ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել, յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Մայր բուհի մամուլի ծառայությունը, որի ղեկավարը լրիվ նոր է նշանակվել` գրականագետ Գևորգ Էմին- Տերյանի փոխարեն։ Սակայն ընդամենը ժամեր անց Հովհաննիսյանը չեղարկել է իր հրամանը՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը․
«Հրամանի հրապարակումից հետո դրա կիրառման վերաբերյալ մենք բազմաթիվ հարցադրումներ ստացանք: ԵՊՀ-ն բավականին մեծ կառույց է, որն ունի շուրջ 2500 աշխատակից, հետևաբար օբյեկտիվորեն հրամանով նախատեսված փաստաթղթերի հավաքագրումը, ապա փոխհատուցման կազմակերպումը ժամանակատար ու աշխատատար են: Բացի դրանից, մասնագետների պնդմամբ, փոխհատուցման ընթացակարգը հարկային որոշակի պարտավորություններ է ի հայտ բերում, քանի որ այն դիտարկվում է իբրև եկամուտ: Կան նաև այլ դժվարություններ, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե չէին գնահատվել: Հաշվի առնելով բոլոր հարցադրումներն ու ի հայտ եկած դժվարությունները՝ ես ուժը կորցրած եմ ճանաչել այս հրամանը՝ հնարավոր սխալներից, բացթողումներից և դժգոհություններից խուսափելու համար»,- ասել է Հովհաննիսյանը։
Ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում․ «ԵՊՀ ղեկավարելը թթու թան չէ, ամեն մեկի բան չէ», և ինչպես Հովհաննիսյանն է նշել՝ ԵՊՀ-ն բավականին մեծ կառույց է, և հրամաններ արձակելուց առաջ նախ պետք է մի քիչ մասնագետների հետ զրուցել ու որոշակի հաշվարկներ անել։