Դեպքը եղել է, ծնողներն էլ անհանգստացած են․ մի քիչ հազ, փռշտոց լինում է, բերում են հիվանդանոց

Դեպքը եղել է, ծնողներն էլ անհանգստացած են․ մի քիչ հազ, փռշտոց լինում է, բերում են հիվանդանոց

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերը դեռ նվազման միտում չունեն: Կոտայքի  մարզի դպրոցներում  բացակայությունների թիվն ավելացել է, Հրազդանում անգամ H1N1 վիրուսով 1 դեպք գրանցվել: Հիվանդության տարածվածությունը հաշվի առնելով՝ ծնողները խուսափում են երեխաներին դպրոց բերել, այդ պատճառով դժվարանում ենք ասել, թե բացականերից քանիսն են հիվանդ, մեզ հետ զրույցում ասացին դպրոցի տնօրենները: Այս օրերին պոլիկլինիկական ծառայություններում դիմելիությունը եւս կրկնակի աճել է: 

Հրազդանի Աս. Մռավյանի անվան N 4 հիմնական դպրոց տնօրեն՝ Արեւիկ Նահապետյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր  բացակայում են 35 աշակերտներ, որոնցից՝ 25-ը՝ սուր շնչառական հիվանդությամբ: 
 

Վ. Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոցում գրացվել է  H1N1 վիրուսով  1 դեպք: Տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց, որ 1333 աշակերտներից բացակայում են 427-ը:

«Դպրոց հաճախողների թիվը 1333 է, որից այսօր  բացակայում են 427 աշակերտներ: Ավելի շատ խուճապ է, քան երեխաները հիվանդ են: Ես զանգ եմ ստանում ծնողներից, նրանք հարցնում են, թե բերենք երեխաներին դպրո՞ց, թե՞  չբերենք: Մենք արդեն բոլորս էլ գիտենք, թե այդ վիրուսը մարդ ոնց է տանում: Իրազեկվածության պակաս լինելու պատճառով ծնողների մոտ մի տեսակ խուճապ  է առաջանում, վախից չեն բերում, չեմ հերքում,  կա նաեւ վիրուս: Ես զրուցել եմ բուժհաստատության հետ,  427 երեխայից ընդամենը 1 հոգի է դիմել բժշկական կենտրոն: Մենք մարզպետարանից եւ առողջապահության նախարարությունից գրություններ ենք ստացել, որ ամեն առավոտ ֆիլտրենք: Մեր բուժքույրերը կանգնում են դռան մոտ եւ այն երեխաները, ովքեր ջերմություն ունեն, գրիպ են, կամ լավ չեն զգում, հետազոտությունից հետո, եթե երեխայի մոտ նման բան է նկատվում, ուղարկում ենք տուն, հորդորով, որ տանեն հիվանդանոց»:

«Այսօր ունենք 26 բացակա, որից 16 սուր շնչառական վիրուսով հիվանդ են: Մեզ մոտ անցած շաբաթ էր շատ բացակայությունների թիվ: Այս շաբաթ արդեն հաճախումները նորմա է»,.-ասաց Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոցի տնօրեն Սոնա Մարկոսյանը: 

«H1N1 վիրուսի Հրազդանի  ԲԿ-ում ախտորոշում չենք կարող անել»,-ասում է Հրազդանի ԲԿ-ի բժշկուհի Նարինե Աբրահամյանը.  

«1 դեպք է եղել, որը ախտորոշվել է Արաբկիր ԲԿ-ում, ոչ թե մեզ մոտ, հիվանդը իրենց հսկողության տակ է, պարբերաբար բուժում է ստանում: Հիվանդանոցում պառկած դեպքերը չեն ավելացել, իսկ դիմելիությունը  շատ է: Պարզ է, որ դեպքը եղել է, ծնողներն էլ անհանգստացած են,  մի քիչ հազ, փռշտոց լինում է, անպայման բերում են հիվանդանոց»։