Ով որտեղից եկավ-դարձավ մարզպետ

Ով որտեղից եկավ-դարձավ մարզպետ

Այն, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը նրա կառավարության ամենախոցելի տեղն է, վկայում են գրեթե ամեն օր տարբեր առիթներով եւ տարբեր մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Դա հատկապես զգալի է մարզերում. նորանշանակ մարզպետները ոչ միշտ են արդարացնում հասարակության հույսերը, ոմանց նշանակումն անգամ ուղեկցվեց բողոքի ակցիաներով: 

Ծանոթանալով նոր կառավարության մարզպետների կենսագրությանը՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է նրանց ձախողումների պատճառը. նրանցից շատերը չունեն համապատասխան աշխատանքային փորձառություն: Անգամ մարզպետներից մեկի աշխատանքային գրքույկի առաջին գրառումը մարզպետի պաշտոնն է: Թեեւ նրանք ունեն բարձրագույն կրթություն, բայց պրակտիկ գիտելիքներ ոմանք չունեն, իսկ դա ոչ պակաս կարեւոր է այնպիսի բարդ ոլորտ ղեկավարելու համար, ինչպիսին է մարզը: 

Արմավիրի 27-ամյա մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ոչ հարուստ կենսագրությունը հիմնականում կապված է արտերկրի հետ։ Ծնվել է Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո, մինչեւ 2016-ն ապրել եւ աշխատել է Հայաստանից դուրս. 6 տարի կրթություն է ստացել ԱՄՆ-ում, այնուհետեւ աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում նախ որպես շուկայի պատասխանատու, այնուհետեւ՝ որպես Դոնեցկում ՀՀ հյուպատոսի խորհրդական: 2016-ին վերադարձել է Հայաստան եւ աշխատել Ամերիկյան համալսարանում՝ որպես ֆակուլտետի կառավարիչ եւ կրթության գծով խորհրդական: Իսկ 2018-ի հոկտեմբերին նշանակվել է Արմավիր մարզպետ: Նրա կենսագրականում նշված աշխատանքները որեւէ առնչություն չունեն ո՛չ հայաստանյան համայնքների, ո՛չ էլ, առավել եւս, մարզերի հետ: Մաթեւոսյանը մինչ մարզպետ նշանակվելը ծանոթ չէր հայաստանյան ներքին կյանքին, նրա խնդիրներին, մարզերի առանձնահատկություններին: Ուստի պատահական չէ, որ արմավիրցիները նրան համարում են ոչ յուրային՝ դրսից եկած մարդ, եւ որեւէ խնդիր ունենալու դեպքում բողոքի ակցիաներ են անում, ճանապարհ փակում, որպեսզի իրենց խոսքը միանգամից հասնի Փաշինյանին: Նրանք մարզպետի հետ հույսեր չեն կապում:  

Արարատի մարզպետի անունն ամենաշատն է հիշատակվում մամուլում եւ համացանցում: 31-ամյա Գարիկ Սարգսյանը մինչեւ մարզպետ նշանակվելը մոտ մեկուկես տարի եղել է Արարատի Նոր կյանք համայնքի ղեկավարը: Դա է նրա աշխատանքային գործունեությունը, դրանից հետո միանգամից նշանակվել է Հայաստանի ամենաբարդ մարզի՝ Արարատի մարզպետ: Հարկ է նշել, որ համայնքի ղեկավար լինելու ժամանակ նա աչքի է ընկել համայնքանպաստ քայլերով: Նրա ղեկավարած Նոր կյանքը համարվում է Հայաստանի առաջին հեղափոխական գյուղը: Մարզպետ դառնալուց հետո Սարգսյանի իմիջը գնալով դառնում է շարքային չինովնիկի իմիջ, ով պաշտոնների է նշանակում իր ազգուտակին:   

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ներկայացնելու կարիք չկա: Մարզպետների մեջ նա ամենաավագն է եւ ամենահարուստը՝ կենսագրությամբ, որը հիմնականում կապված է եղել իրավապահ համակարգի հետ: Նա աշխատել է ՀՀ նախկին երեք ղեկավարների ժամանակ, իրավապահ ոլորտում զբաղեցրել բարձր պաշտոններ, ուստի նրան ո՛չ անփորձ կարելի է համարել, ո՛չ էլ Հայաստանի ներքին կյանքին անտեղյակ: Այլ բան է, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան ավելի լավ կարող էր աշխատել նույն ոլորտում, բայց նոր՝ ետհեղափոխական Հայաստանի ոգով:  

Վայոց ձորի 30-ամյա մարզպետ Տրդատ Սարգսյանը ԵՊՀ արեւելագիտության եւ իրավագիտության ֆակուլտետներն ավարտելուց հետո, կարելի է ասել, միանգամից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: Թեեւ նրա կենսագրականում այդ նշանակումից առաջ գրված է, որ 2016-2018 թթ․ եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ, բայց դա պետական աշխատանք չէ։ Տրդատ Սարգսյանը մշտապես ակտիվ հասարակական գործունեություն է վարել, մասնակցել է քաղաքացիական շարժումների: 

Մարզպետներից ամենափորձառուներից է Տավուշի մարզպետ 45-ամյա Հայկ Չոբանյանը, ով ծնունդով Շամշադինի շրջանից է: Նա նույնպես ունի համալսարանական կրթություն, ավարտել է ՀՀ Կառավարման ակադեմիան, իսկ մինչ մարզպետ նշանակվելը տարբեր պաշտոններ է զբաղեցրել թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր սեկտորում: Աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, եղել է հրատարակչության տնօրեն, 5 տարի ղեկավարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվական կենտրոն» ՓԲԸ-ն, հիմնադրել է «Արփի սոլար» արեւային էներգիա արտադրող ընկերությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է ղեկավարել: ԱԺ վերջին ընտրություններում Չոբանյանն առաջադրվել էր որպես ռեյտինգային թեկնածու, սակայն չհաղթահարեց անցողիկ շեմը, քանի որ ամբողջ մարզային ռեսուրսն աշխատում էր նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եւ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի համար: Անկախ ընտրությունների արդյունքներից, Չոբանյանը դրական վարկանիշ ունի Տավուշի մարզում: Նրան պատահական մարդ չեն համարում եւ հույսեր են կապում նրա հետ։ 

Կոտայքի 40-ամյա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես անծանոթ մարդ չէ իր ղեկավարած մարզում: Թեեւ ծնվել է Տավուշի Չինարի գյուղում, բայց մանկությունից նրա ընտանիքը տեղափոխվել է Աբովյան քաղաք: Մինչ մարզպետ նշանակվելը, համալսարանական կրթությունն ստանալուց հետո նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ. եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնտեսագետը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Օրանժ Արմենիայում», ղեկավարել է մասնավոր շինարարական կազմակերպության կոմերցիոն բաժին, եղել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենը:  

Լոռու 38-ամյա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը թեեւ իր ողջ կենսագրությամբ կապված է իր ղեկավարած մարզի հետ, քանի որ միշտ աշխատել է Վանաձորում, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ողջ կյանքում միայն ատամնաբուժությամբ զբաղված բժիշկը, ով այլ ոլորտում աշխատելու փորձ չունի, ինչպես է ղեկավարելու մի ամբողջ մարզ՝ իր բոլոր բարդ ու չլուծված խնդիրներով հանդերձ: 
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ծնվել, մեծացել է Գյումրիում, մինչ մարզպետ նշանակվելը դասախոսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, այնուհետեւ՝ Շիրակի պետական համալսարանում: Բավականին ակտիվ գործունեություն է ծավալել հասարակական կյանքում, մշտապես եղել է տարբեր ՀԿ-ների խորհրդի անդամ կամ գործընկեր: 
Արագածոտնի 28-ամյա մարզպետ Դավիթ Գեւորգյանին դժվար թե մարզի բնակիչներն ընդունեն որպես յուրային: Նա ծնվել, բարձրագույն կրթությունը ստացել եւ կարճատեւ աշխատանքային փորձ է ձեռք բերել Երեւանում, մասնագիտությամբ շուկայաբան է, 2 տարի զբաղեցրել է «Նոյյան տապան» տպագրատան տնօրենի պաշտոնը, մինչ այդ հիմնել է մարքեթինգային գործունեությամբ եւ բիզնեսով զբաղվող «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն: Ու չնայած անփորձությանը, նա անցած տարվա հունիսին նշանակվեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ, իսկ հոկտեմբերին՝ Արագածոտնի մարզպետ:    

Գեղարքունիքի մարզպետ 35-ամյա Գնել Սանոսյանը ծագումով նույն մարզից է: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո աշխատել է որպես աշխարհագրության ուսուցիչ, այնուհետեւ դասախոսել է նախ Երեւանի հյուսիսային, այնուհետեւ՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում: Մեկ տարի էլ ՍՊԸ-ի վաճառքի պատասխանատու է եղել: Մի խոսքով, ոչ մի կառավարման փորձ չի ունեցել, բայց քանի որ ՔՊԿ հիմնադիր անդամ է, իշխանափոխությունից անմիջապես հետո նշանակվեց բնապահպանության փոխնախարար, այնուհետեւ՝ Գեղարքունիքի մարզպետ:  

Ուշագրավ է, որ մարզպետներից ոմանք, ցանկանալով հարստացնել իրենց կենսագրության մեջ աշխատանքային գործունեության դատարկ էջը, նշում են ինչ-որ հասարակական գործունեության, ինչ-որ անհայտ օտարահունչ անվանումներով ընկերություններում զբաղեցրած անորոշ պաշտոնների մասին, որոնք երբ մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ կոնկրետ աշխատանքային գործունեության հետ գրեթե առնչություն չունեն: Ասենք, Վայոց ձորի մարզպետը նշանակվելուց առաջ եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ, Շիրակի մարզպետը, բացի դասախոսությունները, նշել է, որ եղել է «Հայկական Կարիտաս» ՀԿ շահերի պաշտպանության եւ լոբբինգի պատասխանատու: 

Մինչ բարձր պաշտոններում ակամա հայտնված մարզպետներին կյանքը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան, եւ նրանք հաջողությունից գլխապտույտի մեջ իրենք իրենց պարգեւատրում են, իսկ մարզերի խնդիրները մնում են չլուծված, գյուղացին մնում է իր հոգսի հետ միայնակ: Իսկ երկրի առաջին դեմքի կողմից անգամ ձոնված չափածո հանձնարարականով դժվար թե գյուղացու մատի փուշը հանեն…