«Ներքին համոզմամբ»

«Ներքին համոզմամբ»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

Իր ելույթում նա բավական ճիշտ բաներ է ասել. պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիութունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականությունները, խտրականությունները, բացահայտ ապօրինությունները: 

Ուսանողական տարիներին, երբ կուրսային աշխատանք էի ներկայացրել, որտեղ մի երկու անգամ տեղ էր գտել «պետք է» արտահայտությունը, արժանացա դասախոսի դիտողությանը: Պետք է: Ու՞մ է պետք, ինչու՞ է պետք, ինչպե՞ս է պետք: 

Գուցե, հասկանալով ասվածի խոցելի լինելը, ԲԴԽ ապագա անդամը մանրամասնել է.

«Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կամ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին ու ապացույցներին անձնական գնահատական տալու, այսինքն` գործի փաստական հանգամանքները ներքին համոզմամբ գնահատելու համար»: Գուցե չարժեր այդպես մանրամասնել, քանի որ էլ ավելի է խճճվել իր իսկ գործած սարդոստայնում:

«Ներքին համոզմամբ»: Իսկ հարգելի պարոնը տիրապետու՞մ է, արդյոք, վիճակագրությանը, թե դատավորների «ներքին համոզմամբ» մարդկային որքան ճակատագրեր են խեղվել: Նրան, արդյոք, իր «ներքին համոզմամբ», չի՞ թվում, որ իր թեկնածությունն առաջադրած քաղաքական ուժը մեղադրվում է ինչ-ինչ ոչ այնքան իրավանպաստ, էլ չասենք՝ ոչ հայրենանպաստ գործերում:

Գագիկ Վարդանյան