Դանիել «իրազեկիչ» կամ բարոյական դեֆիցիտ

Դանիել «իրազեկիչ» կամ բարոյական դեֆիցիտ

Հայաստանում «իրազեկ մարդկանց» շեֆը՝ Դանիել Իոաննիսյանը, դեմ է վարչապետ Փաշինյանի հրաժարականին․ նրա պնդմամբ՝ որեւէ երկրի ղեկավարի համար պարտությունը երբեք չի համարվել այնպիսի հիմնավոր պատճառ, որ վերջինս կամովին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Հետեւաբար եւ բնականաբար՝ ինչո՞ւ պիտի հեռանա Ն․ Փաշինյանը։ Վերջինիս հանդեպ Իոաննիսյանի անմարելի սերը միանգամայն բնական է եւ իր պատճառներն ունի․ Նիկոլի օրոք է Դանիելը «պատվվել» ինստիտուցիոնալ մակարդակով՝ իր ֆիզիկոս տեղով վարչապետի որոշմամբ դառնալով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, իրավունք ստանալով զբաղվելու նաեւ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու աշխատանքներով։ Նիկոլի օրոք է, որ Իոաննիսյանի հիմնարկին պետական բյուջեից միլիոնավոր (կարծեմ՝ 17 միլիոն) դրամ է հատկացվել՝ Արցախի նախագահի ընտրությունները «դիտարկելու» համար։ Կարճ ասած՝ Դանիելն ունի բավարար հիմքեր՝ Փաշինյանի հրաժարականի պահանջ դնողներին առնվազն չսիրելու համար։

Բայց Դանիելը, ինչպես ինքն է պնդել դեկտեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, «տանել չի կարողանում, երբ մարդկանց խաբում են», եւ իր այդ հոգեվիճակը վերջին շրջանում դրսեւորում է՝ ստանձնելով ՀՀ գլխավոր «մարդահամարի»՝ մարդ հաշվողի պարտականությունը։ Այո, երիտասարդը զբաղված է բացառիկ հայրենանվեր գործով՝ հաշվում է ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին (ըստ նրա՝ վերջին հանրահավաքում, օրինակ, մարդկանց թիվը հազիվ կազմել է 7400․ պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՛նչ աներեւակայելի ներդրում է հայ ժողովրդի ապագա ստուգապատում պատմագրության մեջ)։

Բայց արի ու տես՝ սուտը ոչ մի կերպ «տանել չկարողացող» Դանիելը, պաշտոնանկության «արհավիրքից» շեֆին պաշտպանելու համար, ինքն էլ չի խորշում ստեր դուրս տալ, ընդ որում՝ բացառիկ, շեֆը կասեր՝ աննախադեպ ստեր։  «Դուք ասում եք, որ պարտված ղեկավարը պետք է գնա, բերեք մի այդպիսի օրինակ, որ գնացել է»,- ասել է նա։ Նա,  անշուշտ, խոսում է երեւույթի գլոբալ դրվածքի մասին։ Եվ քանի որ սույն երիտասարդը, օրենսգիտությունից անիրազեկ լինելով՝ փաստորեն ավելի անմխիթար վիճակում է քաղաքագիտությունից, հիշեցնում եմ մի քանի համեմատաբար թարմ օրինակ, թե ինչպես է պարտված ղեկավարը «գնացել»։

«Գնացել» է, օրինակ, Հասան Դիաբը՝ Լիբանանի վարչապետը, որ հրաժարական է տվել Բեյրութի 2020 թ․ պայթյունների պատճառով։ «Գնացել» է Յուկիո Հաթոյաման՝ Ճապոնիայի վարչապետը, որի հրաժարականի պատճառը Օկինավա կղզում ամերիկյան ռազմական բազան փակելու նախընտրական խոստումը չկատարելն էր։ «Գնացել» է  Հունգարիայի նախագահ Պալ Շմիթը, որը հրաժարական է տվել գրագողության սկանդալի պատճառով։ «Գնացել» է Ստանիսլավ Գրոսը՝ Չեխիայի վարչապետը, կոռուպցիայի մեղադրանքների պատճառով։ «Գնացել» է, պատկերացրեք, Կավսամ Ուտիմը՝ Մավրիկիոսի նախագահը, որի հրաժարականը կապված էր հակաահաբեկչական հակասական օրենսդրություն ստորագրելուց հրաժարվելու հետ․․․ Ցանկը երկար կարելի է շարունակել։ Ինչպես ընթերցողը նկատեց՝ թվարկված բոլորը հրաժարական են ներկայացրել բարոյական դրդապատճառներով։

Իսկ եթե Դանիել «իրազեկիչի» համար արցախյան խայտառակ պատերազմում 5000-ից ավելի զոհերը, տասնյակ հազարավոր վիրավորները, անհետ կորածները, հարյուրավոր գերիները, բզկտված եւ բզկտվող հայրենիքը բարոյական պատասխանատվություն չեն ենթադրում այդ ամենի «թիվ մեկ պատասխանատուի» համար, ուրեմն գործ ունենք բարոյական աննախադեպ դեֆիցիտի հետ։ Իսկ ավելի ստույգ՝ բացակայության։