Ես ամեն ինչ կանեմ, որ չվերադառնանք նախագահական համակարգին

Ես ամեն ինչ կանեմ, որ չվերադառնանք նախագահական համակարգին

Հայաստանի բոլոր իշխանությունները Սահմանադրություն են փոխել՝ այն «կարելով» իրենց «հագով», սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով։ Երկրի մայր օրենքը փոփոխության է ենթարկվել երեք անգամ՝ 1995, 2005 եւ 2015 թթ․։ Վերջին անգամ այն փոխեցին նաեւ պետության կառավարման մոդել փոխելու եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանն էլ կարծես թե չի ցանկանում այս հարցում տարբերվել պետության նախկին ղեկավարներից։

Տեղեկություններ կան, որ պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին նա որոշել է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել՝ նախկին կիսանախագահական համակարգին վերադառնալու  նպատակով։ Դրանով նա կերկարաձգի իր իշխանությունը եւ կկանխի խորհրդարանական համակարգի ընձեռած ներպալատական իշխանափոխության սցենարը, երբ ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին։ Փաշինյանը հասկանում է, որ վաղ թե ուշ թիմում ճաքերը խորանալու են, «թեւերը» հզորանալու՝ սպառնալիք դառնալով անձամբ իր իշխանությանը։

Գործընթացի մեկնարկն արդեն տրվել է։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս հայտարարեց սահմանադրական բարեփոխումների նպատակով հատուկ խումբ ձեւավորելու կառավարության նախաձեռնության մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նպատակի պետք է ծառայի այն։ Խումբը աշխատանքները կսկսի եկող տարվանից։ 

Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին առաջին անգամ խոսել է նախորդ տարվա օգոստոսի 17-ին, երբ խորհրդարանը դեռ չէր ցրվել։ Փոփոխությունների իմաստը, ըստ նրա, այն էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանը՝ ինքը, կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկությամբ հանդես է եկել նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ առաջարկելով վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին:
Երկրի հիմնադիր փաստաթուղթն արմատապես փոխելու անհրաժեշտություն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի տեսնում, առավել եւս՝ վերադարձ հնին, իշխանական թիմում էլ դեռեւս չեն քննարկել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են անելու, բայց Աղազարյանը կարծում է, որ փոփոխությունները միտված են լինելու սուպերվարչապետական համակարգից հրաժարվելուն։ «Ես անձամբ դեմ եմ նախագահական համակարգին,- ասաց նա մեր զրույցում՝ պարզաբանելով։- Երբ մարդկության պատմության մեջ օրենքները գրվում են, հաշվի են առնվում տվյալ ազգի, բնակչության առանձնահատկությունները։ Մեր ազգային առանձնահատկություններն այնպիսին են, որ մենք՝ յուրաքանչյուրս, անհատականություններ ենք, հետեւաբար այսպիսի, ինչպես նաեւ միացյալ երկրների համար ճիշտը պառլամենտական համակարգն է։ Որովհետեւ մենք մի նախագահ չենք ունենում, ունենում ենք մի նախագահ, նրանից ներքեւ՝ մի քանի նախագահներ, էլի ներքեւ՝ ուրիշ նախագահներ, այսպես՝ մինչեւ գյուղապետերը։ Ու դառնում է մի կուռ բուրգ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը, բացասական երեւույթները պարարտ հող են ունենում զարգանալու։ Ինչպես նաեւ այս մոդելի դեպքում վարչապետը պատգամավորներից ընդամենը մի գլուխ է բարձր կարգավիճակով, պատգամավորները բավական լուրջ կարգավիճակ ունեն, ինչը կայացած մոդել է մեր երկրի համար»։

Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է հնին չվերադառնալու համար, այլ հարց է, որ թոթափեն սուպերվարչապետական համակարգը․ «Այո, էն, որ մեզ մոտ սուպերվարչապետական համակարգ է, բոլորս գիտենք ու չենք էլ հերքում եւ դրա համար տրամադրություններ ունենք եւ ուզում ենք նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Ես՝ ինքս, մեր թիմի շրջանակներում ամեն ինչ պետք է անեմ, որ տեղի չունենա նախագահական համակարգի վերադարձ։ Իհարկե, մեզ մոտ այս հարցով լայնածավալ քննարկումներ չեն եղել, բայց ինքս դեմ եմ նախկին համակարգին»։ Դիտարկմանը, որ օրենսդրական փոփոխություններով էլ կարելի է թոթափել սուպերվարչապետական համակարգը, իշխանական պատգամավորը չհամաձայնեց․ «Միայն մեկ հարց չէ, համալիր փոփոխություններ են հարկավոր։ Օրինակ ես՝ անձամբ, առաջարկելու եմ պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից, ինչն առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ իրականացնել»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տարակուսում է՝ ինչո՞ւ ամբողջությամբ կյանքի չկոչել խորհրդարանական մոդելը եւ կրկին վերադառնալ կիսանախագահականին․ «Կառավարության լրջությունը նրանում է, որ բարդություններ հանդիպելուց ոչ թե կառավարման մոդել փոխի, այլ հաղթահարի բարդությունները»։ Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ Փաշինյանի իշխանության առջեւ խորհրդարանական վերահսկողության գործիքներն օգտագործելու խոչընդոտներ չկան, ուստի չի կարելի մի քանի ամիսը մեկ կառավարման մոդել փոխել․ «Խաղալ պետության բախտի հետ՝ դրա իրավունքը ոչ մի կառավարություն չունի»։ Այլ հարց է, որ գործող համակարգում որոշակի փոփոխություններ պետք է կատարել, օրինակ, երբ միեւնույն ուժն է իրականացնում ե՛ւ գործադիր իշխանությունը, ե՛ւ օրենսդիրը, խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից, ըստ պատգամավորի, խնդիրներ է առաջացնում․ «Այսպիսի հարցերում է, որ պետք է գնալ փոփոխությունների, որ կառավարությունը, պահպանելով իր ինքնավարությունը, իսկապես, պատասխանատվություն կրի օրենսդիրի առջեւ»։ Պետրոսյանը չի բացառում, որ իշխանությունը զուտ քաղաքական նկրտումներ ունի սահմանադրական փոփոխությունների քողի տակ, բայց պնդումներ անել չի կարող, քանի դեռ նախագիծն իրենց ձեռքում չի հայտնվել։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անհայտորեն չցանկացավ նախագծի մասին կարծիք հայտնել․ «Երբ կներկայացնեն նախագիծ, կքննարկենք»։