Սահմանը փակելու անհրաժեշտություն չեն տեսնում 

Սահմանը փակելու անհրաժեշտություն չեն տեսնում 

Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ անհրաժեշտություն չկա փակելու ռուս-վրացական սահմանը եւ դեռեւս միայն ուժեղացվել է սահմանային անցակետերում հսկողությունը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի քաղաքացիները տարիներ շարունակ ազատ այցելում են Վրաստան, եւ դրա համար այժմ այդ պրոցեսին խոչընդոտելու կարիք ամենեւին չկա։ Վերին Լարս անցակետի ռուսական կողմում սահմանի հատմանը սպասող մեքենաների շարքի երկարությունը արդեն հասել է 25 կմ՝ մոտենալով Վլադիկավկազ քաղաքին։

Ամեն օր Վրաստան մուտք է գործում մոտ 10 հազար ռուս, ինչը 40-45 տոկոսով ավելին է, քան նախքան ամսի քսանմեկն ունեցած ամենօրյա ցուցանիշը, երբ Վրաստան մուտք էր գործում մոտ 6 հազար ՌԴ քաղաքացի։ Նախարարը նաեւ ասել է, որ վրացական ընդդիմությունը սխալ թիվ է ներկայացնում, ասելով, որ Վրաստանում 100 հազարից մինչեւ երկու միլիոն ՌԴ քաղաքացի կա։ Ընդ որում, Վրաստան ժամանած ՌԴ քաղաքացիների 60 տոկոսն արդեն հեռացել է Վրաստանից, շեշտել է նա։