Վարչապետը խուսափում է տեսակետ հայտնել

Վարչապետը խուսափում է տեսակետ հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ առնչվող 6 սկզբունքներ, որոնք են․ 

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Ինչպես արդեն նշել ենք, Ալիև-Փաշինյան «Մյունխենյան» դեբատն ինքնին սովորական երևույթ էր և ամենևին էլ կարիք չկա չափազանց մեծ նշանակություն տալ դրան, ոչ դրական և ոչ էլ բացասական իմաստներով։ Դեբատի ժամանակ վերոհիշյալ 6 կետերի արծարծումը նույնպես օրինաչափ էր ու տրամաբանական։ Բայց խնդրի էությունը արմատապես փոխվում է, երբ փորձ է արվում այդ կետերը ներկայացնել որպես հակամարտության կարգավորման սկզբունքներ։ Այս պարագայում թերևս տեղին կլինի միանգամից արձանագրել, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես կարգավորման սկզբունքներ։ 6 կետերը ընդամենը բարի ցանկություններ են, որոնք կարող են հնչել հրապարակային քննարկումներում կամ էլ բանավեճերում, բայց ոչ ավելին։ 

Ընդհանրապես պետք է արձանագրենք, որ ոչ միայն այս 6 կետերի հանգամանքներն են մշուշոտ, այլ նաև վարչապետ Փաշինյանը ներգրավվածությունը բանակցային գործընթացում։ Խնդիրն այն է, որ նա համառորեն հրաժարվում է տեսակետ հայտնել բուն գործընթացի վերաբերյալ և փորձում է խուսանավել երբեմն անհասկանալի և երբեմն իրարամերժ ձևակերպումների համատեքստում։ Փաշինյանը մի կողմից առաջնային պլան է մղում երկարաժամկետ խաղաղության անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից էլ հրաժարվում է գործել այն խաղի կանոնների շրջանակներում, որոնք սահմանված են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ 

Կարելի է ենթադրել, որ վարչապետը ցանկանում է հանդես գալ status quo-ի պահպանման դիրքերից, այսինքն շարունակել այն գիծը, որը որդեգրել էին երկրորդ և երրորդ նախագահները։ Պետք է խոստովանել, որ ամեն դեպքում Քոչարյանն ու Սարգսյանը այդ մոտեցումը շատ ավելի հմտորեն էին կիրառում։ Վերջիններս խուսանավում էին գործընթացին մասնակցելով և դրա միջոցով խուսափում էին փակուղուց։ Իսկ Փաշինյանը Երևանին դուրս է թողնում գործընթացից՝  ինքն իրեն շրջապատելով ականներով։ 

Ակնհայտ է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չափազանց բարդ դրության մեջ է հայտնվել։ Ներքին և արտաքին ճնշումները թույլ չեն տալիս նրան վճռականություն ցուցաբերել։ Մի կողմից նա վախենում է հանրության ազգայնական դրսևորումներից, քանի որ հակամարտության վերաբերյալ որևէ տեսակետի արծարծումը կարող է դժգոգության մեծ ալիք բարձրացնել և փոշիացնել նրա բարձր վարկանիշը, իսկ մյուս կողմից էլ գնալով մեծանում են ճնշումները համանախագահների կողմից, որոնք ստիպում են կոնկրետ քայլեր ձեռնարկել և վաղ թե ուշ նոր կամ էլ թարմեցված փաստաթուղթ են դնելու բանակցային սեղանին։ Ի դեպ կանխատեսվում է, որ նոր փաստաթուղթը շատ ավելի վատն է լինելու, քան այն մեկը, որը Փաշինյանի կողմից որակվեց որպես սերժսարգսյանական ժառանգություն։ 

Փաստենք, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում հեղափոխական հորջորջվող կառավարությունը չկարողացավ որևէ հեղափոխական մոտեցում ցուցաբերել։ Նրանք նույնիսկ չհամարձակվեցին փոխել նախորդ իշխանությունների ազգայնական-պահպանողական հռետորաբանությունը։ Դա էլ ժառանգեցին և էլ ավելի կատարելագործեցին՝ 21-րդ դարի ամենաբարդ էթնողաքաղաքական կոնֆլիկտներից մեկի կարգավորումը բարդելով Ագորայի պատասխանատվությանը։