Նշանակում է, որ ոչ միայն գերիներ են, այլ նաև՝ պատանդներ․ Ս․ Սահակյան

Նշանակում է, որ ոչ միայն գերիներ են, այլ նաև՝ պատանդներ․ Ս․ Սահակյան

Հունիսի 12-ին Վրաստանի միջնորդությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստան էր հայրենադարձվել 15 հայ գերի։ Ադրբեջանական կողմը գերիներին վերադարձրել էր Աղդամի ականապատ տարածքների քարտեզի և ինչ-որ տեղեկությունների դիմաց։ Երեկ նաև հայտնի էր դարձել, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դիմել Հայստանի պաշտպանության նախարարությանը:

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում գերիների հարցով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանն ասել էր, որ ավելի վաղ ականապատ տարածքների քարտեզի տրամադրման հարցը բարձրացրած է եղել Մուրադովը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության անունից, որպեսզի բոլոր ռազմագերիներին փոխանակի այդ քարտեզների հետ։ Սակայն Հայաստանի ՊՆ-ն ասել է, որ այդպիսի քարտեզ գոյություն չունի։ «Հիմա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը քարտեզները հավաքել է գաղտնի, դրել է իր տակ, պահել է 7 ամիս, 7 ամիս անց քարտեզները հանել է, սկսել է փոխանակել ինչ-որ փոքր խմբերի հետ։ Այդ քարտեզները, որոնց փողային արժողությունը մոտ 100 մլն դոլար է, ինքը փոխանակում է 15 հոգանոց խմբի հետ՝ ընտրարշավի ժամանակ»,- նշել էր Ավագյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ու ռազմագերիների շահերը ներկայացնում են փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք հայ գերիներին վերադարձնելու համար բողոքներ են ներկայացրել ՄԻԵԴ, քանի որ ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։

- Տիկի՛ն Սահակյան, շաբաթը օրը 15 գերի վերադարձվեց Հայաստան` քարտեզների կամ ինչ-որ տեղեկությունների դիմաց։ Այդ գերիների մեջ կայի՞ն մարդիկ, որոնց հարցով դիմել էիք ՄԻԵԴ, և կայի՞ն մարդիկ, որոնց անունները թաքցվում էին Ադրբեջանի կողմից մինչև շաբաթ օրը։

- Բոլոր անձինք, որոնք վերադարձվել են, նրանց առնչությամբ դատական գործընթացներ ընթանում են ՄԻԵԴ-ում։ Այսինքն՝ ցուցակում չկա մի մարդ, որի հետ կապված [հայրենադարձման] դատական գործընթացներ չկան։ Եվ բոլոր վերադարձվածները պաշտոնապես հաստատված գերիներ էին։

- Իսկ Դուք և Արտակ Զեյնալյանը տեղեկացված եղե՞լ եք, որ քարտեզ կամ այլ տեղեկություն է փոխանցվելու, և 15 գերի է վերադարձվելու Վրաստանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի աջակցությամբ։

- Բնականաբար, այդ տեսքով մենք տեղեկացված չենք եղել։ Իհարկե, մենք որոշակի տեղեկությունների հիման վրա քաջատեղյակ ենք, որ գերիների վերադարձի հարցը դուրս է եկել իրավական գործընթացից և դարձել է քաղաքական սակարկությունների առարկա։ Այդ մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ ինտերվյուներում, խոսել եմ քաղաքականացման անթույլատրելիության մասին։ Ուստի մեզ համար կանխատեսելի էր, որ այս գործընթացը կախվածության մեջ է դրվում քաղաքական օրակարգային խնդիրներից, և դրա մի ասպեկտը կարող է լինել քարտեզների տրամադրումը։ Իհարկե, պահանջները [ադրբեջանական կողմի] չեն սահմանափակվում միայն քարտեզների տրամադրմամբ։

- Կարելի՞ է ենթադրել, որ իմքայլականները, Նիկոլ Փաշինյանն այսքան ձգձգեցին վերադարձի հարցը, որ նախընտրական շրջանում ինչ-որ դիվիդենտներ հավաքեն։ 6-7 ամիս գերիները չեն վերադառնում, և արդեն նախընտրական շրջանում ինչ-որ տեղեկություն կամ քարտեզ են փոխանցում, և այսպես գերիներ են վերադարձվում։

- Ակնհայտորեն, վերադարձի պահն առնչություն ունի նախընտրական ժամանակահատվածի հետ։ Այսինքն՝ պահանջները եղել են քարտեզների տրամադրումը։ Եթե պայմանավորվածությունները հստակ և իրացվելի էին, այս խնդիրը կարելի էր լուծել ավելի վաղ ժամանակահատվածում։ Բայց, կարծես թե, գործարքը, համաձայնությունը ձեռք է բերվել այս փուլում, ինչը համընկնում է նախընտրական քարոզարշավի հետ և ակնհայտորեն որոշակի տրամադրությունների վրա ազդելու է։

- Իսկ այս 6-7 ամսվա ընթացքում, այն ժամանակվանից սկսած, երբ որ նոյեմբերին կնքվեց եռակողմ հայտարարությունը, տեղեկություններ ունեցե՞լ եք, որ Ադրբեջանը «սա է պահանջում սրա [վերադարձի] դիմաց»։

- Այո՛, նախկինում ևս որոշ փոխանակումներ, վերադարձներ պայմանավորված են եղել քարտեզների տրամադրման հետ, ուղղակի շատ փակագծեր չեմ կարող բացել։

- Կարո՞ղ եք ասել` որ շրջանների քարտեզներն են փոխանցվել։

- Չեմ կարող ավելի մանրամասնել։ Մենք ունենք տեղեկություններ, որ նախկինում էլ որոշակի տեղաշարժեր կապված են եղել ադրբեջանական պահանջների կամ պայմանների կատարման հետ։ Միջազգային իրավունքը հստակ է ասում, որ միակ պայմանը, որի դեպքում պետք է հայրենադարձությունն անվերապահ լինի, ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումն է։  Եթե այդ գործողությունները դադարեցվել են, պետությունը պարտականություն ունի վերադարձնելու։ Այն պետությունը, որի հանդեպ պարտականությունները չեն կատարվում, ունի հարկադրելու՝ քաղաքական, իրավական ճանապարհ` իրավախախտ պետությանը։ Այդ հարկադրանքը երկար, բարդ ու հմտություններ ենթադրող ճանապարհով չի գնացել [իմքայլական] իշխանությունը․ նրանք մտել են սակարկությունների դաշտ։ Եվ սակարկությունների դաշտ մտնելու պարագայում հասկանալի է, որ այդ հարցը կարող է լուծվել, եթե քաղաքական օրակարգի պահանջ է կատարում կողմը։ 

- ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը ողջունել էին գերիների փոխանակումը: Տեղեկության փոխանցումը կամ ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը մտնո՞ւմ էր միջազգային մարդասիրական պարտավորությունների մեջ։ Հայաստանը պարտավո՞ր էր տրամադրել Ադրբեջանին։

- Նայեք, Հայաստանը ևս մարդասիրական ոլորտում պարտավորություններ ունի։ Եվ կարծում եմ՝ այո․ այն բնակավայրերը, որոնք քաղաքացիական են, քարտեզները տրամադրելու, ականազերծմանը նպաստելու պարտականություն ունի։ Ու այլ հարց է, որ դա կարող է ինքնուրույնաբար լինել և կախվածության մեջ չի կարող դրվել գերիների վերադարձի խնդրից։ Եվ եթե Հայաստանն էլ իր պարտավորությունները չէր կատարում, դրան ազդելու այլ եղանակներ կային։ Բայց եթե մենք դնում ենք, որ հայրենադարձությունը հնարավոր է եղել միայն տեղեկատվության դիմաց, դա նշանակում է, որ մեր գերիները ոչ միայն գերիներ են, այլ նաև՝ պատանդներ։ Իսկ պատանդ պահելն արգելվում է, և պատանդառություն իրականացնող պետությանն ընդհուպ մինչև ՄԱԿ-ի դատարանը կարող է պատասխանատվության կանչել։ Եվ այդ բոլոր հայտարարություններն ընդամենը վերահաստատեցին այն մոտեցումը, որ մեր գերիները բացի գերու կարգավիճակ ունենալը, նաև պատանդ են պահվել որոշակի տեղեկատվության կամ պահանջների դիմաց։ Բայց, առհասարակ, կարծում եմ, որ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հայկական կողմը պետք է աջակցի քաղաքացիական բնակավայրերի ականազերծմանը։ Եվ, այո, ինձ համար տրամաբանական չէ, եթե Աղդամի տարածքը հանձնվել է ահավոր կերպով ադրբեջանցիներին, այդ քարտեզներն ի՞նչ նպատակով են պահվում։ Եթե տարածքը չկա, տարածքի քարտեզ պահելն էլ ինքնանպատակ է լինում։ Ուղղակի այլ հարց է, որ անթույլատրելի է գերիների վերադարձի գործընթացի կազմակերպումն ինչ-որ մի բանի դիմաց․ ի՞նչ կլինի դա, մեծ հաշվով` էական չէ։