Մեկնարկում է Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկում է Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 14-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում եւ Երեւանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան եւ տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում: Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կհրավիրվեն զանազան համերգների, քննարկումների եւ էքսկուրսիաների: Իսկ երեկոյան բոլորը կհավաքվեն Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում՝ մասնակցելու բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաեւ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված է 9 կարճամետրաժ եւ 11 լիամետրաժ կինոնկար՝ աշխարհի 15 երկրից (Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից եւ այլն): Սա շատ բազմազան ծրագիր է, որտեղ ներառված են թե՛ ազգագրական վավերագրություններ, թե՛ ավելի փորձարարական ֆիլմեր, որոնք հատում են խաղարկայինի ու ոչ խաղարկայինի սահմանը, ինչպես նաեւ ֆիլմեր, որոնք անդրադառնում են մերօրյա աշխարհի սուր քաղաքական ու սոցիալական խնդիրներին: Հաղթողներին ընտրելու է փառատոնի եռանդամ ժյուրին, որի կազմում այս տարի ընդգրկված են կինոգետ, կինոպատմաբան, Հարավսլավական կինոարխիվի նախկին տնօրեն եւ «Filmograf» ամսագրի գլխավոր խմբագիր Բոժիդար Զեչեւիչը (Սերբիա), կինոպրոդյուսեր, Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի աշխատակից եւ Մոսկվայի «Դոկեր» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Մարիա Չուպրինսկայան (Ռուսաստան) եւ ֆիլմերի իրավունքների ձեռքբերման մասնագետ Շահեն Բազիլը (Իրան):

Բացման արարողությունը կմեկնարկի ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուեւի «Վերջին օրը» կարճամետրաժի ցուցադրությամբ: Ռաստորգուեւը ողբերգաբար զոհվել է 2018 թվականի հուլիսին՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Վերջին օրը» ֆիլմն ուշագրավ է նաեւ նրանով, որ բոլորովին յուրօրինակ դիտանկյունից է ցուցադրում հայկական թավշյա հեղափոխության եզրափակիչ ժամերը՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի աչքերով: 

Փառատոնի հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին, Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, եւ կպարգեւատրվեն հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: