Ոստիկանների հրելու եռանդն օգտագործել Սեւ լճի 30 տոկոսը վերադարձնելու համար

Ոստիկանների հրելու եռանդն օգտագործել Սեւ լճի 30 տոկոսը վերադարձնելու համար

Լուսանկարը՝ Նունե Բաղդասարյանի

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենի հետ

- Ի՞նչ ունենք պատերազմից գրեթե 2 տարի անց։

- Պատերազմը, իհարկե, ամենասոսկալին էր, բայց ոչ պակաս սոսկալի է, թե ինչ ունեինք պատերազմից առաջ։ Որեւէ խոստում նոր իշխանությունը չկատարեց, սկսած ամենապարզունակ բաներից՝ արագաչափեր, կարմիր գծեր..., իշխանությունը տոտալ ստով, պոպուլիզմով եկավ իշխանության եւ մարդկանց խաբեց։ Այս առումով պատերազմի հետեւանքներն ինչ-որ տեղ արդեն կարելի էր կանխատեսել։ Քանի որ լեզվի մասնագետ եմ, ուշադիր հետեւում եմ առաջին դեմքերի խոսույթին, նրանց լեզվական ձեւակերպումներին։ Պատերազմի առաջին օրը գերագույն գլխավոր հրամանատարն իր խոսույթի մեջ գործածեց «պարտություն» բառը եւ ասաց՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Դա աննախադեպ էր, քանի որ պարտությունը դարձավ խորհրդանիշ։ Ես կասկածում եմ, որ մեր զորքը տարվել է հաղթելու համար, ավելին՝ կարծում եմ՝ մեր զորքն ի սկզբանե տարել են պարտության։

- Ի դեպ, վերջերս վարչապետն ասաց, որ հնարավոր էր պատերազմը կանխել, բայց կունենայինք նույն արդյունքը, ուղղակի՝ առանց զոհերի։

- Մի քիչ հեռվից գամ եւ հիշեցնեմ նախկին գլխավոր շտաբի պետի հարցազրույցները, որտեղ նա մշտապես ասում է, որ պատերազմից առաջ զգուշացվել է, որ Հայաստանը զորքի, զինտեխնիկայի այս հարաբերակցության դեպքում, առանց լուրջ օգնության կարող է կռվել ընդամենը 4 օր...։ Կար նաեւ Մինսկի խումբ, որն ակտիվ աշխատանքի մեջ էր, բայց ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ սկսում է զրո կետից...։ Հետո հայտարարեց, որ իրավունք չունեմ բանակցելու Արցախի ժողովրդի անունից, որովհետեւ նրանք ինձ չեն ընտրել... եւ 3-րդ հայտարարությունը, որն արեց Արցախում, այն է՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, որն ուղղակի նշանակում էր՝ ես բանակցություններից դուրս եմ գալիս։ Սա անփութությո՞ւն էր, անլրջությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, հնարավո՞ր է, որ երկրի առաջին դեմքը, որն ունի տասնյակ խորհրդականներ, օգնականներ, իր խոսույթում նման բաներ թույլ տա։ Այս հայտարարություններից հետո ինչ եղել էր, պարզապես քանդվեց, ի վերջո՝ ո՞րն էր զրո կետը։ Այստեղից արդեն հասկանալի էր, որ մենք գլորվելու ենք անդունդը։ Դա հասկանալի էր նաեւ պարգեւավճարներից․ սարսափելի բան է, երբ խաբում են մարդուն, երբ գալիս են թալանածը ետ բերելու ալիքի վրա ու աստղաբաշխական պարգեւավճարներ են նշանակում իրենց, որը դարձավ պետական մասշտաբի կոռուպցիա՝ ուղղակի փաստաթղթավորված։ Հիմա ես ասում եմ՝ դուք կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձնեք այդ պարգեւավճարները եւ ներկայացնեք՝ ինչի դիմաց եք տվել։

- Նրանք, ովքեր այսօր դուրս չեն գալիս փողոց, չեն միանում պայքարին, մարդիկ են, ովքեր հավատո՞ւմ են «խաղաղության դարաշրջանին», թե՞ պարզապես վախենում են նախկինների վերադարձից։

- Պարտվելուց հետո խաղաղության համար բանակցելը կամ խաղաղության ինչ-որ գործընթաց սկսելն ուղղակի ծիծաղելի է։ Դու պարտվել ես խայտառակ ձեւով, բայց զարգացնում ես իբր խաղաղության թեզ։ Մինչեւ պատերազմը կարելի էր խոսել խաղաղության, սահմանները բացելու մասին, բայց պարտվելուց հետո բերել նման թեզեր՝ նշանակում է մեզ խաբել։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ գլուխներ են կտրում, երբ Ադրբեջանը քեզ հետ բոլոր հարթություններում ուլտիմատումի լեզվով է խոսում, ու Թուրքիան էլ ասում է՝ սահմանները կբացեմ, եթե դրան դեմ չլինի Ադրբեջանը։ Այդ խաղաղության դարաշրջանը պետք է բացեիք, քանի դեռ մենք հաղթած էինք։ Նաեւ անհեթեթ թեզեր են շրջում, թե հնարավոր չէր Արցախը պահել, բայց փաստացի Արցախը պահվել է, եւ մենք ահռելի կորուստների, արցախցիների անկոտրում կամքի շնորհիվ ունեցանք մեծ հաղթանակ։ Մարդիկ 25 տարի պահեցին Արցախը, հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, ու 2.5 տարի հետո պարզվեց, որ հնարավոր չէր պահել։ Սա տարօրինակ չէ՞... Որ նախկիններին չեն սիրում, ես դրա դեմ բան չունեմ ասելու, շատ օբյեկտիվ պատճառներ կան նրանց չսիրելու, բայց ինձ ասեք մի արժանիք, մի պատճառ, որի համար դու պաշտպանում ես Նիկոլ Փաշինյանին։ Դուք նույնիսկ նախկիններին պատժելու գործն էլ եք տապալել, «թալանածը» հետ բերելու, էլ չեմ ասում նրանց ասֆալտին փռելու շոուն...։ Շատերը դրան խաբվեցին, նախկինների հանդեպ ատելությունը տարիներ շարունակ գեներացվեց թե՛ օբյեկտիվորեն, թե՛ սուբյեկտիվորեն։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս դիմադրության շարժումից, ի՞նչ հանգրվանի կարող է բերել։

- Շարժումը պետք է արթնացնի, իսկ շատերի մոտ ուղղակի ձեւավորի ազգային գիտակցություն, որը ոտնահարվել է տարիներ շարունակ։ Նոր իշխանությունները, որոնք կգան, կընտրվեն, կամ ժամանակավոր կառավարություն կլինի, պետք է խոստանան, որ պետք է բացառեն հարստացման, պալատների, դղյակների կառուցման եւ նմանատիպ երեւույթները։ Դղյակաշինության մշակույթը պետք է վերանա, պաշտոնյաները պետք է ապրեն հնարավորինս համեստ՝ անգամ եթե մինչ պաշտոն ստանձնելը հարուստ են եղել: Հայ պաշտոնյայի կենսակերպի մշակույթ պետք է ձեւավորել: Ֆինանսական կարողություններ ունենալը վատ բան չէ, շատերն են ձգտում դրան, բայց հարցն այն է, թե ինչ նպատակի համար ես ծախսում ֆինանսական միջոցներդ, այսքան ֆոնդեր կան՝ հաշմանդամ զինծառայողների, զոհված հերոսների, տարբեր ծրագրեր, այդ թվում՝ կրթական, թող դրանց օգնեն, աջակցեն։ Ազգային միասնություն է պետք, մեկ միասնական ազգային գաղափար․ դանիացի փիլիսոփա Կիերկեգորն ասում է՝ մարդուն կյանքում ընդամենը մեկ ճշմարտություն է պետք, սակայն այնպիսի ճշմարտություն, հանուն որի մարդը պատրաստ կլինի ե՛ւ մեռնել, ե՛ւ ապրել։ Մեզ պետք է ազգային օրակարգ, մինչդեռ դրսից ուղղորդվող այդ գրանտային համակարգը շատ հստակ ուղղվածություն ունի՝ ապազգային։ Ես լավ գիտեմ, թե որտեղից են դրանց ակունքները, ինչի վրա են շեշտադրում անում, որ երկրի օրինակներն են բերում՝ ասելով, թե ազգային ու պետական շահերը կարող են չհամընկնել, եւ բերում են Ամերիկայի օրինակը, որտեղ բազմաթիվ ու իրար արդեն ձուլված ազգեր են ապրում, եւ որը սահմաններ չունի իրենից մի քանի անգամ մեծ երկու թշնամի պետության հետ: Ինչո՞ւ չեն բերում Շվեյցարիայի կամ Իսրայելի օրինակները: Հայաստանի նման մոնոէթնիկ երկրի համար ազգային ու պետական շահի հակասությունն ուղղակի մահ է։ Այսինքն, գիտակցված, թե չգիտակցված՝ ամբողջ ազգը, պետությունը տանում են կործանման, եւ ես նաեւ դրա դեմ եմ պայքարում։

- Ձեզ համար կարեւո՞ր է, թե հարթակում ով է կանգնած, եւ ով է շարժման առաջնորդը։

- Կարծում եմ՝ ճիշտ է, որ այս պահի դրությամբ դեռ լիդեր չկա։ Շարժումն այնքան բարձր նշաձող է դրել, որ սխալվելու իրավունք չունի, ժողովրդի մտածողությունն էլ բավականին պարզ է, մի օդիոզ դեմք է տեսնում ու միանգամից որոշում, որ չի գնա հրապարակ։ Լավ, ենթադրենք՝ մարդը սխալ է արել, իրավունք չունի՞ իր սխալը գիտակցել կամ եթե անգամ պաշտոնի համար է եկել, ուրեմն դու չպիտի՞ գնաս, պիտի հրաժարվե՞ս հայրենիքից, որովհետեւ մի օդիոզ իքս մեկը գալիս է այդտե՞ղ... աբսուրդ, ո՞նց կարելի է չգնալ, երբ դրված է հայրենիքի եւ հայի լինել-չլինելու հարցը։ Չեմ մեղադրում որեւէ մեկի, ընտրության հարց է, բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, դրա համար բոլոր հավաքներին պարտադիր գալիս եմ, ինչ կարող եմ, անում եմ, որովհետեւ չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու նայել, թե ինչպես են երկիրը կազմաքանդում, մինչեւ վերջ ավերում։ Սրա դեմը պետք է առնել, այլապես որպես ազգ, պետություն՝ կդադարենք լինել։

- Ընդդիմությունն ուզում է իշխանությանը նրա իսկ մեթոդներով հեռացնել։ Նույն տեխնոլոգիան 2-րդ անգա՞մ էլ կաշխատի։

- Հնարավոր է, որ մեխանիզմը նույնն է կամ նման է, բայց գաղափարական հիմքերը լրիվ տարբեր են: 2018-ի պայքարը ոչ թե հանուն որեւէ գաղափարի էր, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարության: Կարելի է ասել, որ գաղափարազուրկ էր, դրա համար էլ մանիպուլյացիաները հոյակապ աշխատեցին: Հիմա գաղափարական պայքար է ձեւավորվում, որը հենվում է առողջ ազգային գաղափարախոսության վրա, ինչի վերելքը պատերազմից հետո լիովին բնական է ու անհրաժեշտ: Մարդիկ տեսան, որ իրենց խաբել են, պոպուլիզմով տարել ու լցրել պատերազմի մսաղացի մեջ: 3 միլիոն վարչապետերից միայն մեկն ու նրա նեղ շրջապատի «հպարտ քաղաքացիներն» են խույս տվել դրանից:

- Ո՞նց եք գնահատում այս օրերին ոստիկանության պահվածքը, որին անընդհատ բախվում եք նաեւ Դուք։

- Շատ հետաքրքիր տեխնոլոգիա է կիրառում ոստիկանությունը, հայտարարվում է, որ ճանապարհը բացում ենք, եւ հենց այդ պահին, որ պետք է երթով շարժվենք, միանգամից ոստիկանները գրոհում են, իսկ այսօր ուղղակի վայրի գազանի տենդով հարձակվեցին ու մարդկանց ծեծելով, ջարդելով տարան։ Ընկերոջս էնպես քաշեցին, որ բաճկոնը մնաց ոստիկանների ձեռքին, հետո ջարդել-փշրելով մտցրին մեքենան։ Սա դառնում է ոստիկանապետություն, մի մասի դեմքն ուղղակի ադեկվատ չէ, տեսա՞ք, թե ոստիկանն ինչպես թքեց ցուցարարի վրա։ Ոստիկանների՝ հրելու, ջարդելու, մարդկանց փողոցից դուրս շպրտելու եռանդը կարելի է օգտագործել Սեւ լճի 30 տոկոսը վերադարձնելու համար։
Սարսափելի վիճակում ենք։ Ցավում եմ, որ հասարակությունը դեռեւս լիարժեքորեն չի հասկանում, թե ինչ է լինելու սրա հետեւանքը, հասարակությունը պետք է արագ կազդուրվի, այդ «նախկին» ասվածը թողնի մի կողմ եւ սկսի ազգային պետություն կառուցել, եթե ուզում է այստեղ ապրել։ Հնարավորություն դեռ ունենք եւ այս շանսը չպետք է կորցնենք, որովհետեւ հետո մեզ չենք ների։ Քաղաքական թիմը գա իշխանության, հեղափոխություն անի, հետո բոլոր անհաջողությունների մեջ նախկինների՞ն մեղադրի, բա ինչո՞ւ իշխանությունը վերցրիք, հեղափոխություն արեցիք, եթե չէիք կարողանալու որեւէ խնդիր լուծել։

- Շարժումը թե հաջողելու, թե չհաջողելու դեպքում ո՞ւր կտանի մեզ։

- Եթե այսօր Լեոնիդ Ազգալդյանի արձանն են ջարդում, դրանից հետո կջարդեն մեր բոլոր հերոսների գլուխները, լիարժեքորեն կզիջեն բոլոր հողերը, ասաց, չէ՞, որ Սեւ լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չէի՞նք անելու․ որտե՞ղ է քո երկրի սահմանը, ձյունածածկ այդ սարը կամ չոլը կոչվում է հայրենիք։ Ես չեմ հավատում, որ Շուշիի նման անառիկ ամրոցը հնարավոր էր թշնամուն հանձնել հենց դրա դրոշի տոնի օրը։ Նոր իշխանությունների արբանյակ ֆեյքային գործարաններն արցախյան առաջին գոյամարտի հերոսներին անարգելու եւ զրպարտելու ահռելի արշավ են ձեռնարկել: Ինչպե՞ս է ստացվել, որ 30 տարվա մեջ որեւէ մեկի մտքով չի անցել Ազգալդյանի արձանը կոտրել: Կոտրողին տեղում կկոտրեին, ինքնադատաստան կտեսնեին, որովհետեւ հայ ազգի սրբությանն է դիպել։ Իսկ այսօր կոտրում են, եւ կոտրողն ազատ քայլում է քաղաքի փողոցներով: Մեր խնդիրը միայն պատերազմում կրած պարտությունը չէ, այսօր հային մի ողորմելի ու խղճուկ կերպարի հագուստ են հագցրել ու փորձում են հայի ազգային ոգին մինչեւ վերջ կոտրել: Այս շարժումը հենց դա թույլ չտալու դեմ է: Հայկականն ու ավանդականը պահպանելու ու այդ հիմքի վրա զարգանալու, ազգային մեկ նպատակ ու նպատակներ ձեւավորելու կռիվ է, որը սկսվում է Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությունն ապահովելուց եւ անպայման հաղթելու է: