Ինչո՞ւ էին ոստիկանները հսկում Գյումրու կենտրոնական շուկայի հարակից տարածքը

Ինչո՞ւ էին ոստիկանները հսկում  Գյումրու կենտրոնական շուկայի հարակից տարածքը
լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Երեկ Գյումրու Շահումյան 131 հասցեում ոստիկանական ուժեր են կենտրոնացել: Ինչպես տեղեկացանք, պատճառը ոչ թե արտակարգ դրությունն էր, այլ՝ տարածքում գտնվող շինություններից մեկի ապամոնտաժումը, որն այնքան էլ հարթ չի ընթացել: Բանն այն է, որ շինության սեփականատերը հրդեհային ելքի կառուցման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որտեղ ժամանակին տնակ էր տեղադրված: Քաղաքապետարանի աշխատակիցները պահանջել են շինարարական աշխատանքները դադարեցնել, քանի որ ապօրինի է:

Սեփականատեր Լյովա Գաբոյանը հակառակվել է, որ դրանք շինարարական աշխատանքներ չեն, ընդամենը աստիճաններ են տեղադրում: Սեփականատիրոջ խոսքերով՝ ինքն ունի նաև համապատասխան թույլտվություն: Ուշագրավ է, որ ժամանակին տարածքից հեռացված տնակի տերն էլ պնդում է, որ տարածքը պատկանում է իրեն, սակայն որոշ փաստաթղթային խնդիրներ կան: Ահա այսպիսի խառնաշփոթ, որից փոքր-ինչ աղմուկ է բարձրացել: Տարածքի առևտրականների խոսքերով՝ իրենք էլ գլուխ չհանեցին, թե իրականում ով էր ճիշտ, ով` սխալ: Միայն գիտեն, որ տնակի տերը մահացել է, ու նրա կնոջն այսօր չի հաջողվում ապացուցել, որ տարածքի վարձակալն ինքն է: «Էդ տնակը, որ խանութ էր, Լյովան հանել տվեց, որ իր օբյեկտը մեծացնի, չիդեմ՝ իրավունք ուներ, թե չուներ, բայց դե, պատճառ դառավ, որ էսպես բոլոլա էղնի»,-ասաց  բնակիչներից մեկը:

Ստեղծված իրավիճակի հետ կապված` Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է. «Քաղաքացի Լ. Գաբոյանի կողմից օրեր առաջ տվյալ տարածքում, առանց թույլտվության, մեկնարկել էին արտաքին աստիճանների կառուցապատման աշխատանքներ: Ապօրինի գործողությունների իրականացման մասին համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակիցները զգուշացրել էին ու նաև նշել, որ այն պետք է ապամոնտաժել:

Համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ԺՊ Աղասի Ղազարյանը բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժման պահանջով գնացել էր տարածք: Տարածք էր ներկայացել նաև Լ. Գաբոյանը, ովպատճառաբանություններ էր բերում այն չապամոնտաժելու համար, միաժամանակ փորձում խոչընդոտ հանդիսանալ ապամոնտաժման աշխատանքներին:
Ապամոնտաժման աշխատանքների ընթացքում հասարակական կարգի պահպանման համար տարածքում էին ոստիկանները: Չնայած որ պարբերաբար իրականացվում էին ապամոնտաժման աշխատանքների խոչընդոտման գործընթացներ, բայց, այնուամենայնիվ, մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում ապօրինի շինությունն ապամոնտաժվեց:

Նախկինում տվյալ տարածքում տեղադրված է եղել տնակ, որը համայնքապետարանի հետ ունի հողի վարձակալության պայմանագիր: Տվյալ տնակը քաղաքացի Լ. Գաբոյանի կողմից տեղահանվել էր ու տեղադրվել այդ հատվածում: Տնակը նախկին տեղում տեղադրելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»: