Ադրբեջանը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը

Ադրբեջանը ողջունում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատամական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

-ՄԱԿ-ի Միջազգային դատարանը երեկ կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում կայացրեց: Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։  Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն: Ի՞նչ կարող է այս որոշումը տալ հայկական կողմին և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա:

-Դատական որոշումների հարցում մեր բացթողումն այն է, որ այդ որոշումները կամ գործընթացները, որոնք ՀՀ-ն նախաձեռնում է միջազգային դատական ատյաններում չեն դառնում տարվող քաղաքականության կարևոր գործիք: Ես այդ օրինակը բազմիցս բերել եմ: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի արդարդատության դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով էթնիկ հայի դեմ ռասիզմի քարոզի մեջ: Մինչ ընթանում է դատական գործընթացը և չի կայացվել որևէ դատավճիռ, ՀՀ վարչապետը գնում ու Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ վերջնականապես խեղելով Արցախի հիմնահարցի ողջ բանակցային պատմությունն ու գաղափարական հիմքը: Հիմա անգամ, երբ գործընթացի ավարտին դատարանը բավարարի այդ հայցը, Փաշինյանը ոչ իր քաղաքական հայտարարությունից կարող է հրաժարվել, ոչ էլ այն քայլերից, որոնք Արցախում հայերին բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը հանգեցրին: Միտքս այն է, որ ամենից կարևոր է, թե մենք որքանով ենք այդ որոշումները օգտագործում քաղաքականության մեջ, քանի որ դրանց կիրառումը փաստացի չկա, դրա համար էլ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում անտեսել այդ որոշումները, արհամարհել դրանք ու առաջ գնալ իր հայատյաց ու ագրեսիվ ծրագրերով:

-Ադրբեջանն արդեն մի քանի անգամ անտեսել է միջազգային ատյանների որոշումները: Սա արդյո՞ք հերթականը չի լինի:

-Ադրբեջանը, եթե ուշադրություն դարձնեք, ողջունել է այդ որոշումը, քանի որ Հայաստանի ներկայացրած հայցում կային միջանկյալ միջոցներ, որոնք դատարանը չի բավարարել: Ադրբեջանն էլ բոլոր միջազգային գործընկերներին ստում ու ասում է, որ իրենք որևէ խնդիր չունեն էթնիկ հայերի հետ, բայց այդ երկրում քնած հային կացնահարողը հերոս է, էլ չեմ խոսում վերջին ագրեսիայի ժամանակ անգամ երեխաների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին:

-Արցախի հայերի վերադարձի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Այն որքանո՞վ է իրատեսական:

-Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անպատիժ է մնում ագրեսիայի, ատելության քարոզի, էթնիկ զտում իրագործելու համար, հայերի վերադարձը հնարավոր չէ: Հայերի վերադարձը հնարավոր է, երբ դրա օգտին աշխատի ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմ, որն իր քաղաքական նպատակներից մեկը կդարձնի առնվազն կարգավիճակի հարցը ասպարեզ բերելը: Հայերը կարող են ապրելու Արցախում միայն կարգավիճակի ու լրացուցիչ անվտանգային միջազգային մեխանիզմների առկայության դեպքում: Անգամ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, իսկ Փաշինյանը՝ «նշաձողի իջեցման», ավելի ստույգ՝ դրա վերացման քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը ամբողջապես խեղաթյուրեց հիմնահարցի պատմությունը և իր գործողություններով հասավ Արցախում հայերի չլինելուն: