Կապանից «Իջևան-2» չստացվեց

Կապանից «Իջևան-2» չստացվեց

Կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ցույցերը ճնշելու նպատակով ոստիկանության բավականին մեծաթիվ զորք ուղարկվեց Կապան։ Ներքին զորքերը, փաստորեն, կրկին կիրառվում են ներքին կյանքում, այն էլ՝ հանրային բողոքի ալիքը ճնշելու համար։ Ու երեկոյան, մեր տեղեկություններով, 7 ավտոբուս էր ուղարկվել Կապան եւ 15 փոքր մեքենա, բոլորի մեջ՝ ներքին զորքերի զինծառայողներ։ Երեկ ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ինչ նպատակով են ոստիկանության զորքերն ուղարկվել Կապան, ինչ հրաման են նրանք ունեցել, որքան զորք է ուղարկվել, արդյոք զորքն արդեն վերադարձե՞լ է Երեւան, կա՞ն բերման ենթարկվածներ, ոստիկանության այլ ստորաբաժանումներ ուղարկվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, որքա՞ն։ Սակայն մեր այս բոլոր հարցադրումներին ոստիկանության լրատվականից պատասխանեցին ընդամենը հետեւյալը․
«Ոստիկանությունը յուրաքանչյուր միջոցառման ժամանակ որոշում է ծառայողների քանակն ու միջոցների ընտրությունը»։

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ նախօրեի վաղ առավոտյան մի քանի քաջարանցիների բերման էին ենթարկել Կապան, բռնության ենթարկել, եւ նրանց մերձավորները՝ համայնքապետի ղեկավարությամբ, շտապել էին Կապան եւ ոստիկանության շենքի դիմաց ողջ օրը ցույց էին անում՝ պահանջելով ազատ արձակել տղաներին կամ առնվազն քննությունն իրականացնել Կապանում, քանի որ լուր էին ստացել, որ Կապանից երիտասարդներին տեղափոխելու են Երեւան։ Ուշ երեկոյան ոստիկանության զորքերի զինծառայողներով լի 7 ավտոբուս էր դուրս եկել Երեւանից՝ յուրաքանչյուրում 20 ոստիկան, եւ 15 փոքր մեքենա՝ 4-ական ուղեւորով, ու ճանապարհվել դեպի Կապան։

Իսկ մինչ այդ Կապանի ոստիկանության շենքի դիմաց բարձրախոսով յուրաքանչյուր 5 րոպեն մեկ ցույցի մասնակիցներին զգուշացնում էին, որ պարետի որոշման եւ արտակարգ դրության կանոնների շրջանակներում արգելվում է հավաքներ անելը, եւ առաջարկում ցրվել՝ հակառակ դեպքում ուժ կկիրառվի հավաքված մարդկանց նկատմամբ։

Ցուցարարները խոսում էին, որ Կապանում Նիկոլը որոշել է «երկրորդ Իջեւան» սարքել՝ անտառահատների ցույցերը ցրելու օրինակով, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, նրանից որոշները գիշերով իրենց տներից բերման էին ենթարկվել ու ծեծվել։
Մինչ ներքին զորքերի ժամանելը, Քաջարանի համայնքապետը, զրուցելով ոստիկանության պաշտոնյաների հետ, դուրս եկավ ցուցարարների մոտ եւ հայտարարեց, որ բռնություն այլեւս չի կիրառվելու, խոստացել են քննությունը տանել օրինականության սահմաններում։ Եվ մարդիկ ցրվեցին։

Ի դեպ, երեկ՝ օրվա ընթացքում, Երեւան բերվածներից երկուսին ազատ արձակեցին։ Քանի որ Քննչական կոմիտեն չէր թաքցրել, որ նրանց բերման ենթարկելը մի նպատակ ունի՝ պարզել համայնքապետի մասնակցությունն օրեր առաջ Քաջարանում կատարված դեպքերին, կարելի է ենթադրել, որ երիտասարդները կա՛մ ցանկալի ցուցմունքները տվել են, կա՛մ ասելիք չեն ունեցել համայնքապետի մասով, ուստի նրանց կալանավորելու իմաստ չի եղել։