Մի պարզ հարց
Նիկոլապաշտպաններին եւ նիկոլատյացներին ընդամենը մեկ հարցի պատասխան է իրարից բաժանում: Դա ավանդական ռուսական հարցն է. ո՞վ է մեղավոր: Ստեղծված իրավիճակի, մեր երկրի առաջ ծառացած խնդիրների ստեղծման հարցում գործող իշխանությո՞ւնն է մեղավոր, թե՞ այլ մեղավորներ կան: Նիկոլականներն ասում են` Փաշինյանն ու ՔՊ-ն մեղավոր չեն. մեղավոր են նախկինները, թալանը, ռուսները, աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր` փոքր ու թույլ պետություն լինելը: Ասում են՝ այս կորուստները կունենայինք ցանկացած իշխանության պարագայում․ եթե Սերժ Սարգսյանը մնար, եթե գնար, եւ մեկ ուրիշը գար: Ասում են` ոչ ոք չէր կարող այս արհավիրքների դեմն առնել, կանգնեցնել ի վնաս մեզ պտտվող թափանիվը:
Հականիկոլականները հակառակն են պնդում` որ այս աղետը մեզ բերել են ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը, որ տասնամյակներ շարունակ Ալիեւը չէր համարձակվում հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ գիտեր, որ չի հաղթելու: Իսկ երբ համարձակվեց` 2016-ին, կռիվն ընդամենը 4 օր տեւեց, եւ մենք միայն 100 զոհ ունեցանք ու մի բլրի կորուստ: Ասում են` Փաշինյանն է փչացրել հարաբերությունները գլխավոր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ, որը ե՛ւ զենք ունի, ե՛ւ Ադրբեջանին սաստելու ռեսուրսներ, բայց մեր պահվածքի պատճառով երես թեքեց մեզնից: Ասում են՝ հարյուրամյակներով հայկական պատմական հողը` Արցախը, դատարկվեց հենց ձեր ժամանակ, դուք չկարողացաք նորմալ բանակցել, պատերազմել, պառակտեցիք հասարակությանը եւ փոշիացրիք մեր ռեսուրսները:
Անգամ եթե ընդունենք, որ երկու ճամբարի փաստարկներն էլ ապրելու իրավունք ունեն, մի պարզ ճշմարտություն էլ կա՝ գործող իշխանությունն է միշտ պատասխանատու կատարվածի համար: Չէ՞ որ դուք էլ Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի հարցում նախկին իշխանություններին եք մեղադրում:
Կարծիքներ