Ասես վարչապետի մրցակիցը լինի՝ պետության ղեկավարման գործում

Ասես վարչապետի մրցակիցը լինի՝ պետության ղեկավարման գործում

Երբ Կարեն Դեմիրճյանի, Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կանայք ու ընտանիքները պետական քաղաքականության մեջ չէին, հանրության ուշադրության կենտրոնում չէին, ամեն ինչ իր հունով գնում էր։ Հիմա ուրիշ է։ Եկավ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, կնոջը այնպես մխրճեց հասարական թոհուբոհի, պետական, անգամ ռազմական քաղաքականության մեջ, որ հանրությունը չէր հասկանում՝ կինն ինչ ոլորտ է ղեկավարում կամ կա՞ ոլորտ, որտեղ նա չկա։ Աշխարհով մեկ շրջագայությունների իմաստը չէինք հասկանում, ոչ էլ «թուրն առած պատերազմի մեջ մտնելու մարտարվեստի իմաստը»։ Այն դեպքում,  երբ «չոլերն ընկած» խաղաղություն էր քարոզում,  զենքից զարդ  ձուլում, Ալիևային հրավիրում Ստեփանակերտ՝ թեյ խմելու։
Կարեն Դեմիրճյանի կնոջ  հիշողություններն եմ կարդում ու կարոտում այն երանելի օրերը, երբ հանրությունը  կարոտում էր, որ մի բան լսի նրա ընտանիքի, կնոջ մասին։

Հետագա մեր ղեկավարներն էլ այդպիսին էին, չնայած կոմունիստների շրջանը չէր։ Ամեն ինչ արվում էր չափի մեջ, զուսպ։ Ահա թե ինչ էր պատմում Կարեն Դեմիրճյանի կինը․ 
«Կոմունիստները պաշտոնական դիրքի չարաշահում էին համարում, եթե կանգնում էիր ամուսնուդ կողքին: Ես արդեն իսկ տարբերվում էի Միության առաջին տիկիններից, որովհետեւ աշխատում էի, մինչդեռ ղեկավարների կանայք հիմնականում չէին աշխատում: Ես թիկնապահներ չունեի, ոտքով կարող էի շրջել: Ես ազատ էի: Կարեն Սերոբիչն էլ շատ զգույշ էր, որ որեւէ սխալ քայլ չանենք: Նա ինքնուրույն էր ղեկավարության հետ, ուր մնաց տանը… Բայց խորհուրդներ լսում էր եւ եթե իր մտածածի հետ համընկնում էր, ընդունում էր: Ես միշտ ստվերում էի, բայց միշտ՝ կողքին: Մարդիկ զարմանում էին՝ ինչպե՞ս է դա ինձ հաջողվում: Իսկ ես ի սզբանե ինձ համար ընդունել էի, որ Կարեն Սերոբիչը շատ բարձր է, որ կյանքում ու ընտանիքում առաջնորդը նա է: Եվ ես ինչ էլ անեմ, հասարակությանը չեմ կարող տալ նրա արածի մեկ բաժինն իսկ: Ես միշտ էլ իմ տեղն ունեցել եմ: Փայլուն սովորում էի, եւ մեծ ապագա էին խոստանում, բայց ամուսնանալուց հետո գիտակցաբար ինձ նվիրեցի ընտանիքին ու երեխաներին՝ ազատելով նրան ընտանեկան հոգսերից: Ես փորձում էի անել այն, ինչ կարող էի՝ առանց բարձրաձայնելու: Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Ջոտտոյի թանգարաններն իմ օժանդակությամբ են բացվել: Ուրոլոգ Աբրահամյանի հավաքածուն Մոսկվայում Կոսիգինն էր ուզում վերցնել, Կարեն Սերոբիչի եւ Ֆադեյ Տաճատիչի հետ հարցը կարգավորեցինք… Երբեք չեմ ջանացել երեւալ, երբեք վատ չեմ զգացել, որ ստվերում եմ: Ինձ համար գործն էր կարեւոր: Ես գովեստի կարիք չունեի: Եվ ոչնչի համար չեմ զղջացել: Երբեք: Չեմ զղջացել, որ կարող էի գիտության մեջ առաջ գնալ, թեկնածուական թեզ պաշտպանել: Ես միշտ էլ արել եմ այն, ինչ անհրաժեշտ էր մարդկանց: Եվ ինձ ոչինչ ավելին պետք չէր, որովհետեւ իմ կողքին հոյակապ ամուսին ունեի, հրաշալի տղաներ, հրաշալի ընտանիք: Նա իսկապես հոյակապ հայր էր, նվիրյալ ամուսին: Մենք միահամուռ էինք ամեն ինչում»:

Կարդում ես ժամերով ու չես հագենում։ Կին, որ չի երևացել, բայց միշտ ամուսնու կողքին է եղել։ Նիկոլ Փաշինյանի կինը գոնե մի քիչ կարդար, տեղեկանար նախկին ղեկավարների կանանց պահելաձևը ու հասարակությանը ազատեր իրեն տեսնելու, իր մասին խոսելու, անընդհատ երևալով՝ չպարտադրեր մարդկանց, որ ,,զբաղվեն իրենով, իր ընտանիքով,,։ Այնպիսի տպավորություն է, ասես տիկինը լինի վարչապետի մրցակիցը՝ պետության ղեկավարման գործում։ Հետո էլ զարմանում է, որ երկրի անվտանգության, ղեկավարման հետ կապված հարցերում ինչու՞ են ամուսնուց առաջ մեղադրում իրեն։