Արցախը հայտնվել է փաստացի շրջափակման շեմին. Ի՞նչ անել
Արցախի ու Հայաստանի իշխանությունները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ Հայաստանն ու Արցախը կապող նոր ճանապարհի գործարկման արդյունքում, որն ունենալու է 5 կիլոմետր լայնություն, թշնամուն են հանձնվելու Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները, սակայն ճանապարհն ունենալու է նույն միջանցքային տրամաբանությունը, ինչպես նախկին ճանապարհի Բերձոր-Աղավնո հատվածը, եւ վերահսկվելու է ռուս խաղաղապահների կողմից:
Սակայն, ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք, անմտություն է կուրորեն հավատալ իշխանությունների հայտարարություններին` դրանք երբեմն սուտ են լինում, երբեմն իրավիճակի եւ թշնամու ազդեցության պատճառով փոփոխվում են: Բերձոր-Աղավնոյի ու փաստացի նաեւ Հայաստանն Արցախին կապող միջանցքի հանձնումն Ադրբեջանին դրա թարմ ապացույցն է:
Եթե այս հարցում հայկական կողմն ունենար մի փոքր ինքնավստահություն, քաջություն, դիվանագիտական հմտություն, կկարողանար գոնե այս փուլում չհանձնել գործող միջանցքը եւ խուսափել հայաբնակ բնակավայրերի հանձնումից, որովհետեւ նախ` նոյեմբերի 9-ի փաստաթղթով արձանագրված է, որ պետք է ապահովվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ կապը, իսկ հիմա փաստացի տեսնում ենք, որ հանձնելով Բերձորն ու Աղավնոն՝ ընդհատվում է կապը Հայաստանի հետ, քանի որ այս պահին չկա այլընտրանքային գործող ճանապարհ: Իսկ մեզ տրամադրվող, այսպես ասած, այլընտրանքային ճանապարհն այս պահին գնում ու վերջանում է ամայի մի վայրում, որտեղ չկա անցանելի ճանապարհ: Եվ փոխանակ մեր իշխանությունները պնդեն, որ այս պահի դրությամբ հնարավոր չէ ճանապարհը հանձնել, քանի որ դրանով խախտվում է եռակողմ հայտարարության այդ դրույթը, ենթարկվում են Ադրբեջանի ճնշումներին` հայտարարելով, թե, ոչինչ, մի 4 կմ գրունտային ճանապարհով կկապվենք մայրուղուն:
Հիշատակման արժանի երկրորդ հանգամանքն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է «միջանցքը» հանձնվում, երբ անգամ չի լրացել նոր երթուղու պլանավորման ժամկետի վերջնաժամկետը:
Իսկ ՀՀ իշխանությունների երկիմաստ ու իրար հակասող հայտարարություններն այս հարցով, իրավիճակն էլ ավելի են բարդացնում: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք:
Փորձենք հասկանալ, թե այն, ինչ ասվում է մեր իշխանությունների կողմից, իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Եվ տեսնենք, թե այդ նոր ճանապարհի մասին ինչ է գրված նոյեմբերի 9-ի փաստաթղթում:
Նշված փաստաթղթի 6-րդ կետում գրված է. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Նախ՝ իրոք, հայկական եւ ռուսական տարբերակներում այս հատվածում կա տարբերություն: Ի տարբերություն հայկական տարբերակի, ռուսական տարբերակում գրված է, որ նոր երթուղին անցնելու է «Լաչինի միջանցքով», իսկ հայկական տարբերակում գրված է. «Լաչինի միջանցքի երկայնքով»: Այսինքն` հայկական տարբերակի տրամաբանությամբ, նոր երթուղին դուրս է լինելու «Լաչինի միջանցքից», եթե ավելի պարզ ասենք, ապա այն որեւէ առնչություն չի ունենալու «Լաչինի միջանցքի» հետ, քանի որ անցնելու է այդ միջանցքի «երկայնքով», այսինքն` միջանցքից դուրս է լինելու: Այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, ու եթե սա պարզապես թյուրիմացություն կամ սխալ թարգմանության արդյունք լիներ, ապա ՀՀ վարչապետի պաշտոնական կայք-էջում այն արդեն փոխված կլիներ, սակայն առայսօր նշված տեքստը նույնն է մնացել: Սրանից կարելի է հասկանալ, որ նոր երթուղին չի ունենալու միջանցքային տրամաբանություն, համենայնդեպս, նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման բան գրված չէ:
Սակայն վերը նշված փաստաթղթում եւս մեկ ուշագրավ ձեւակերպում կա: Արձանագրված է, որ «ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այս հատվածում բացակայում է «միջանցքի» հիշատակումը: Ի դեպ, փաստաթղթում արձանագրված է միայն, որ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների եւ բեռնատար տրանսպորտների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով, եւ ոչ մի խոսք չկա երթուղու անխափան գործունեության կամ անխոչընդոտ երթեւեկության մասին: Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանությամբ, Ադրբեջանը պարտավորություն ունի միայն երթուղու անվտանգության համար եւ որեւէ պարտավորություն չունի երթեւեկության անխափան լինելու համար, ու այդ տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է ե՛ւ մաքսակետ կամ հսկիչ կետեր տեղադրել այդ ճանապարհին, ե՛ւ նույնիսկ փակել երթեւեկությունը: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նրանց լիազորությունը թերեւս սահմանափակվում է միայն այդ երթուղու անվտանգությունն ապահովելով:
Եվ ինչքան էլ մենք փորձենք մեզ խաբել ու սին հույսերով ապրել, ինչքան էլ որ մեր իշխանավորները փորձեն մեզ դատարկ խոստումներ տալ, իսկ որոշ դեպքերում էլ բացահայտորեն խաբել, այս իրականությունից փախչել չենք կարող:
Ի՞նչ պետք է անել:
Բոլոր միջոցներով ստիպել, որ ՀՀ իշխանություններն ու վարչապետը Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրեն, որտեղ հստակ նշված կլինեն ինչպես այդ միջանցքի իրավական ռեժիմը, պարամետրերը, անվտանգության երաշխիքները, այնպես էլ Ադրբեջանի վրա պարտավորություն դրվի՝ միջանցքի անխափանության ու անխոչընդոտության վերաբերյալ: Մինչեւ սա չլինի, մենք որեւէ երաշխիք չենք ունենա, որ այդ ճանապարհը կգործի միջանցքային տրամաբանությամբ ու կարող է անխափան եւ անխոչընդոտ կապ ապահովել Հայաստանի ու Արցախի միջեւ: Բանավոր որեւէ պայմանավորվածություն չի կարող երաշխիք տալ վերը նշվածի վերաբերյալ, քանի որ Գորիս-Կապան մայրուղու օրինակով մենք տեսանք այդ բանավոր պայմանավորվածությունների իրական բնույթը:
Արցախի հանրությունը պետք է գիտակցաբար մոտենա այն փաստին, որ մենք կանգնած ենք փաստացի շրջափակման շեմին, որը կբերի Արցախի ամբողջական հայաթափմանը: Ուստի բոլորի պարտքն է ոտքի կանգնել, միանալ հայրենիքի ճակատագրով ու Արցախի հայաթափումը կանգնեցնելու իրական մտահոգությամբ ձեւավորված շարժումներին եւ փորձել ՀՀ իշխանություններին ու դրսի ուժերին պարտադրել իր կամքը: Սա է միակ ելքը: Այլեւս ժամանակ չկա մտորելու ու վախենալու: Բոլորիս ճակատագիրն է դրված վտանգի տակ:
Կարծիքներ