Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդն Էրդողանին պատվի չի առնում
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է արել սոցհարթակներում, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առնչվող լուրերի տարածմանը:
Ինչպես հաղորդում է Էրմենիհաբեր-ը, հայտարարության մեջ ասվում է. «Որոշ սոցիալական էջերում տարածվող լուսանկարների հետ կապված այն պնդումները, թե «Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը պատվի չի առնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին» չեն արտահայտում ճշմարտությունը»:
Բացի այդ, հայտարարության տեքստից պարզ է դարձել, որ նկարում երևացող զինվորականը, ով պատվի չի առել Էրդողանին, եղել է Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը:
Նշենք, որ վերջերս Թուրքիայի նախագահի մասնակցությամբ կայացած միջոցառումներից մեկի ժամանակ, Էրդողանին դիմավորելիս, բոլոր զինվորականները, բացի մեկից, ոտքի էին կանգնել և պատվի առել նախագահին:
Պատվի չառած զինվորականի պահվածքը հայտնվել էր սոցցանցերի թուրքական տիրույթի օգտատերերի ուշադրության կենտրոնում, ովքեր էլ դեպքը վերագրել էին միջոցառմանը ներկա ողջ զինանձնակազմին՝ շեշտելով, որ թուրք զինվորականներն Էրդողանին այլևս պատվի չեն առնում:
Կարծիքներ