Ովքեր եվ ուր կարող են մեկնել փակ աշխարհում

Ովքեր եվ ուր կարող են մեկնել փակ աշխարհում

Կորոնավիրուսի «կարանտինում» գտնվող Հայաստանում սահմանները ՀՀ շարքային քաղաքացիների համար շուրջ մեկ տարի՝ 2020-ի մարտի 16-ից փակ են, ու հայտնի չէ, թե դեռ որքան են փակ լինելու։ Բայց լսում ենք, որ ինչ-որ մարդիկ ժամանում են արտերկրից կամ մեկնում։ Ընդ որում, ոչ միայն երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները, այլեւ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք։ Խոսքը, ընդ որում, միայն պաշտոնատար անձանց մասին չէ։

Ինչպես տեղեկացանք ավիատոմսերի առքուվաճառքով զբաղվող զբոսաշրջային ընկերություններից մեկից, ՀՀ շարքային քաղաքացիները կարող են մեկնել եւ ժամանել 5 երկիր․ ԱՄԷ, Եգիպտոս, Մալդիվյան կղզիներ, ԱՄՆ՝ B1, B2 կարգի վիզա ունենալու դեպքում, Բելառուս, Ուկրաիա եւ ՌԴ, եթե ունեն հիմք։ «Հիմք» նշանակում է՝  «вид на жителство» կա՛մ ընտանիքի հետ վերամիավորում։ «Հայր, մայր, կին, երեխա, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, կարող են մեկնել»,- ասացին մեզ: Բնականաբար, մեկնելուց հետո տվյալ երկրներում պետք է իրականացվեն ընդունող երկրների կարանտինային միջոցառումները․ թեստ, 14-օրյա մեկուսացում։ 

Նշենք, որ զբոսաշրջության հաշվին ապրող Եգիպտոսը, օրինակ, սա անում է իր հաշվին։ ԱՄՆ մուտքի թույլտվությունը գործելու է այս տարվա հունվարի 26-ից՝ քովիդ-19-ի բացասական թեստի առկայության պայմաններում։ Այս մասին հայտնեցին դեսպանությունից։ Ըստ այդմ՝  օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդած 3 օրվա կամ 72 ժամվա ընթացքում թեստ հանձնեն եւ թռիչքի ներկայանան տեղեկանքով։ Ի տարբերություն, Եվրոպան ամբողջովին փակ է։ Տուրիստական ընկերության աշխատակցուհին հայտնեց՝ եվրոպական երկրներ թույլատրվում է միմիայն սովորելու համար՝ ազգային վիզա ունենալու կամ այլ հիմքերի դեպքում․ բուժում կամ ընտանիքի վերամիավորում։

Երեկ ողջ հանրապետությունը նայում էր, թե ինչպես է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երկու դուստրերի հետ մեկնում Մոսկվա։ Ինչպես տեղեկացանք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, Հայաստանի բոլոր ղեկավարների ընտանիքները, համաձայն  «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի, ունեն դիվանագիտական անձնագրեր։
Նրանց հասնում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով։ Այս անձնագրերով արտասահման են ուղեւորվում նաեւ կառավարության անդամներն ու փոխնախարարները։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո ԱԳՆ-ն չեղարկեց դիվանագիտական անձնագրեր ունեցող նախկինների 254 հոգանոց ցուցակ։ Սակայն հետագայում տեղեկացանք, որ մոտ 800 անձ՝ ընդհանուր հաշվով, Հայաստանում ունի դիվանագիտական անձնագիր։ Դիվանագիտական անձնագրերը, ինչպես հայտնի է, կանաչ ճանապարհ են աշխարհի ցանկացած անկյուն մեկնելու համար։ Միակ բացառությունն ԱՄՆ-ն է, ուր մեկնելու համար միայն դիվանագիտական անձնագրի առկայությունը բավարար չէ․ ԱՄՆ-ից պետք է պաշտոնական, ինչպես նաեւ անձնական կամ որեւէ պաշտոնական միջոցառման մասնակցելու նպատակով հրավեր լինի։