիրները, առնվազն նրանք, որոնք այսօր ներկայացնում են ընդդիմությունը կամ ներկայանում են որպես ընդդիմություն, սկզբունքային են այն հարցում, որ վարչապետը պետք է հրաժարական տա։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերևա մոտակա ամիսների ընթացքում, որովհետև դա կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի՝ Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ դիրքորոշումից, կախված է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։ Ես կարծում եմ, որ իրականում Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպելու որոշման վրա արտաքին ուժերը, հատկապես գերտերությունները, բավականին մեծ ազդեցություն ունեն։ Ոչ թե այն առումով՝ ընտրություն պետք է անցկացվի, թե ոչ, այլ այդ ուժերի դասավորությունից է կախված, թե որքանով է նպատակահարմար այստեղ արտահերթ ընտրություններ անցկացնել։

- Ինչո՞ւ եք այդպիսի եզրակացության եկել, ի՞նչն է Ձեզ համար հիմք հանդիսացել այդպիսի եզրակացություն անելու համար, որ գերտերություններն են որոշում։

- Որովհետև Հայաստանում իշխանափոխությունը, որ ենթադրվում է՝ տեղի կունենա ընտրությունների արդյունքում, ազդելու է շատ պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել այս իշխանության հետ։ Իսկ որ այդպիսի պայմանավորվածությունները կան, ակնհայտ է։ Այսինքն՝ հետպատերազմյան իրավիճակի կարգավորման, նոր տրանսպորտային ուղիների և այլ հարցերին առնչվող համաձայնություններ։ Տնտեսական, ավելի ճիշտ՝ ենթակառուցվածքային ապաշրջափակումը, որը փորձում են իրականացնել, պլանավորված է այս իշխանության հետ։ Հետևաբար, երբ փոխվում է իշխանությունը, նոր մարդիկ են գալիս, նրանց հետ պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նրանք (նոր մարդիկ) կարող են փորձել ճշտումներ մտցնել նախորդ իշխանությունների հետ պայմանավորվածությունների մեջ, կարող են նաև փորձել չեղարկել այդ պայմանավորվածությունները։ Այնպես որ, Հայաստանում ընտրություններ կազմակերպելը միայն ներհայաստանյան օրակարգ չէ։ Դրա համար ընտրություններ կազմակերպելու որոշումը չի թելադրվում միայն մեր ներքին քաղաքական, հանրային կամ նույնիսկ ազգային պահանջով։

- Ենթադրենք՝ ընտրություններ են լինում, ճգնաժամից դուրս կգա՞ Հայաստանը։ Ինչպե՞ս հանրությանը պատրաստել հնարավոր արտահերթ ընտրությունների, որ 2018-ի էյֆորիայի նման, կոնկրետ այս դրությամբ արդեն, կարելի է ասել, ապատիայի ներքո չգնան ընտրությունների, և էլի քաղաքական ճգնաժամի հիմքեր չստեղծվեն։

- Ես ենթադրում եմ, որ որևէ ապատիա՝ պայմանավորված 2018 թվականի էյֆորիայի վերացումով, չկա։ Կա ուղիղ հակառակը։ Այսօր հասարակության ներսում՝ ներքևում, անձանց ու փոքր խմբերի մակարդակում, տեղի է ունենում կոնսոլիդացիա, ինչը շատ լավ է։ Տասնյակ նախաձեռնություններ կան, որոնց շուրջ մարդիկ համախմբվում են թեկուզ իրենց մասնագիտական գիտելիքների, հմտությունների առումով՝ երկրին ու պետությանն օժանդակ լինելու համար։ Համոզված եմ, որ մոտ ապագայում իրենք միավորվելու են ու հանդես գան քաղաքական նախաձեռնության տեսքով։ Այնպես որ, թյուր կարծիք է, թե հասարակության մեջ ապատիա կա քաղաքականության նկատմամբ, և մարդիկ չեն ուզում փոփոխություններ։ Ուղիղ հակառակն է։ Եթե ճիշտ աշխատեն այդ մարդկանց հետ, եթե այդ մարդկանց ճիշտ կոչեր անեն, եթե այդ մարդկանց հետ հանդիպեն, քննարկեն, եթե գան համաձայնության, եթե այդ խմբերը գտնեն իրար, իրար հետ հանդես գան՝ շարժման, նախաձեռնության տեսքով, ապա ամեն ինչ էլ կստացվի։ Եվ ընդդիմությունը կամ ավելի լայն հասարակությունը կպայքարի այսօրվա իշխանության դեմ ոչ թե պառակտված անձ-կուսակցությունների տեսքով, որ կարող են ընդամենը ձայն «փախցնել» ընտրությունների ժամանակ, այլ հանդես կգան միասնական բևեռով, որը բավականին ծանրակշիռ կլինի։

- Դուք նաև մշակութային երկխոսության վերաբերյալ գրքի հեղինակ եք, կուզենայի նաև այդ տեսանկյունից ասեք։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավո՞ր է հարաբերությունների կարգավորում։

- Հարաբերությունների կարգավորումը միշտ հնարավոր է, դա ոչ թե հնարավորության և անհնարինության հարց է, այլ՝ նպատակահարմարության։ Դա քաղաքական նպատակահարմարության հարց է, որը մշակույթների երկխոսության հետ այս պահին ուղղակի  կապ չունի։

- Ի՞նչ նպատակահարմարության մասին է խոսքը, պարո՛ն Դեմիրճյան։

- Օրինակ, հիմա խոսվում է տնտեսական կապեր հաստատելու մասին։ Եթե դա նպատակահարմար գտնի իշխանությունն այն իմաստով, որ դա եկամուտ կբերի Հայաստանին, ինքը դա կարող է անել և, միգուցե, կանի։ Կարող է հակառակ փաստարկը բերվել, որ այստեղ կարող են շատ մեծ ներդրումներ անել ադրբեջանական ու թուրքական կողմերը, և դրա պատճառով Հայաստանի տնտեսությունը տուժի, դառնա միայն սպառողական, ոչ թե արտադրողական։ Եթե այդպես լինի, ուրեմն նպատակահարմար չէ այդ համագործակցությունը։ Այդ երկխոսությունը մշակութային չէ, այդ երկխոսությունը, համագործակցությունն առաջին հերթին տնտեսական ու քաղաքական է։ Իշխանությունն է որոշում համագործակցությունն այլ պետությունների հետ։ Ինքը դա որոշում է՝ ելնելով երկու սկզբունքից՝ անհրաժեշտությունից, անհրաժե՞շտ է արդյոք համագործակցել, և նպատակահարմարությունից։ Այնպես որ, այստեղ մեր և Ադրբեջանի ու Թուրքիայի մշակութային տարբերությունները, նույնիսկ հակասությունները չէ, որ առաջնային դեր են կատարում։ Չնայած դրանք էլ կան, և դրանց մեջ կան նաև անհաղթահարելի, սկզբունքային հակասություններ։

- Ադրբեջանն ու Թուրքիան համարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, բայց մեր կողմը պնդում է, որ պետք է դեօկուպացվեն Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքները։ Մինսկի խումբը նաև բանակցությունների կոչ է անում։ Ի՞նչ նախադրյալներ կան Ղարաբաղի շուրջ նորից բանակցություններ սկսելու։

- Դա էլ կախված է նրանից, թե որ հարթությունում է քննարկվում ու դիտարկվում խնդիրը։ Հիմա ղարաբաղյան կոնֆլիկտը երկո՞ւ պետությունների միջև է՝ Հայաստանի և Ադրբեջանի, երե՞ք պետությունների միջև է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի, տարածաշրջանայի՞ն կոնֆլիկտ է, թե՞ այդ կոնֆլիկտը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Դա բանակցային կողմերի, այդ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների, կառույցների, հարթակների խնդիրն է։ Ես ու Դուք չենք որոշում դա։ Իրենք այդ խնդրի կարգավորման պարտավորությունն են ստանձնել, իրենք են որոշում, թե որ հարթությունում քննարկել։ Շատ տարբեր են այդ չափանիշները։ Հիմա տարբեր կողմերից ազդակներ են հնչում։ Մեկն ասում է․ «վերադառնանք հին ձևաչափին», մեկն ասում է․ «նոր իրողություններ են, սրա հետ պետք է հաշվի նստենք»։ Դա մեր իշխանության, խնդրով զբաղվող միջազգային կառույցների և հարթակների համագործակցության հարցն է։ Եթե իշխանությունը պետականամետ, ազգանվեր սկզբունքներից է ելնում, այլ բան է ստացվում։ Եթե ելնում է նրանից, որ ինքը պետք է օբյեկտ լինի, ոչ թե սուբյեկտ այդ հարաբերություններում, ուրիշ բան է ստացվում։ Այս պահին մեր իշխանությունն ավելի շատ լռում է, քան ակտիվ մասնակցում։