Անիմաստ կալանքի միջնորդությունների համար ծանրաբեռնված չեն, հանցագործությունները բացահայտելու համար ծանրաբեռնված են

Անիմաստ կալանքի միջնորդությունների համար ծանրաբեռնված չեն, հանցագործությունները բացահայտելու համար ծանրաբեռնված են

Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխություններով առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ եւ գործուն զղջման ինստիտուտը կիրառել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Այսինքն՝ եթե անձը, որը ծանր ու առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ է մեղադրվում, ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը, ասի, որ զղջում է, կազատվի քրեական պատասխանատվությունից։ Նախկինում այս նորմը գործել է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Քրօր-ով ծանր հանցանքներ են համարվում այն արարքները, որոնց համար օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ առանձնապես ծանր հանցանք են համարվում այն արարքները, որոնց համար նախատեսված է 10 տարուց ավելի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում: Օրինակ՝ պետական դավաճանության համար 15 տարի ազատազրկում է նախատեսվում, այսինքն՝ այն առանձնապես ծանր հանցանք է, առանձնապես ծանր հանցանք են նաեւ պատերազմի ժամանակ դասալքությունը, սպանությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ անձինք, որոնք մեղադրվում են պատերազմի ժամանակ դասալքության մեջ, կարող են ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը, ասել, որ զղջում են, ու կազատվեն պատասխանատվությունից:

Արդարադատության նախարարությունն այս փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ իրավապահներն ու դատարանները ծանրաբեռնված են, եւ այս փոփոխությունները կթեթեւացնեն վերջիններիս ծանրաբեռնվածությունը։ Կարճ ասած՝ իրավապահները ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարածների «հավեսը չունեն», չեն ուզում երկար-բարակ քննություններ անել։ Բայց այս փոփոխության համար ավելի լուրջ պատճառ կա` ծանր հանցանքների մեջ մեղադրվողները, որպես կանոն, հրաժարվում են ընդունել իրենց մեղքը, պայքարում են` անցնում բոլոր ատյաններով, հետո դիմում Եվրադատարան եւ ապացուցում իրենց անմեղությունը` ի ցույց դնելով քննչական համակարգի անգրագիտությունը եւ իշխանությունների շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը նախաքննությունների ընթացքին: Այս սողանցքը ստեղծելով՝ իրավական համակարգը հնարավորություն կունենա շանտաժով եւ ստիպողաբար մարդկանցից խոստովանական ցուցմունքներ կորզել` գործուն զղջալու հետ համադրված, եւ մի կողմից կստացվի, որ քննիչները ճիշտ մեղադրանքներ են հարուցել, մյուս կողմից՝ զղջացողներին կազատեն ու կազատվեն երկար քննություններից, արդարացման դատավճիռներից, ՄԻԵԴ վճիռներից: Ենթադրություն կա, որ այս նորմը մտցնում են հատկապես պատերազմի հետ կապված քրգործերի համար, որ, մի կողմից, լրացնեն Աննա Հակոբյանի հայտարարած 11 հազար դասալիքների բանակը, մյուս կողմից` պատերազմի եւ պարտության համար Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հերքվի:

Թեմայի առնչությամբ զրուցել ենք նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի հետ, ում լիազորությունները ԲԴԽ-ն վերջերս է դադարեցրել։ Հարցրինք՝ տվյալ դեպքում որքանո՞վ է հիմնավոր ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու պատճառաբանությունը։

«Առհասարակ, պետության պատժիչ քաղաքականությունը, այդ թվում՝ նաեւ պատժից ազատելը, երբեւէ պայմանավորված չի եղել նախաքննության մարմինների եւ դատարանների ծանրաբեռնվածությամբ. դա աբսուրդի ժանրից է: Նախագծի հիմնավորման փաստարկը կամ երեւի թե խնդիրը լուծվում է այլ գործիքակազմով եւ այլ պետական մարմինների կողմից, որոնց պետք է ներկայացվի խնդիրը: Նախագծի հիմնավորումից պետք է հասկանալի լիներ, որ այս հարցով պետք է զբաղվեր արդարադատության նախարարությունը: Բայց պետք է փաստենք, որ նույնիսկ դատարաններին վերաբերող մասով արդարադատության նախարարն իր գործառույթները զիջել է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխված Կարեն Անդրեասյանին, ուստի զարմանալի չէ նաեւ պետության քրեական քաղաքականության բնագավառում լիազորություններից հետ կանգնելն ու զուտ կարծիք արտահայտողի դերում հայտնվելը: Անդրադառնալով նախագծի հիմնավորմանը՝ կարելի է ընդամենը փաստել, որ եթե այդքան հրատապ է ծանրաբեռնվածության հարցը, ապա կարելի է ավելի արմատական լուծում առաջարկել. ապաքրեականացրեք տնտեսական հանցագործությունների մասը, հատկապես որ մի փոքր վերլուծության պայմաններում կարելի է խայտառակ եզրահանգումների գալ այս ոլորտում տիրող վիճակի եւ խայտաբղետ պրակտիկայի վերաբերյալ: Մտահոգող է հատկապես հարկային ոլորտում տիրող իրավիճակը, երբ առանց ՊԵԿ-ի կողմից ստուգման ակտի հիման վրա թաքցված հարկային պարտավորության առաջադրման, գերծանրաբեռնված քննչական մարմինը ձեռնամուխ է լինում թաքցված հարկերի մասով հարկային մարմնի գործառույթի իրականացմանը: Երեւի թե կարելի է խորհուրդ տալ՝ զբաղվել իրական գործով եւ ոչ թե անիմաստ կալանքի միջնորդություններով, եւ զգալի չափով ծանրաբեռնվածությունը կնվազի: Վստահաբար կարելի է պնդել, որ նախագիծը հիմնավորված չէ, քանի որ հիմնավորման մեջ ներկայացված է բացառապես մի նպատակ, որը կապ չունի քրեական արդարադատության հետապնդած խնդրի հետ եւ բոլորովին համահունչ չէ վերջին ժամանակներս ծանր հանցագործություների աճը կանխելու մարտահրավերին»,- պատասխանեց Անտոնյանը։