Խրախուսենք խիզախներին

Խրախուսենք խիզախներին

Խենթության, խիզախության պակաս կա մեր երկրում։ Խոսքը խելապակասների ու մանկամիտների մասին չէ, այլ խենթ բարեփոխիչների, առճակատման գնացող խիզախների, ծրագիր ու տեսլական ունեցող մտավորականների, որոնք չեն վախենում հոսանքին դեմ գնալուց, կարծրացած համակարգերը քանդելուց, օրվա հզորներին դեմ գնալուց։

Մարդիկ, որոնք պատրաստ են Վերածննդի մեծ մտածող Ջորդանո Բրունոյի նման խարույկի վրա այրվել, Անդրեյ Սախարովի նման մի ամբողջ սովետական կայսրության դեմ գնալ, բայց պաշտպանել եւ առաջ տանել իրենց հայացքները։ Մի ողջ կյանք ապրել հալածյալի, չհասկացվածի, մերժվածի կյանքով, զրկանքներ կրել, սակայն չվախենալ ու չնահանջել։

Այս առումով մենք առանձնապես ուրախանալու շատ բան չունենք՝ մեր ազգը զգուշավոր է, բզին բռունցքով խփելը նրա բնույթի մեջ չկա։ Պատահական չէ, որ սովետական կայսրության տապալումից հետո բոլոր ճնշված ազգերն իրենց գզրոցներից հանեցին եւ տպագրեցին բազմաթիվ համարձակ գործեր, որոնք սովետական գրաքննությամբ չէին անցել եւ մնացել էին անտիպ, իսկ հայ գրողները, պարզվեց՝ չունեն նման աշխատություններ․ գրել են միայն այն, ինչ թույլատրելի է եղել։ Ուստի համարձակությունն ու ստեղծագործական խիզախումները պետք է խրախուսվեն բոլորի, այդ թվում՝ հենց իշխանության կողմից։

Դա է լինելու մեր փրկության բանաձեւը։ Դա է ճեղքում առաջացնելու։ Ոչ մի երկրում առաջընթացն ու զարգացումը չեն կայացել միջին վիճակագրական սպառողի համեստ, աննկատ աշխատանքի շնորհիվ։ Բոլոր թռիչքներն ու վերելքները խենթերն ու խիզախներն են ապահովել։ Այս առումով պետք է ուրախանալ, որ մի դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան անունով, տարանջատվեց վախեցած ու զգույշ զանգվածից եւ հակադրվեց պետությանը՝ հայտարարելով, որ ինքն օրենքին է ծառայում եւ ոչ մեկից չի վախենում։