«Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն». ԿԳՄՍ-ն արձագանքում է հոդվածին

«Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն». ԿԳՄՍ-ն արձագանքում է հոդվածին

Ի պատասխան hraparak.am կայքի դեկտեմբերի 10-ի «Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն» հրապարակման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Մկրտչյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու, ապա այն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանները հիմնված են եղել՝ ՀՀ կառավարության կրթության տեսչական մարմնի կողմից ուսումնարանում իրականացված ստուգման արդյունքների ակտի և կարգադրագրի, այնուհետև նույն մարմնի կողմից ներկայացված՝ դրանք անվավեր ճանաչելու մասին փաստաթղթի վրա: Ստորև ներկայացնում ենք գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը.

ՀՀ կրթության տեսչական մարմնի 2019 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 031․1/59240-19  գրության համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի N 209-Ա հրամանով ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան»  ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 7-12-ն իրականացվել է ստուգում՝ կառավարման և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը նպաստելու, կրթական գործունեության ռիսկայնությունը վերլուծելու, գնահատում իրականացվելու, ինչպես նաև տվյալների բազա ձևավորելու նպատակով՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի ստուգաթերթերի: Համաձայն գրության՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, որի արդյունքում 05.11.2019թ. կազմվել է N24 ակտը և որի հիմքով ուսումնարանի տնօրեն Գ. Մկրտչյանին տրվել է 18.10.2019թ. N Ու-79 կարգադրագիրը: 

Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի 05.11.2019թ. N 24 ստուգման ակտը և «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մկրտչյանի բացատրությունը՝ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի նոյեմբերի 20-ի N 968-Ա հրամանով աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1 հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետի պահանջը խախտելու համար (01.09.2016թ. N 221 հրամանով Ազատ Ավալյանն ընդունվել է որպես «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ, Ա.Ավալյանն ավարտել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը «Իրավագիտություն» մասնագիտությամբ, ունի ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան), «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Մկրտչյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»  կարգապահական տույժ:

ՀՀ կրթության տեսչական մարմնի 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 031.1/68743-19  գրության համաձայն՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին ուսումնարանի տնօրենը N 01/ու-247 գրությամբ բողոքարկել է N24 ակտը, որը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջի, գրությունն ուղարկելու ընթացքում քննարկվել է տեսչական մարմնում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նույն գրությամբ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ԿԳՄՍ նախարարին առաջարկել է կասեցնել ուսումնարանի տնօրենի նկատմամբ իրականացվող պաշտոնային պարտականությունների կատարման թերացմամբ պայմանավորված գործընթացը, մինչև քննարկման արդյունքների վերջնական ամփոփումը, որի մասին, ըստ գրության, լրացուցիչ պետք է տեղեկացվեր:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 01/02/915-2019 գրության համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի` 2019 թվականի  հոկտեմբերի 1-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում ստուգում իրականացնելու մասին» N209-Ա հրամանի համաձայն, 2019 թվականի հոկտեմբերի 7-12-ն իրականացված ստուգման արդյունքում կազմված 2019 թվականի նոյեմբերի 5-ի N24 ստուգման ակտը և դրա հիման վրա տրված՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի NՈւ-79 կարգադրագիրն անվավեր են ճանաչվել՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջների խախտմամբ կազմվելու համար:

Ստուգման ակտը և կարգադրագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ տեղեկացվել է նաև «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին:

Վերոգրյալի հիմքով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախարարի 2019 թվականի նոյեմբերի 29-ի N 1028-Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի նոյեմբերի 20-ի «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Մկրտչյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին N 968-Ա հրամանը:

Միաժամանակ, ՀՀ կրթության տեսչական մարմնին առաջարկվել է «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում առաջիկայում իրականացնել նոր ստուգում՝ հաշվի առնելով ստուգմամբ բացահայտված խախտումների ծավալը և բովանդակությունը: