Պնդելու ենք մեր մեր օրակարգի իրականացումը․ Խզմալյանը՝ Փաշինյանի առաջարկած ձևաչափին մասին

Պնդելու ենք մեր մեր օրակարգի իրականացումը․ Խզմալյանը՝ Փաշինյանի առաջարկած ձևաչափին մասին

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ասաց, որ արտախորհրդարանակն ուժերի ձևաչափում կուսակցությունն իր օրակարգն է առաջարկում, որը Հայաստանի եվրաինտեգրումն է։

Խզմալյանն այն կուսակցության ներկայացուցիչներից մեկն է, ով հունիսի 23-ին կառավարության շենքում դեմ առ դեմ հանդիպել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել նույն Փաշինյանի նախաձեռնած կլորսեղանային հանդիպմանն՝ այլ ուժերի հետ համատեղ մասնակցությամբ։

Հունիսի 23-ին Խզմալյանի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ «մենք հիմա մտածում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն»: 

Խզմալյանն, որ հայտարարություններում բազմիցս նշում էր, որ այս իշխանությունները Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ են և կատարում են նրա հրամանները, այդ օրը Փաշինյանին շնորհավորել էր «վերընտրման կապակցությամբ»։  «․․․ Դուք երկրորդ անգամ, փաստորեն, ընտրվեցիք որպես խորհրդանիշ, մերժելու խորհրդանիշ. առաջին անգամ Դուք խորհրդանշում էիք «մերժիր Սերժին»։ Դա նշանակում էր մերժել մի համակարգ, որը հասցրել էր երկիրն անդունդի շեմին։ Հիմա Դուք ընտրվեցիք, մեր տպավորությամբ, «մերժիր Ռոբին, մերժիր Քոչարյանին» տրամաբանությամբ: Եվ երկու դեպքում էլ, միգուցե ոչ բանաձևված կերպով, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ հասարակությունը գիտակցաբար, ենթագիտակցաբար մերժում էր այն համակարգը, որը ծնեց այդ հրեշներին», - ասել էր ՀԵԿ նախագահը Փաշինյանին։

Դիտարկմանը, որ «Դուք նախկինում նշում էիք, որ այս իշխանությունները ռուսական ազդեցության գոտում են, Ռուսաստանի հրամաններն են կատարում» և հարցին, թե «ինչպե՞ս եք հնարավոր համարում Ձեր համագործակցությունն արտախորհրդարանական ուժերի ձևաչափում», Խզմալյանը պատասխանեց․ 

«Այո, այո, Դուք իրավացի եք, ես անցյալում դա նշում էի։ Հիմա էլ պնդում եմ, որ եթե այդ չարաբաստիկ համագործակցությունը [Ռուսաստանի հետ] շարունակվի, մենք դուրս ենք գալու այդ ձևաչափից։ Եվ ես պնդում եմ, որ այդ ձևաչափը ստեղծված է հենց ռուսական ուղիղ ազդեցությունից և թելադրանքից դուրս գալու նպատակով»։ 

Խզմալյանն ասաց, որ ուղիղ կապ է տեսնում այս ձևաչափի ստեղծման և Եվրոպական միության կողմից 2,6 միլիարդ եվրոյի օգնության (Արևելյան գործընկերության Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում) միջև։ «Որովհետև ընտրություններից հետո Հայաստանում փաստորեն ընդհատվեց ժողովրդավարական գործընթացը։ Քանի որ Հայաստանում ընտրությունների արդյունքում չձևավորվեց կառուցողական ընդդիմություն։ Այն, ինչ մենք ունենք խորհրդարանում, դա ընդդիմություն չէ, դա թշնամական, զավթիչ երկրի [Ռուսաստանի Դաշնության] 5-րդ շարասյունն է։ Ուստի բավական բնական է, որ կառավարությունը դիմեց արտախորհրդարանական ուժերին։ Հիշեցնեմ Ձեզ, որ դա արվում է երկրորդ անգամ։ Մի անգամ դա արվել էր պատերազմի սկզբին, երբ որ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին արտախորհրդարանական ուժերին հրավիրել էին վարչապետ Փաշինյանի մոտ։ Այդ ժամանակ ես դեռ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» կազմում էի, և ԱԺԲ-ի կողմից հրավիրված էր Վարուժան Ավետիսյանը։ Այն հանգամանքը, որ կրկին ընտրվեց այդ ձևաչափը, վկայում է, որ կառավարությանը չի բավարարում ընտրված Ազգային ժողովի գործունեությունը։ Եվ իրենք ընտրում են ժողովրդավարական հակակշիռ և ընտրում են դա արտախորհրդարանական ուժերի շրջանում», - ընդգծեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավարը։

Քաղաքական գործիչն ասաց, որ մասնակցել-չմասնակցելու հարցը քննարկել էր կուսակցության վարչության հետ ու ստացել համաձայնությունը մի պայմանով։ «Այդ պայմանը ես հնչեցրել եմ հրապարակավ, դա ասել եմ նաև Փաշինյանին․ մենք մեր առջև, մեր երկրի առջև ծառացած, գոյացող մարտահրավերների պատասխանը տեսնում ենք եվրաինտեգրման մեջ»։

Հարցին՝ «Ձեր համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանյանի հետ» և դիտարկմանը, որ «վերջինս սերտ հարաբերություններ ունի ռուսական քաղաքական շրջանակների հետ, նաև այս ընտրություններին մասնակցում էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ», Խզմալյանը պատասխանեց, որ չի պատրաստվում համագործակցել «Ալյանս»-ի հետ։ «Ես չեմ պատրաստվում համագործակցել «Ալյանս» կուսակցության հետ։ Մենք հրավիրված ենք կառավարության կողմից, նախաձեռնությունը գործող իշխանություններինն է։ Ամեն արտախորհրդրանական ուժ բերում է իր օրակարգը։ Որ օրակարգը կընտրվի, դա էլ կնշանակի համագործակցություն։ Մասնակիցները բոլորը չեն համագործակցում։ Մենք չենք ընտրում մեր ձևաչափի մասնակիցներին, մենք ընտրում ենք մեր օրակարգը։ Մեր օրակարգն այն քայլերն են, այն գործողությունները, որոնք ծառայելու են Հայաստանի եվրաինտեգրմանը։ Առայժմ ես հիմքեր չունեմ պնդելու, որ դա մերժվում է այնքան ժամանակ, մինչև որ մենք համոզված ենք, որ մեր օրակարգն իրականացվում է։ Իսկ դա իրականացվում է, և դրա լավագույն վկայությունն այն է, որ Եվրամիությունը տվել է Հայաստանին մեծ նյութական օժանդակություն, և դա ուղիղ ուղերձ է։ Ես վստահ եմ, ես ասացի Ձեզ պատասխանելիս սկզբում, որ ուղիղ կապ եմ տեսնում մեր մասնակցության և այդ օժանդակության միջև», - ընդգծեց նա։

Հարցին՝ «համալիրում հանդիպման եկած ուժերից որի՞ հետ է պատրաստ 100 տոկոսով համագործակցել», Խզմալյանը պատասխանեց, որ դեռ չի կարող այս հարցին պատասխանել։ «Ես դեռ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ձևաչափը նոր է ձևավորվում, իր օրակարգը նոր է ձևավորվում, և իրական համագործակցության մասին դեռևս խոսելը վաղ է։ Մենք դեռևս ներկայացրեցինք մեր մոտեցումները․ իրենք բավական տարբեր են։ Համագործակցությունը գործնական առումով կսկսվի այն պահից, երբ որ այս կամ այն ուժի օրակարգը դառնա գերակայող և կսկսվի իրականացվել։ Մենք պնդելու ենք մեր գաղափարախոսության, մեր օրակարգի իրականացումը», - հավելեց ՀԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ եվրաինտեգրում նշանակում է Հայաստանի գործնական անդամակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընթաներին։ «Մեր օրակարգը, մեր գաղափարախոսությունը, մեր ձևաչափը հենց դա է։ Եվ դա չի փոխվել ոչ մի սանտիմետրով։ Մենք այդ օրակարգն ենք առաջարկում և դա ենք պաշտպանելու», - եզրափակեց քաղաքական գործիչը։