Ո՞ր նոր աղետի ալիքը Անդրանիկ Քոչարյանին կբարձրացնի իշխանության Օլիմպոս

Ո՞ր նոր աղետի ալիքը Անդրանիկ Քոչարյանին կբարձրացնի իշխանության Օլիմպոս

Անդրանիկ Քոչարյանի մինչհեղափոխական շրջանի կենսագրության մեջ, այսինքն` մինչեւ 1988 թվականը, աչքի զարնող որեւէ իրադարձություն չի եղել։ Խորհրդային այդ տարիների իր սերնդակիցների նման նա էլ անցել է «դպրոց-բուհ-աշխատանք պետական հիմնարկում» ճանապարհը և այն կավարտեր «վաստակած հանգիստ» փուլում, եթե վրա չհասնեին Արցախյան շարժումը և նրա բերած արմատական փոփոխությունները։ Կրկին երկիրը կառավարելու կոչվեցին «խոհարարների երեխաները» (հեղինակ՝ Վլադիմիր Լենին) և իրականացավ «ով ոչինչ էր, նա կդառնա ամեն ինչ» կոմունիստների երազանքը (սա էլ ասված էր նրանց օրհներգում՝ «Ինտերնացիոնալ»-ում)։ 

Ոչ այնքան հեռանկարային ինժեներ Անդրանիկ Քոչարյանն անէությունից դեպի իշխանական համակարգ աներեւակայելի թռիչք կատարեց 1990-ի աշնանը, երբ, ի տարբերություն Գերագույն խորհրդի կամ Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր ընտրված «Մերգելյան ինստիտուտի» իր ընկերների, հայտնվեց Վազգեն Մանուկյանի կառավարության ներքին գործերի նախարարներ Կառլոս Ղազարյանի, ապա՝ Աշոտ Մանուչարյանի առաջին տեղակալի պաշտոնում։ Սակայն ընդամենը մեկ տարի անց 30-ամյա հավակնոտ Անդրանիկը ծանր հարված ստացավ. 1991թ. նոյեմբերի 22-ին ՆԳ նախարար նշանակված փիլիսոփա-գիտնական Վալերի Պողոսյանի առաջին հրամաններից մեկը եղավ նրան ՆԳ նախարարի 1-ին տեղակալի պաշտոնից ազատելը։ Ոստիկանական համակարգում նրա նկատմամբ բացասական վերաբերմունքն այնքան մեծ էր, որ Պողոսյանի այդ որոշման դեմ չեն առարկել ո՛չ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ վարչապետի պաշտոնակատար Գագիկ Հարությունյանը։ Քոչարյանից ազատվելու նախաձեռնության հեղինակներն էլ ՆԳ փոխնախարարներն էին, որոնցից մեկը Սուրեն Աբրահամյանն էր: Հատկանշական է, որ առաջին նախագահի կազմավորած հետագա երկու կառավարությունների կազմում պաշտոնավարած ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը (1993-96թթ) և ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը չեն ցանկացել հեռացված Անդրանիկ Քոչարյանին վերականգնել ՆԳՆ-ում։ Հարցը համարվել է մեկընդմիշտ փակված, քանի որ հասարակական կարծիքը նրան համարում էր 1991թ. մայիսին Նոյեմբերյանում խորհրդային զորքերի կողմից գնդակոծված հայ ոստիկանների դավադիր սպանության մեղավորներին մեկը, իսկ ոստիկանությունում նրան շատ վատ էին հիշում, որովհետեւ համակարգից դուրս էր նետել հարյուրավոր կադրային սպաների և նրանց փոխարինել էր «նոր և առողջ ուժերով»։

Չնայած այսպիսի համբավին՝ անպաշտոն մնացած մերգելյանցի ՀՀՇ-ականը 1991-ի վերջին նշանակվում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի տեղակալ և Տեր Պետրոսյանի անբեկանելի որոշմամբ այդ պաշտոնում մնում հաջորդ պաշտպանության նախարարներ Վազգենի Մանուկյանի (1992-93թթ.), Նորատ Տեր Գրիգորյանցի (1993թ.) և Սերժ Սարգսյանի (1993-95թթ.) օրոք։ Այստեղ էլ լավ հիշողություններ չի թողել իր հետեւից մեր հերոսը` հատկապես կադրային հարցերում դրսեւորած նախաձեռնողականության պատճառով:

Հաջորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից Անդրանիկ Քոչարյանը պահանջված չի եղել, և թվում էր՝ ՀՀՇ-ական աստղերի պես նրա աստղն էլ մարեց։ Բայց ո՛չ։ Նա «հարություն առավ» 1999 թ. հոկտեմբերի 27-ին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դրվեց նոր «կառավարության ցուցակը», որտեղ Անդրանիկ Գրիգորևիչը նշված էր որպես ուժային կառույցները համակարգող նախարար։ Սակայն փորձը չստացվեց և Անդրանիկ Քոչարյանը ստիպված էր բավարարվել կառավարության շենք մտնել-ելնելով՝ որպես Վազգեն Սարգսյանի եղբոր` վարչապետ Արամի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ, ուշադրություն դարձրե՛ք, կադրային քաղաքականության հարցերով խորհրդական։

2000թ. մայիսին Արամ Սարգսյանը պաշտոնանկ արվեց և նրա թիմը լքեց կառավարության շենքը։ 10-ամյա անհայտությունից հետո Անդրանիկ Քոչարյանը կրկին ասպարեզ եկավ 2008թ. մարտի 1-ի դեպքերի «փաստահավաք խմբի» կազմում, իսկ ամբողջական ռեվանշը տեղի ունեցավ 2018թ. դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` երբ ՔՊ-ական դարձած Անդրանիկ Քոչարյանի համար նախապես «ռեզերվ էր արված» ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Ինչպես նկատում ենք, Անդրանիկ Քոչարյանը պետական պաշտոններում միշտ վեր է բարձրացել աղետալի քաղաքական շրջադարձային պահերին՝ կոմունիստական համակարգի փլուզում (1990թ.), ահաբեկչություն Ազգային ժողովում (1999թ.), իշխանափոխություն (2018թ.) և պարտություն արցախյան երկրորդ պատերազմում (2021թ.): Ո՞ր նոր աղետի ալիքը Անդրանիկ Քոչարյանին կբարձրացնի իշխանության Օլիմպոս, կպարզվի այս աշնանը։ Ըստ որոշ լուրերի, նա այժմ նոր կազմավորվելիք Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնին է հավակնում:

Ավելին, երկրի համար աղետալի պահերը խիստ բարենպաստ են եղել, որպեսզի նրա համար հորինվեն մինչ այդ գոյություն չունեցող պաշտոններ։ Առաջին անգամ հատուկ Անդրանիկ Քոչարյանի համար գործադիր իշխանության կառուցվածքում պաշտոն ստեղծվեց հեռավոր 1991թ. դեկտեմբերին. ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց Մեղրու շրջանի արտակարգ դրության պարետ։ Երկրորդ անգամ նա հատուկ կարգավիճակով պաշտոնի նշանակվեց 1994-ին՝ դառնալով Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ, որի մասին Վիքիպեդիան գրում է. «Այդ տարիների իր գործունեության համար քննադատվել է և հանրային դաշտում արժանացել բազմաթիվ մեղադրանքների»։ 

Եթե այժմ ներքին գործերի նախարարությունը վերականգնվի և դրա ղեկավար նշանակվի Անդրանիկ Քոչարյանը, ապա բավարար հիմքեր կլինեն պնդելու, որ 20 տարի անց կրկին վերադառնում ենք կառավարության հին կառուցվածքին, պատկերավոր ասած, հատուկ և անձամբ Անդրանիկ Քոչարյանի համար։ Մի բան, կարծես, աներկբա է՝ նա նոր պաշտոնում գործի կդնի հին կադրերին «մաղելու» և ոստիկանությունը քաղաքական իշխանությանը ծառայեցնելու իր հմտությունները։ Այնպես որ, մղձավանջը ծանրանում է. 32 տարի անց խաղարկվում է մռայլ ու կործանարար մի դեժավյու:

Սվետա Մարտիրոսյան