Նոբելյան խաղաղության մրցանակ-2024․ քանի՞ մարդ է առաջադրվել

2024 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին, որը կշնորհվի աշնանը՝ Նորվեգիայում, հավակնում է 285 թեկնածու։ Այդ մասին ասված է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հեղինակավոր մրցանակի համար առաջադրվել է 196 մարդու և 89 կազմակերպության թեկնածություն։
Մեկ տարի առաջ ինստիտուտը գրանցել էր 351 անվանակարգ, իսկ դրանց քանակով ռեկորդը սահմանվել էր 2016 թվականին՝ 376։
Հավակնորդների ամբողջական ցուցակն ավանդաբար խիստ գաղտնի է պահվում։ Չնայած դրան, ամեն տարի որոշ թեկնածուների առաջադրման մասին տեղեկատվությունը հայտնվում է մամուլում՝ առաջադրելու իրավունք ունեցող կազմակերպությունների կամ անհատների կողմից։ Նրանց թվում են Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին և ներկա անդամները և խորհրդատուները, խաղաղության մրցանակի նախկին դափնեկիրները, ազգային խորհրդարանների անդամներ և համալսարանի դասախոսներ, որոնք մասնագիտացած են պատմության, փիլիսոփայության, իրավունքի կամ աստվածաբանության մեջ:
Ավելի վաղ նորվեգական և համաշխարհային լրատվամիջոցները հայտնել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յանս Ստոլտենբերգի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոյի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտերեշի թեկնածությունների մասին։
Բացի այդ, ցանկում նշվել են Եվրոպայի խորհուրդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Արդարադատության միջազգային դատարանը (ՄԱԿ), ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը և այլն։
Մրցանակի թեկնածուներին հնարավոր էր առաջադրել մինչև հունվարի 31-ը, այս ժամկետից հետո առաջադրման իրավունքը պահպանում են միայն հանձնաժողովի անդամները, որոնք կարող են օգտվել դրանից իրենց առաջին հանդիպման ժամանակ, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին։
Այս տարի կոմիտեի նոր նախագահ է նշանակվել Յորգեն Վատնե Ֆրյուդնեսը։ 2021 թվականին նա դարձել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ամենաերիտասարդ անդամը, իսկ այժմ 40-ամյա ակտիվիստն ու քաղաքական գործիչը հեղինակավոր Կոմիտեի ամենաերիտասարդ նախագահն է:
Կարծիքներ