Ձեր նման մասնագետը դաշտը անգրագետներին է թողել, որոնք թշնամուն Արցախ են հանձնում․ Գեղամ Մանուկյանի հարցը Վիգեն Քոչարյանին

Ձեր նման մասնագետը դաշտը անգրագետներին է թողել, որոնք թշնամուն Արցախ են հանձնում․ Գեղամ Մանուկյանի հարցը Վիգեն Քոչարյանին

Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, սակայն, ինչպես գրել էինք, նա չի եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը:

«Պրն Քոչարյան, Դուք Հայաստանում միջազգային իրավունքի ամենափորձառու ու հարգված մասնագետներից մեկն եք։ Դրա համար Ձեզ երկար ժամանակ ճանաչելով նեղ վիճակի մեջ չեմ դնի ու Արմեն Դանիելյանի մասին հարց չեմ տա։ Դուք դժվար վիճակում եք՝ Արմեն Դանիելյանին ներկայացնելով։ Ես այլ հարցեր ունեմ։ Դուք՝ որպես միջազգային իրավունքի մասնագետ, կարո՞ղ եք մեկնաբանել, որ երբ ասում են, թե մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, արդյոք դա նշանակում է, որ այդ երկիրը ճանաչում է մյուսի սահմանները քար առ քար, թե՞ ընդհանուր ձևակերպում է, որը դեռ գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից։ Ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի է արդյոք միջազգային իրավունքում որևէ դեպք, որ երկու երկիր՝ մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, փաստը արձանագրելու հետ միասին արձանագրում է նաև փաստը կիլոմետր քառակուսիներով»,- քիչ առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Քոչարյանին։

«Ես նախ կխնդրեմ, որ մեր բոլոր թեկնածուների նկատմամբ դրսևորվի հարգալից վերաբերմունք։ Ձեր հարցադրումները իրոք գործնական ու գիտական տեսանկյունից շատ հետաքրքիր են, սակայն ես նման քննարկման մեջ չեմ կարող մտնել այս ամբիոնից՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները , որոնք առկա են կանոնակարգում են։ Եթե այս հարցադրումները անեիք իրավական գիտաժողովի ժամանակ, ես մեծ հաճույքով կպատասխանեի»,- արձագանքեց Վիգեն Քոչարյանը։

«Ամեն մարդ իր գործունեությամբ ու կենսագրությամբ է իր նկատմամբ վերաբերմունք ձևավորում։  Ես շատ ցավում եմ, որ Դուք ասում եք, թե ԲԴԽ անդամ  լինելու հանգամանքով պայմանավորված չեք կարողանում պատասխանել իմ հարցին։ Ցավում եմ, որ Ձեր նման մասնագետը այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների , որոնք ոնց ուզում միջազգային իրավունք են մեկնաբանում, երբ մեր երկիրը տանում են խայտառակ վիճակի, Արցախը պատրաստվում են հանձնել թշնամում»,- նշեց Մանուկյանը։