Թոշակառու ուսուցիչների ընտանիքը բնակարանը կորցնելու վտանգի տակ է 

Թոշակառու ուսուցիչների ընտանիքը բնակարանը կորցնելու վտանգի տակ է 

Նախկին մանկավարժ, պատմության ուսուցիչ Գագիկ Վաղարշակյանն ու իր կինը, որը նույնպես մանկավարժ է, բանկային  համակարգի հերթական զոհն են դարձել։ Վաղարշակյանը  դիմել է դատարան՝ ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի` անշարժ գույքի աճուրդը եւ դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Բանն այն է, որ տարիներ առաջ՝ 2012 թվականին Վաղարշակյանի որդու ընկերը՝ Էդգար Թորոսյանը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից, որը հետագայում վերակազմավորվեց «Արդշինբանկի», 6 մլն դրամ հիփոթեքային վարկ է վերցնում՝ 3 տարի ժամկետով և 18 տոկոս տոկոսադրույքով ՝ գրավադրելով ընկերոջ ծնողների՝ Վաղարշակյանի և իր կնոջ  բնակարանը, ապա այդ գումարը կիսում է Վաղարշակյանի որդու հետ։ Վաղարշակյանը այդ 3 տարիների ընթացքում  կատարում է իր վարկային պարտավորությունները, սակայն վերջին տարում կինը հիվանդանում է, և թոշակառու ամուսինները չեն կարողանում վճարել տոկոսադրույքները։ 

Թոշակի անցած ուսուցիչը հանդիպում է «Արդշինբանկի» կառավարիչ Արտակ Անանյանին՝ խնդրելով ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա մաս-մաս վճարել։ Վաղարշակյանի խոսքով՝ իրեն ասում են, որ եթե մայր գումարը կարողանա վճարել, գուցե և տոկոսադրույքների վերաբերյալ մի դրական լուծում գտնեն, սակայն 4 ամիս հետո ստանում է հետևյալ պատասխանը․

«Ի պատասխան Ձեր դիմումի, որով խնդրում եք ժամանակ տրամադրել վճարված գումարները ուղղել մայր գումարի եւ վարկի մարման համար, սույնով հայտնում ենք, որ քննարկման արդյունքում բանկը նպատակահարմար չի գտնում Ձեր դիմումը բավարարել»:

Վաղարշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ պատասխանից մոտ 2 ամիս անց ստանում են մեկ այլ, ավելի շոկային գրություն  այն մասին, որ չնայած իրենց մոտ 1 մլն դրամ գումար էր մնացել վճարելու՝ իրենց պարտքը բանկին կազմում է շուրջ 5 մլն դրամ, քանի որ մոտ 1 տարի կնոջ հիվանդության պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները։ Ի վերջո ամուսինները ճանաչվում են սնանկ, բնակարանը դրվում է աճուրդի։ Դատական գործընթացների ժամանակ բանկն առաջին իսկ փորձով ԴԱՀԿ-ի աճուրդով գնել է վիճելի տունը՝ 5 միլիոն 300 000 դրամով:

Վաղարշակյանն ասում է, որ դիմել են Վերաքննիչ դատարան, քանի որ մի անապահով ընտանիքի շահ է ոտնահարվել, եւ առաջին ատյանի  դատարանը հօգուտ ուժեղ կողմի՝ բանկի է գործել.

« Մենք պարտքեր արեցինք, մոտ 3 միլոն դրամի մնացած գումարը վճարեցինք, ընդհանուր 6 մլն 700 հազար, դիմում գրեցինք, որ զիջեն , որովհետև բանկը իր գումարը հետ էր բերել արդեն։ Մի 3-4 ամիս խաբար չկար, մեկ էլ բանկից գրություն եկավ, որ բանկը նպատակահարմար չի գտնում , հետո էլի մի թուղթ էլ եկավ, որ մենք ունենք 5 ու կես միլիոն դրամի պարտք։ Այսինքն՝ 1 միլիոն 50 հազար պարտքը դարձավ 5 ու կես միլիոն։ Տվեցին գործը սնանկության կառավարչին, 700 հազար էլ նա պահանջեց, ընդհանուր դարձավ մոտ 6 միլիոն։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ես 100 տոկոսով ավել գումար եմ վճարում, դա օրը ցերեկով կողոպուտ է։ Ես իրենց ասում եմ՝ այ ընկեր, էս ոնց եք հաշվել, լավ, մի տարի ուշացրել ենք, բայց․․․։ Ես ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանին էլ դիմեցի։ Վերջը գործը տվեցին սնանկության, սնանկության կառավարիչը ասում է՝ բա տունը վաճառեք։ Ասում եմ՝ այ ընկեր, տունը վաճառեմ, ես որտե՞ղ ապրեմ։ 

Գործը մտավ դատարան, դատավոր Կարինե Պետրոսյանի մոտ։ Այս կինը 1 տարի 4 ամիս քաշքշելուց հետո տեսավ, որ թոշակառու ընտանիք է, աղջիկս ու իր անչափահաս երեխան մեզ հետ են ապրում, ամեն ինչը մեզ վրա է մնացել, հօգուտ բանկի որոշում կայացրեց։ Այդ խառը ժամանակահատվածում ասացին, որ բանկը Ձեր տունը գնել է արդեն, թուղթ է գալիս, որ մենք կարող ենք արդեն տունը ազատել։ Այդ ժամանակ մենք կրկին դիմեցինք դատարան, գործը կրկին ընկավ Կարինե Պետրոսյանին, որը հայցը մերժեց։Մոտ երեք նիստ էր տեղի ունեցել, բանկը ստեց, կար նոր երեւան եկած հանգամանք, սակայն դատարանը դա հաշվի չառավ: Դատավորի կողմից դատահաշվարկի արդյունքում մեկ միլիոնը դարձավ հինգուկես միլիոն դրամ, սակայն ինչպես այդ գումարները գոյացան, չհիմնավորվեց։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին եմ գրել, դիմել եմ, սակայն բանկը նպատակահարմար չի գտնում »,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Վաղարշակյանը: 

Դատական նիստի ժամանակ  «Արդշինբանկը» նշել է, որ գույքի օտարման գործընթացը տեղի է ունեցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանմամբ եւ շրջանակում, ինչպես նաեւ ողջ գործընթացն արդեն գույքի աճուրդային վաճառքի հետ կապված կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում. «Վերոնշյալ իրավանորմերի եւ մեկնաբանությունների, առկա փաստական հանգամանքների ամբողջությունից ակնհայտ է, որ Հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման, քանի որ բանկի կողմից հայցվորին նախկինում պատկանող գույքը չի բռնագանձվել արտադատական կարգով: Բացի այդ, ներկայացված ոչ մի փաստական հանգամանք եւս չի վկայակոչում այն մասին, որ գույքի հրապարակային սակարկությունները կազմակերպվել եւ իրականացվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումներով»:

Գագիկ Վաղարշակյանը ասաց, որ դեկտեմբրի 20-ին Վերաքննիչ դատարանում նիստ է տեղի ունենալու և սպասում են դատարանի որոշմանը։