Հայաստանում ոչ մի բռնագաղթված անտուն չի մնա, եթե բոլորն աշխատեն Մասիսի համայնքապետարանի նման

Հայաստանում ոչ մի բռնագաղթված անտուն չի մնա, եթե բոլորն աշխատեն Մասիսի համայնքապետարանի նման

Արցախից բռնագաղթված ընտանիքների առաջին եւ մեծ հոսքը Վայքից հետո հանգրվանել է Մասիս խոշորացված համայնքում: Այստեղ արդեն գրանցվել է 7000 արցախցի բռնագաղթված: Արդեն չորրորդ օրն է՝ համայնքապետարանի բակն ու միջանցքները, գրանցման սենյակը լիքն են փախստականներով: Նրանց կացարանով ապահովվելու հարցով լծված է համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ:  Գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց տներում ժամանակավոր հանգրվան են տվել բռնագաղթվածներին: Աշխատակազմը Մասիս քաղաքում եւ մյուս վարչական շրջաններում փնտրում-գտնում են ազատ տներ, որտեղ մարդիկ երկար տարիներ չեն բնակվում, գտնում են նաեւ դրանց տերերին, համոզում, հորդորում, որ այդ տները ժամանակավորապես հատկացնեն դրսում մնացած մեր հայրենակիցներին: Շատերն արդեն ապահովվել են վարձով բնականարով, շատերի բնակվարձը վճարել է քաղաքապետն անձամբ: Գնալով մարդկանց հոսքն այստեղ ավելանում է, քանի որ այստեղ ոչ ոքի չեն մերժում եւ ընդունում են բարեսրտորեն. քաղաքապետի ընդունարանում, միջանցքներում, բակում մշտապես կան քաղցրավենիքով լեցուն սեղաններ, ինչն ուղղղակի ուրախություն է մի քանի ամիս շրջափակման մեջ ապրած երեխաների համար:

Պարբերաբար մատուցվում են սնունդ, սննդային փաթեթներ: Կացարանով ապահովվածների համար նույնպես  սննունդ են ուղարկում: Արցախցիներն այստեղ իրենց զգում են՝ ինչպես հարազատի տանը. կացարանային խնդիրներով եւ մյուս հարցերով զբաղվող փոխքաղաքապետ Խորեն Արոյանի սենյակը մշտապես զբաղված է. այստեղ նաեւ երեխաներն են ազատ զգում իրենց, պառկում, հանգստանում, նորից խաղում: Կանայք ու տղամարդիկ էլ աշխատում են հնարավորինս մոտ նստել փոխքաղաքապետի սեղանին, որպեսզի ազատ տուն գտնելու դեպքում առաջինն իրենք ստանան այն: Այստեղ միմյանց պատմում են նաեւ իրենց վշտերը. իսկ յուրաքանչյուրի ցավը յուրովի է խորը. մեկը Արցախի դիահերձարանում որդու դիակն է թողել. իրենց չեն տվել մարմինն անճանաչելի լինելու եւ դագաղ չլինելու պատճառով, մայրը բոլորին պատմում է իր ցավը… Մյուսը ճանապարհին մահացած հարազատի մարմինն է ուզում հողին հանձնել՝ չգիտի որտեղ, ծանոթ չէ: Այս ցավալի պատմությունները շատ են:  Հնարավոր չէ առանց հուզմունքի լսել մարդկանց ցավերի մասին…Բայց համայնքապետն ու իր թիմը լսում են եւ բոլորի խնդիներին լուծումներ գտնում: Մինչեւ գիշերվա ժամը երեքը այստեղ մարդաշատ է, թիմն աշխատում է գրեթե շուրջօրյա աշխատանքային ռեժիմով՝ առանց հանգստյան օրերի: Թիմին արդեն միանում են համայնքի  շատ գործարարներ, անհատներ, համայքնապետի ընկերները, վստահող մարդիկ, ովքեր գալիս են եւ իրենց օգնությունն են առաջարկում համայնքապետին՝ մեր հայրենակիցներին ապահովելու հարցում: Համայնքապետն ըստ անհրաժեշտության բոլորին տալիս է ուղղություններ, թե ով ինչով կարող է օգտակար լինել: Շատերն արդեն  իրենց տներում իրենց հովանու տակ են վերցրել բազմանդամ ընտանիքներ: Անգամ գիշերվա ժամը երեքին տուն գնալուց առաջ քաղաքապետը զրուցում է մեքենաներում գիշերող տղամարդկանց հետ, հուսադրում, բարի գիշեր մաղթում: Այստեղ յուրահատուկ բարություն է՝ առանց չափազանցնելու…

Հավանաբար այս վերաբերմունքն է պատճառը, որ արցախցիները մեկը մյուսին տեղյակ են պահում եւ հորդորում գալ Մասիս: Սակայն, մեծագույն ցանկության դեպքում էլ բնակարանային հնարավորությունները այստեղ անսպառ չեն: Արդեն գրեթե բոլոր դատարկ կամ վարձով տրվող տները զբաղված են: 

Մասիսից պետք է օրինակ վերցնեն մյուս համայնքապետարանները: Ըստ որոշ հարցումների, շատ համայանքապետարաններ գրանցելուց բացի չեն մտնում արցախցիների  հոգսերի ու խնդիրների տակ եւ ժամը վեցին ավարտում են իրենց աշխատանքը, չմտածելով, թե որտեղ են գիշերելու մեր հայրենակիցները: Մենք առաջիկայում կփորձենք հասկանալ, թե որ համայնքը ինչպես է աշխատում: