Դպրոց մտնելու համար մնացել է արյան անալիզ ուզեն

Դպրոց մտնելու համար մնացել է արյան անալիզ ուզեն

Մարտի 6-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոցում տեղի է ունենալու մրցույթ տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար։ «Հրապարակը» երեկ գլխավոր խմբագրի անունից դիմել էր լուսաբանման հավատարմագրան համար, բայց պարզվում է՝ հավելյալ տեղեկատվություն է անհրաժեշտ «այդքան կարևոր» միջոցառմանը հավատարմագրելու համար։
Ի պատասխան մեր գրության, Կառավարման խորհդի նախագահ Քրիստին Ղալեչյանը արձագանքել է․ «Խնդրում եմ սահմանված ժամկետում ներկայացնել՝  

1․Գրություն Կազմակերպության տնօրենի անունից՝ նշելով մրցույթին որպես դիտորդ մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,

2․ Ձեր կազմակերպության պետական ռեգիստրի վկայականի պատճենը,

3․ Ձեր կազմակերպության վերջին երեք տարվա գործունեության նկարագրությունը (հասարակական կազմակերպությունների դեպքում)»։

«Իրականում այդ դպրոցը գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ։ Մեր՝ ԿԳՄՍ-ի ենթակայության տակ գործում են միայն ավագ դպրոցները, իսկ այդ դպրոցը հիմնական է։ Կարծում եմ՝  ճիշտ կլինի, որ քաղաքապետարանից որևէ մեկի հետ խոսեք, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է։ Եթե նման բան կա, ապա դա բոլորին է վերաբերվում, պետք է անել այդպես, ուղղակի զարմանալի է՝ ինչու է այդպես խիստ կրիտերիաներ դրված»,- ասաց ԿԳՄՍ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ նշեց, որ արդեն տևական ժամանակ է քաղաքապետարանը դպրոցներում միջոցառումների հավատարմագրմամբ չի զբաղվում։ 

«Կարծում եմ՝ կառավարման խորհդի հետ պետք է հարցը պարզաբանվի»,- ասաց Կարապետյանը։

Մեզ հետ կապած հաստատատ կառավարման խորհդի ներկայացուցիչը հայտնեց, որ պահանջները ներկայացվել են կառավարության որոշմամբ։

Այսպիսով, սա լրատվամիջոցների համար ավելորդ դժվարություններ ստեղծելու հերթական խայտառակությունն է։ Հարց է առաջանում՝  այդ ի՞նչ ունեն թաքցնելու, որ  արդեն սկսել են պահանջել  պետական ռեգիստրի վկայականի պատճենը, անգամ ԱԱԾ-ում որևէ միջոցառման լուսաբանման համար նման պահանջներ չեն դրվում։