Հերթական սկանդալը՝ «Մասիս» ԲԿ-ում 

Հերթական սկանդալը՝ «Մասիս» ԲԿ-ում 

Վերջին երկու տարում Մասիսի հիվանդանոցում աղմկահարույց դեպքերն անպակաս են. հոկտեմբերի 12-ին կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը դիմել է ոստիկանության Մասիսի բաժին ու հայտնել, որ Աշոտ Թորոսյանը վիճաբանության ընթացքում գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետեւանքով քթի հատվածում վնասվածք է ստացել: 45-ամյա Աշոտ Թորոսյանը «Մասիս» ԲԿ-ի պահեստապետն է: Թե որն է վիճաբանության պատճառը, եւ ինչպես է տեղի ունեցել դեպքը, փորձեցինք ճշտել Թորոսյանից:

Նա մեզ հետ զրույցում պատմեց. «Այդ օրը հայտարարված էր շաբաթօրյակ: Յուրաքանչյուրս մեր տարածքում էինք այն իրականացնում, ես էլ իմ աշխատասենյակում էի։ Աշխատողներից գալիս էին, որոշ բաներ էին ուզում, տալիս էի, գնում էին: Ինձ զանգեց տնօրենը եւ հարցրեց, թե ինչու չեմ մասնակցում շաբաթօրյակին: Ասացի, որ ես իմ տարածքում եմ անում: Առանց որեւէ բանի՝ սկսեց ամենավերջին կեղտոտ սեռական հայհոյանքներն ուղղել ինձ ու կանչեց իր աշխատասենյակ: Գնացի, հենց ներս մտա, շարունակեց հայհոյանքները, կանչեց տնտեսվարին, ու երկուսով սկսեցին քաշքշել ինձ, հագուստս, ոտքերիս հարվածել: Անգամ վզիս ոսկե շղթան պոկվեց այդ պահին: Ես տեսա, որ ինքը ոչ ադեկվատ վիճակում է, կորցրել է ինքնատիրապետումը, դուրս եկա իր աշխատասենյակից, որպեսզի միջանցքում ե՛ւ ես հանգստանամ, ե՛ւ ինքն իրեն հավաքի: Միջանցքով գնում էի, մեկ էլ կինս ետեւիցս ձայն տվեց: Շրջվեցի՝ տեսնեմ նորից տնօրենն իմ ետեւից գալիս է, հայհոյելով գալիս է, որ վրաս հարձակվի: Այդ ժամանակ մարդիկ թույլ չտվեցին: Ականատեսներ կային: Ես իրեն չեմ խփել, մատով անգամ չեմ կպել ու զարմացա, որ դեռ մի բան էլ ինքն է դիմել ոստիկանություն, թե իրեն հարվածել եմ: Ես համոզվել եմ, որ այդ մարդը ոչ ադեկվատ է, հաճախ է կորցնում ինքնատիրապետումը եւ իր արարքները չի կարողանում կառավարել: Նման մի միջադեպ էլ եղել էր վարորդներից մեկի հետ․ հայհոյելով կռիվ սարքեց, վարորդին ազատեց աշխատանքից, հետո վերականգնեց»:

Հարցին, թե այս պահին տնօրենի քիթը վնասվա՞ծ չէ, Թորոսյանը պատասխանեց. «Ես մատով չեմ կպել իրեն, մնացածի մասին չգիտեմ»: Իսկ թե ինչ հարաբերություններ են մինչ այդ եղել տնօրենի հետ, Թորոսյանը պատասխանեց. «Նորմալ, աշխատանքային: Մենք իրար հետ խնդիր չենք ունեցել: Բայց, փաստորեն, ինքն ինձ հետ ունեցել է. մորս ազատեց աշխատանքից, իմ դրույքաչափը կրճատեց: Հավանաբար, ուզում էր ազատվել նաեւ ինձնից»:

Մենք դեռեւս մայիսին էինք անդրադարձել «Մասիս» ԲԿ-ի աշխատակիցների դժգոհությանը տնօրենի աշխատանքից: Մարդիկ դժգոհում են աշխատավարձերի ուշացումներից, ասում են, որ նոր տնօրենն աշխատում է նախկինների ոճով, նույն «կեղտոտ գործիքակազմերով», նույն մարդկանց հետ, որոնք բանսարկություններ են արել թե՛ նախորդների, թե՛ ներկայիս տնօրենի օրոք:

Մոտ մեկ ամիս առաջ Ֆեյսբուքում գրառում էր կատարել հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը, ով ոլորտի պատասխանատուներին ահազանգում էր ծննդատան առնչությամբ. ««Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հարգելի գործընկերներ։ Դիմում եմ Ձեզ, քանի որ ես արդեն անզոր եմ միայնակ պայքարելու «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ծաղկող տգիտության դեմ: Դեռեւս 2012թ., իմ խնդրանքով, Ֆրանսիայի իմ ընկերներն իրենց ֆինանսական միջոցներով եւ անձամբ իրենք վերանորոգեցին ծննդատան մի հատված, որպեսզի մեր մայրացած կանայք նորմալ մարդկային պայմաններում ծննդալուծվեն: Պալատներում տեղադրեցին սանհանգույցներ, ցնցուղներ, տաք եւ սառը ջուր, նորոգեցին ձայնամեկուսացումը: Այդ մաքուր եւ ջերմ պայմանների մասին կարող են նշել բոլորը, ովքեր եղել են այդ բաժանմունքում:

Բաժանմունքը բացվեց մեծ շուքով, ներկա էին Ֆրանսիայի դեսպանը, առողջապահության նախարարի տեղակալը, մարզպետը, Ֆրանսիայից ժամանած հյուրեր: Նկարները՝ որպես համապատասխան լավ հիշողություն, կցվում են: Սակայն ներկայիս տնօրեն Հայկ Հովհաննիսյանը եւ փոխտնօրեն Արմեն Սահակյանը գտան, որ դա շատ է Մասիսում ծննդաբերող կանանց համար, եւ փակեցին այդ բաժանմունքը` ծննդկաններին տեղափոխելով 1995-ից ի վեր չվերանորոգված, անշուք, հիգիենայի տարրական պայմաններից զուրկ բաժին, որտեղ պալատներում չկա ջուր, զուգարանը մեկն է, եւ որտեղ իրեն հարգող ոչ մի կին չի ցանկանա պառկել: Իրենց անփառունակ կառավարման արդյունքում հիվանդանոցը հայտնվել է սնանկության եզրին, 3 ամիս չի վճարվում աշխատավարձ, աշխատողներին շանտաժով փորձում են ազատել աշխատանքից, այդ քայլով փորձում են պակասեցնել ծննդկանների թիվն ու արդարացնել իրենց: Տարածեք մի մարդու պես այս նամակը, թող ծանոթանան բոլորը, եւ հուսով եմ՝ պատկան մարմինները կկանգնեցնեն այս անարխիան»: Բժշկի ահազանգն անարձագանք մնաց. ծննդատունը տեղափոխվեց անբարեկարգ տարածք: Հիվանդանոցի աշխատողներն ասում են, թե տնօրենը ցանկացած խնդիր բարձրացնողին ասում է. «Ում ուզում եք՝ բողոքեք, իմ դիրքերն ամուր են»: Տնօրենը մտերիմ հարաբերություններ ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Հավանաբար, հենց նրանցով էլ իր դիրքերն ամուր է համարում: 

Մենք փորձեցինք լսել նաեւ «Մասիս» ԲԿ տնօրենի մեկնաբանությունները, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա պարզաբանումները: