«Քաղաքակիրթ» գործընթացի դրսևորումները
Որքան հիշում եմ, մի անգամ արդեն անդրադարձել եմ գործող իշխանության ու խորհրդային ժամանակների իշխանությունների զարմանալի նմանությանը: Զարմանալի, որովհետև ԽՍՀՄ-ը համարվում էր, նախ, բռնատիրական երկիր: Իսկ Նիկոլի վարչապետությամբ Հայաստանն իբրև թե ազատ, ժողովրդավարական երկիր է: Երկրորդ, հասարակարգը սոցիալիստական էր, ինչը նշանակում է, որ համարյա ողջ սեփականությունը հանրային էր: Ու, ըստ այդմ, ոչ մեկինը: Այժմ երկրում ձևականորեն առկա է լիբերալ-ազատական տնտեսություն: Երրորդ, իշխանության իրական կրողը սահմանադրորեն ամրագրված՝ կոմունիստական կուսակցությունը: Այժմ ձևականորեն ժողովուրդն է, իսկ իրականում՝ մեկ անձը: Չորրորդ, սուտն ու կեղծը կյանքի անբաժան ուղեկիցներն էին, նաև են: Հինգերորդ, կարիերա անելու համար անհրաժեշտ էին ոչ թե անհատական ինչ-ինչ կարողություններ, այլ «խծբ» բանաձևում ընդգրկված որևէ անձի առկայությունը: Նույնն էլ հիմա է: Վեցերորդ, առանձին բացառություններով բարձրագույն ուսումը «խծբ»-ով էր կամ փողով: Հիմա, առանձին բացառություններով մատնված է անտերության: Յոթերորդ … (ցանկության դեպքում ցանկը կարելի է շարունակել):
ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո շատ բաներ ժառանգվեց նորանկախ Հայաստանին: Ինչը բնական էր, քանի որ անկախություն ձեռք բերելն այնպիսի գործընթաց չէ, որի հետ միասին փոխվում է նաև տվյալ երկրի բնակչության մտածողությունը: Համենայն դեպս, նման օրինակներ կարծես թե չկան, իսկ հակառակն առկա է ամենուրեք: Չէ, սխալ բան ասացի՝ մտածողությունը փոխվում է, բայց ոչ թե բարելավվում է, այլ ավելի է վատանում: Եվ դրա պատճառը հանրային ունեցվածքի մասնավորեցման գործընթացն է: Որի ժամանակ ի հայտ է դուրս գալիս մարդկային ողջ ագահությունը, որ թաքնված էր խորհրդային հասարակարգի պայմաններում: Եվ եթե մարդը փոխվում էր, ապա դեպի վատը. լոռեցիք կասեին՝ դբա վատը: Նույնն էլ չէր կարող չկատարվել Հայաստանում, ու այն տեղի ունեցավ:
2018 թվականի գարնանային իրադարձությունների հիմնական դրդապատճառը խորհրդայինի կարգերից ժառանգված ու նոր ձեռք բերված՝ նախորդ իշխանությունների օրոք տիրող իրավիճակն էր: Համենայն դեպս, այդպիսին էր հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածի դեպքում: Ու դա գիտակցելով՝ երբեմնի «դուխով» Նիկոլը պոպուլիստական կարգախոսներից բացի խոստանում էր նաև վերականգնել նախկինների օրոք կորսված արդարությունը: Եվ եթե նույնիսկ տեսականորեն վերացարկվենք Արցախի կորստից ու հանրապետության անվտանգության սպառնալիքներից, ապա ներքին կյանքը՝ նրանում տեղի ունեցածով հանդերձ, կարելի է համարել ոմանց համար դրախտավայր, իսկ մեծամասնության համար՝ դժոխքի պարունակներ: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ովքեր են «ոմանք»-ը, իսկ այդ կեղծ էլիտայից դուրս կարող են լինել գրագետներ և պողոսներ, ինչպես նաև հայրենասերներ ու թուրքանման հայեր:
Եվ եթե փորձենք բնորոշել նշված «ոմանք»-ի էությունը, ապա պետք է ընդունենք, որ ունենք իշխանություն և գործարարներ, որ զուրկ են հայրենիքի զգացողությունից: Դրանց միավորում է փող կամ ունեցվածք դիզելու հանգամանքը: Հայի ասած՝ «Որտեղ հաց՝ ընդեղ կաց» ասացվածքը դրանց համար ընդամենը տվյալ դեպքում նույնականանում է հայրենիքի հետ: Վաղը կարող է նույնականանալ Հունաստանի կա՛մ եվրոպական որևէ այլ երկրի հետ: Ինչևէ, այս տխուր մտքերի պատճառը նիկոլական հերթական կեղծ հաղորդագրությունն էր՝ ուղղված առաջին հերթին պողոսներին, իսկ այնուհետև նաև հասարակության մնացած մասին: Վերջիններիս առումով, իհարկե, ձեռառնոցիի երանգավորմամբ: Խոսքը վերաբերում է հանրային տրանսպորտում նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած՝ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի, ինչը քաղաքային իշխանության կարծիքով, «համալիր բարեփոխման ծրագիր է», առաջին փուլին:
Այն, քաղաքապետարանի բառապաշարով ասած, նպաստում է «քաղաքացիների համար հանրային տրանսպորտից օգտվելու քաղաքակիրթ գործընթաց ապահովելուն»: Փաստորեն, մետրոյի կայարաններում առկա աննորմալ հերթերը քաղաքակիրթ գործընթացի դրսևորում են: Քաղաքակիրթ գործընթացի դրսևորում է նաև 100 դրամանոց մետաղադրամների փնտրտուքը բանկերում և զանազան խանութներում: Սա այն դեպքն է, երբ ցանկանում ես, որպեսզի նույն «երջանկությունը վայելեն» այդ ծրագրի հեղինակները: Չնայած գիտակցում ես, որ «պադավատի» դեմ կռիվ անող Փաշինյանի իշխանության երկրորդական ու երրորդական չինովնիկներն են վաղուց դարձել «պադավատների» ուղևորներ: Եվ բնական է, որ մարդիկ սոցցանցերում անիծում, հայհոյում և կամ նույնիսկ հումորի են վերածում այդ ծրագիրը: Ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանից «ավետում» են. «Այն պատկերը, որն այս երեք օրվա մեջ տեսնում ենք, հուշում է, որ մեր հաղորդագրությունները քաղաքացիներն ըմբռնել են և կողմ են բարեփոխումներին»։ Այդ կեղծիքը գործող իշխանության ու նախկին խորհրդային իշխանության նմանության լավագույն հավաստումներից մեկն է:
Կարծիքներ