Խմորը դյուրահավատ ժողովուրդն է, ջուր լցնողը՝ նրան հունցող իշխանությունը

Խմորը դյուրահավատ ժողովուրդն է, ջուր լցնողը՝ նրան հունցող իշխանությունը

Անձնիշխանության (ավտորիտարիզմի), որպես մեկ անձի կամ խմբի գերկենտրոնացված տիրապետության, հաստատումը հիմնականում տեղի է ունենում իշխանության բռնազավթման ճանապարհով։ Ավտորիտար (և, անկասկած, տոտալիտար) վարչակարգերը հաստատվում են մեծաքանակ մասնակիցների ներգրավմամբ իրականացվող հեղափոխությունների կամ պալատական, ռազմական, կրոնական, կուսակցական դավադրությունների, ինչպես նաև քաղաքական ճգնաժամների հրահրմամբ՝ սահմանափակ մասնակիցների ներգրավմամբ հեղաշրջումների օգնությամբ։

Հեղափոխություններն ու հեղաշրջումները որպես կանոն սկսվում և տևական ժամանակ (անգամ տիրապետության հաստատումից հետո) ծնում են բռնությունների շարունակական շղթա, որոշ երկրներում բռնությունները չեն դադարում առհասարակ։ Նկատի առնելով տեղական ավանդույթների բազմազանությունը և հաղթողների երևակայությունը՝ բռնություններն ընթանում են տարբեր աստիճանի դաժանությամբ՝ սպանություններից, առևանգումներից, անհետացումներից սկսած մինչև խոշտանգումներ, բանտարգելումներ, ներկալումներ, արտաքսումներ և գույքի բռնազավթումներ։ 

Սակայն պատմությունն ունի բազմաթիվ այլ օրինակներ ևս, երբ ոչ միշտ է ավտորիտարիզմը կյանքի կոչվում ազգային կամ ցեղային անկայուն էլիտաների արյունալի նախճիրների արդյունքում։ 
Եթե գանք ավտորիտարիզմի հաստատման հայկական վերջին փորձին, ապա հարկ է արձանագրել, որ այն միսուարյուն ստացավ պետական հեղաշրջման մեղմ սցենարով։ Իշխանության առեղծվածային հանձնում-ընդունումը տեղի ունեցավ համեմատաբար հեշտ և անարյուն, չհաշված՝ մասնակիցներից մեկի ինքնավնասումը՝ ինքն իրեն առողջությունը չքայքայող թեթև մարմնական վնասվածք հասցնելու եղանակով։ Իշխանության անարյուն փոխանցման գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում հաջողվեց համախմբել կոռուպցիայից դժգոհ մարդկանց։ Մերոնց հմտորեն ներարկվեց իշխանության համակարգային և համատարած կոռումպացվածության մասին առասպելը, որին նրանք սիրահոժար հավատացին, ինչպես բոլոր ժամանակների և ազգերի մանուկները ծայրեծայր հավատացել են հեքիաթներին։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար համաձայնենք, որ ջադու պառավներ այդուհանդերձ կան, այնպես որ իրական դժվարություններից իրապես դժգոհները միավորվեցին, մանավանդ որ դրան նպաստեցին մեր իշխանությունների գոռոզամտությունը, ագահությունը և մյուս աններելի արատները։ Որ նույնպես բնորոշ են բոլոր ժամանակների և բոլոր ազգերի իշխանություններին։ Հայաստանում առկա էր, սակայն, լրացուցիչ ևս մեկ էական գործոն՝ անարդար ընտրությունները։ Այս հարցում նույնպես մարդկանց տևական ժամանակ համոզել էին, որ ընտրությունների արդյունքները շարունակ կեղծվել են, կոպտորեն ոտնահարել են մարդկանց իրավունքները, խորապես վիրավորվել արդարության ժողովրդական զգացումները։ Եվ դա արել են բացառապես իշխանությունները՝ ընտրական անթերի օրենսդրությամբ և այլմոլորակային ընտրակեղծարարների ձեռքով։ Այստեղ էլ ճշմարտության ոչ թե հատիկ, այլ մեծ բաժին կա։ Նախ, Ընտրական օրենսգիրքը մի քանի անգամ հիմնովին փոխվել է, այսինքն՝ քաղաքական կամքի առկայության դեպքում իշխանությունը կարող էր մարդավայել ընտրություններ կազմակերպել։ Իսկ կեղծարարության այլմոլորակային ծագման մասին պնդումները լիովին հիմնազուրկ են։ Պարզապես սատանայական դրդմամբ ընտրակեղծիքներն իրականացնում էին այդ նույն զանգվածներն՝ իրենց ձեռամբ և ի հեճուկս իրենց զուլալ զգացումների։

Այս ամենն արդեն պատմություն է դարձել։ Հիշաչար չլինենք։ Գրեթե երկու տարի առաջ մեզանում իրավիճակ փոխվեց ու պայքար է մղվում անցյալի արատավոր երևույթների դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարն, օրինակ, և հաջողություն ունի, և ձախողումներ։ Հաջողությունն այն է, որ «սպիտակները» գոհացումով համատարած ինքնապարգևատրվում են, որ հանկարծ չգայթակղվեն։ Իսկ ձախողումներն անվերջ են․ոչ մի կերպ առաջ չեն գնում «սևերի» ընտրողական դատավարությունները։ Այնինչ ժողովրդին հենց այս բեմում էին արնավառ տեսարաններ խոստացել։ 

Ոչինչ չի արվում ընտրակեղծարարության էջը փակելու, քվեարկության արդյունքների նենգափոխման սողանցքների վերացման, քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության օրենսդրական և  ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման համար։ Հայաստանցիները դեռ տառապում են շեքսպիրյան Համլետի սինդրոմից։ Դանեմարքայի անփորձ իշխանը չցանկացավ ճանաչել հորեղբոր գահակալման լեգիտիմությունը նույնիսկ իր մոր՝ լեգիտիմ թագուհու աթոռակցությամբ, ուր մնաց մեր խստապահանջ և կոփված հանրությունը համաձայնի ընտրությունների հարցում ապավինել «բարի թագավորի» ողորմածությանը։ Հայերս լավ գիտենք՝ բարի թագավորները հանապազ դառնում են անպիտան, նենգ, ձախորդ։ Այնպես որ վստահելի ընտրության իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովման խնդիրը Հայաստանում դեռ լուծված չէ։      
Իշխանությունը պնդում է, որ դրան խանգարում են նախկին թալանչիները, ռոբասերժական ուժերը, ռևանշիստները, մի խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությանը բոլոր ընդդիմացողները։ Սա արդեն լուրջ է ու վտանգներով լեցուն։ Սրա տակ ում ասես կարող են անցկացնել։ Ժողովրդի ասած՝ Էս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Խմորը ինքը՝ դյուրահավատ ժողովուրդն է, ջուր լցնողը՝ նրան հունցող, մատների վրա խաղացնող, այսինքն՝ մանիպուլացնող իշխանությունը։ Սա միամիտ լոռեցի չէ, որ անցնի հաց թխելու շենք ու շնորհք պահանջող գործին։ Սրա մոտ խմորի անվերջ հունցելն է լավ ստացվում։ Միայն վերջերս՝ դեռ երկու շաբաթ առաջ սրան խանգարում էր մինչև 2018-ի զանգվածային ու համաժամանակյա անկարգությունները ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը։ Թվում էր՝ այդ յոթից կազատվեն ու դուրս կգան հայրենի պետականության շենացման մայրուղի։ Սակայն պատուհասեց (թե՞ որպես երկնային պարգև ընծայվեց) COVID-19 վարակ։ Արտակարգ դրություն է հաստատված։ Աշխարհի բոլոր ծայրերից միայն տագնապալի լուրեր են հասնում։ Մեզանում խճողված իրավիճակ է․մի կողմում՝ հասարակությունն ու բժիշկներն են, որ պայքարում են համաճարակի տարածման դեմ, մյուս կողմում՝ կառավարությունը, որ արտակարգ դրության ռեժիմի ծխածածկույթի ներքո փորձում է ազատությունների սահմանափակումներով ամրապնդել ավտորիտար վարչակարգը։ Եվ պետք չէ զարմանալ։ Իրավունքի գերակայությունից, ժողովրդավարությունից, այլակարծությունից առաջին հերթին հոգնում են ժողովրդավարության ու խոսքի ազատության շնորհիվ իշխանությանը տիրացածները։ Յակոբինյան և բոլշևիկյան բռնապետությունները դրա ապացույցներն են։ 

Արա Սահակյան