Ինչպես են ատեստավորում անցնելու ոստիկանները

Ինչպես են ատեստավորում անցնելու ոստիկանները

Այսօր՝ հունիսի 1-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, հիշեցնենք, մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Նիստի օրակարգում ընդգրկված է 68 հարց, 65-ը՝ չզեկուցվող։  ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը քիչ առաջ անդրադարձավ ոստիկանության ատեստավորման կարգին ու հավելավճարի չափին։

«Ատեստավորման սուբյեկտ են լինելու թե փոխոստիկանապետերը, թե մյուս ծառայողները։ Ատեստավորումները կիրականացվեն երեք փուլով։ Առաջին փուլն ընդհանուր բաժնի թեստավորումն է, որն իրենից ներկայացնելու է ծառայողների ընդհանուր զարգացածության ստուգում։ Երկրորդը այն է, որ ստուգարքի փուլով կստուգվեն ֆիզիկական և մարտական պատրաստվածության մասով համապատասխան գիտելիքներն ու կարողությունները։ Երրորդը մասնագիտական թեստավորումն է, որ բուն մասնագիտական կարողություններին է վերաբերելու։ Ատեստավորումն իրականացվելու է թեստավորման միջոցով։Գերազանց կարող է ստանալ, եթե 45-50 հարցադրմանը ճիշտ է պատասխանել, լավ, եթե 35-44 հարցի է ճիշտ պատասխանել,  բավարար, եթե 26-34 հարցի է ճիշտ պատասխանել, այսինքն՝ կեսից ավելին»,- նշեց Սարգսյանը։

«Գոյություն ունեն նաև չափորոշիչներ, որոնցով պիտի որոշում կայացվի՝ ծառայողը արյդոք պիտի մասնակցի ատեստավորման պրոցեսին, թե ոչ։ Դրանք հիմնականում երկու խոշոր կրիտերիաներ են՝ թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործմանն առնչվող։ Երկրորդ կարևոր գործոնը ֆինանսական դիսցիպլինային է վերաբերում։Եթե մեր ծառայողն ունի 20 միլիոն ու ավել դրամի վարկ ու դրա շրջանակներում 91 օր և ավել ժամկետանց վարկային պարտավորություն, այս դեպքում ևս չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»,- պնդեց ՆԳՆ փոխնախարարը։

Ոստիկանության զորքերի շարքային զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 190 հազար դրամի հավելավճար, մայորը՝ մինչև 350 հազար դրամ, իսկ գնդապետը՝ մինչև 560 հազար դրամ։