«Լեդիներ եւ համիլտոններ․․․»

«Լեդիներ եւ համիլտոններ․․․»

Մոսկովյան օլիմպիադայի նախoրյակին`1980 թվականի ամռանը, այստեղ կայացավ ֆուտբոլի մի ոչ սովորական ընկերական խաղ` ասպարեզ էին մտել Սովետները եւ Անգլիան ներկայացնող վետերանները։ Այդ բարեկամական հանդիպումը նվիրված էր երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո ֆուտբոլի հայրենիք մեկնած Մոսկվայի դինամոյականների մեծ վերելքով անցկացրած հյուրախաղերին։ Ճիշտ է, հարկ է խոստովանել, որ այդ մրցամարտերն արդյունավետ անցկացնելու նպատակով, «Դինամոն» համալրել էին այլ առաջատար ակումբների մի քանի ընտրյալ ֆուտբոլիստներ, մասնավորապես՝ բանակայինների թիմի գլխավոր ռմբարկու Վսեվոլոդ Բոբրովը։
Անգլիայում ռուսական թիմը, վստահ կարելի է ասել, հրաշքներ գործեց, անցկացրած չորս խաղից շահելով երկուսը` 4:3 հաշվով պարտության մատնելով հանրահայտ «Արսենալին» եւ 10:0 անսովոր արդյունքով ջախջախիչ առավելության հասնելով «Կարդիֆ Սիթիի» նկատմամբ։

Մյուս երկու խաղերում գրանցվեցին ոչոքիներ․ 3:3` «Չելսիի» եւ 2:2՝ «Ռեյնջերսի» հետ հանդիպումներում։ Իսկ մրցելույթների ընդհանուր ցուցանիշը, ինչպես տեսնում եք, 19:9 է։ Հենց այս հավաքական արդյունքն էլ դարձավ մոսկվացիների ուղեւորությանը նվիրված գրքույկի անվանումը, գրքույկ, որը լույս տեսավ նույն 1945 թվականին։ Այստեղ պաթոսով խոսք էր գնում խորհրդային թիմի բացառիկ հաջողությունների մասին։ Մեծ տեղ էր տրվել նաեւ անգլիացի լրագրողների մեկնաբանություններին, որոնցում գովեստի շռայլ գնահատականներ կային հատկապես Կրիժեւսկու, Սեմիչաստնու, Բոբրովի, Բեսկովի, Բլինկովի վարպետության մասին, իսկ դարպասապահ Խոմիչին պարզապես անվանել էին «Վագր»։ Բայց գրքույկում, հաջողություններին զուգահեռ, չէին մոռացել հիշեցնել  նաեւ զվարճալի ու զավեշտալի միջադեպերը։ Դրանցից մեկն էլ կայացավ Լոնդոնի հայտնի հյուրանոցներից մեկում, որտեղ մոսկվացիների` տուն վերադառնալուց առաջ կազմակերպվել էր ճոխ ճաշկերույթ։ Հասկանալի է, եղան եւ բաժակաճառեր, բնական է՝ շնորհակալական խոսք պետք է հնչեր նաեւ հյուրերից գոնե մեկի կողմից։ Հեշտ չէր ընտրել նման իրավիճակում իրեն համարձակ դրսեւորող որեւէ մեկին։ Ի վերջո, նպատակահարմար գտնվեց այդ լուրջ դերակատարումը վստահել Ալեքսեյ Խոմիչին` «Վագրին»։

Անգլերենին չտիրապետելով հանդերձ, նա համաձայնություն տվեց, բայց, չգիտես ինչու, անմիջապես վերհիշեց վերջերս դիտած անգլիական «Լեդի Համիլտոն» ֆիլմը եւ իր «ճառն» այդպես էլ սկսեց` «Լեդինե՛ր եւ համիլտոննե՛ր...»։ Մնացածը դահլիճում նստածները չլսեցին։ Ուրախ աղմուկը, որը դարձավ այդ երկու բառի անմիջական արձագանքը, խլացրել էր ամեն ինչ...

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ