Երկաթյա արքան

Երկաթյա արքան

1307 թ. հոկտեմբերի 13-ին Ֆիլիպ Գեղեցիկը ստորագրեց Տամպլիերների օրդենի անդամների ձերբակալման հրամանը: Մի քանի տարիների ընթացքում այդ հզորագույն կառույցը ոչնչացվեց: Դա անշուտ համաշխարհային պատմության ամենաթալանչիական գործողություններից մեկն էր: Ֆրանսիայի արքան մի կողմից փորձում էր խուսափել տաճարականներից վերցրած իր պարտքերը վճարելուց, մյուս կողմից էլ նրանց անսահման ունեցվածքի հաշվին փորձում էր լցնել պետության դատարկված գանձարանը: Ֆիլիպը պարբերաբար եկամուտներ որոնելու խնդիր էր իր առջև դնում, քանի որ գանձարանը մշտապես դատարկվում էր:

Տամպլիերների օրդենը անկասկած անսահման կապիտալի, շարժական ու անշարժ գույքի տիրապետող վերպետական կազմակերպություն էր: Նրանք վարկեր էին տրամադրում ամբողջ Եվրոպային, որի արդյունքում պարտքերի մեջ հայտնված գահակալները կախվածության մեջ էին հայտնվում նրանցից՝ դառնալով վերահսկելի: Տամպլիերներն իրենց ունեցվածքի մեծ մասը բերել էին Արևելքից՝ Խաչակրաց թալանչիական արշավանքներից: Եվրոպայում քչերը կարող էին ձեռնոց նետել տաճարականների մեծ մագիստրին և այդ քչերից մեկը Ֆրանսիայի երկաթյա արքա Ֆիլիպ Գեղեցիկն էր:

Տամպլիերների ձերբակալման ակտը ցնցեց ողջ Եվրոպան, դա իսկապես անհավատալի և անհավանական թվացող գործողություն էր: Շատերն էլ դեմ էին: Եվ այսպես՝ Անգլիայի թագավորը համաձայնեց միանալ այդ խրախճանքին միայն Հռոմի պապի սպառնալիքներից հետո: Ի վերջո տամպլիերների օրդենի մեծ մագիստր Ժակ դը Մոլեն հայտնվեց  խարույկի վրա: Մահապատժին ներկա էր նաև Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը: Մահվանից առաջ Ժակ դը Մոլեն բարձրաձայն իր սարսափազդու ձայնով անիծեց իր երեք դահիճներին՝ Ֆիլիպ 4-ին, Կղեմես 5-րդ պապին և Գիլյոմ Նոգարեին, որն էլ անմիջապես ղեկավարում էր տամպլիերների ձերբակալման և կտտանքների ենթարկելու գործողությունները: Նոգարեին որոշ առումներով կարելի է համեմատել Լավրենտին Բերիայի հետ: Երկուսն էլ կտտանքների և դաժանագույն սպանություններ նախաձեռնելու հմուտ մասնագետներ են եղել: Ի դեպ հենց այդ նույն Նոգարեն որոշ տեղեկությունների համաձայն ներխուժել է Անանիա և ծեծի ենթարկել Բոնիֆացիուս 8-րդ պապին կամ էլ ապտակել: Շատ ուսումնասիրողներ հերքում են այս տեսակետը, բայց ոուսումնասիրելով տամպլիերներին կտտանքների ենթարկելու դաժանագույն ակտերը, կարող ենք չբացառել, որ նա այնուամենայնիվ համարձակվել է ձեռք բարձրացնել աստծո տեղապահի վրա: Իսկապես սարսափելի են Նոգարեի տամպլիերներից խոստովանություններ կորզելու մեթոդները:

Խարույկի վրա Մագիստրի արտաբերած անեծքը անհետևանք չի մնում, շատ չանցած արքան, Ավիոնյան պապը և Նոգարեն մեկը մյուսի ետևից մահանում են: Ժողովրդական առասպելական ընկալումների տեսանկյունից մագիստրի անեծքը մինչև 18-րդ դար ուղեկցել է ֆրանսիական միապետներին՝ Կապետինգների արքայատոհմը ընդհատվեց և իշխանության եկան տոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները՝ Վալուաները, որոնց շուտով փոխարինեցին նույնպես Կապետինգների կրտսեր ճյուղից Բուրբոնները: Անեծքի վերջնարդյունքը Լյուդովիկոս 16-ի դաժանագույն մահապատիժն էր, որից հետո Փարիզի բնակիչներից մեկը իբրև թե բացականչել է. մեծ մագիստրի վրեժն ի վերջո կատարվեց:

ֆրանսիացի գրող Մորիս Դրյուոնը վիպաշար ունի «Անիծյալ արքաներ» վերնագրով: Դրա առաջին վեպը սկսում է հենց Ֆիլիպ 4-ից, իսկ վերնագիրն է՝ «Երկաթյա արքան»: Չնայած բազմաթիվ ֆիլմեր կան տամպլիերների մասին, բայց վեպում անգերազանցելի կերպով նկարագրվում է, թե ինչ ճակատագրի արժանացան պատմական այս դրամայի գլխավոր դերակատարները:

Ի դեպ պատմական ինչ-որ շրջափուլում տաճարական ասպետները նաև Կիլիկիայի Լևոն 2-րդ արքայի հակառակորդներն էին և արգելակում էին Անտիոքի գրավման նրա փորձերը: Ի պատասխան ասպետների այս մոտեցման արքան բռնագրավեց Կիլիկիայում նրանց տիրույթները և դուրս շպրտեց երկրի տարածքից: Նույնիսկ Ինոկենտիոս 3-րդ պապի հորդորները չեն կանգնեցրել Լևոն 2-ին: Սա վկայում է հայոց արքայի ինքնիշխան լինելու հանգամանքի մասին։ Հիշեցնենք, որ պատմական այդ ժամանակաշրջանում Ինոկենտիոս 3-ը Եվրոպայի տերն ու տիրակալն էր: