Մտավորականների լռությունը տանելի չէ, դա բերել է այս օրվան

Hraparak.am-ը բազմիցս անդրադարձել է իշխանության որոշմանը՝ պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, եւ որպես հիմնավորում՝ հղում են արել «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար:
Նկարիչների միության անդամ, գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը hraparak.am-ի հետ զրույցում նկատում է, որ նկարիչների միության անդամների կողմից այդ հարցը ամենօրյա ռեժիմով պետք է բարձրացվի, իսկ լռել՝ նշանակում է զրկվել հանրային աջակցությունից :
«Եթե նկատել եք, թեման մամուլում այնքան էլ չի արծարծվում, եւ կարծես ոչ մեկի հետաքրքիր էլ չէ, առավել ևս ոչ ոք չի մասնակցում թեմայի քննարկմանը։ Մտավորականության լռությունը տանելի չէ, հասարակությունը դա նկատում է։ Գոնե վերջին 5-6 տարին ես անընդհատ ասել եմ, բարձրաձայնել եմ, որ մենք պիտի չլռենք։ Հիմա, երբ պետությունը փորձում է սեփականացնել թե նկարիչների, թե գրողների միության շենքերը, մի օր էլ կասի՝ դուրս եկեք այդտեղից, իմ սեփականությունն է, որոշել եմ այլ նպատակով օգտագործել ։Նկարիչների միության շենքը դեռ խորհրդային տարիներից անցել է շատ բարդ ճանապարհ։Գույքի մի մասը տարբեր ճանապարհներով մասնավորեցվել է, նաև ստեղծվել է մի իրավիճակ, որ հարկերի չվճարման մի շղթա է առաջացել, բայց վերջին տարիներին կարծես թե կարգավորվել էր խնդիրը , եւ թեման փակվել։ Հիմա պետությունը որոշել է, որ պետք է պետականացնի, մի օր էլ կասի ՝ պարտքեր ունեք եւ․․․․։ Այդ շենքը մայրաքաղաքի ամենագեղեցիկ տեղում է գտնվում, մտավորականների դարբնոց է, առաջիններից մեկն էր, որ արցախյան ազատամարտի տարիներին պլակատներ էր պատրաստել, իսկ հիմա՝ այս տարբեր զարգացումներում գոնե մի նեյտրալ հայտարարությամբ չկարողացավ հանդես գալ։ Առաջին իսկ օրերին պետք է դիրքորոշում հայտնեին, հայտարարությամբ հանդես գային ։ 1000-ից ավել անդամ ունեցող մտավորականության շենքը պետականացնում են։ Արցախի կորստից հետո անդադար զանգում էի, ասում՝ մի լռեք, ձեր խոսքը ասեք, անգամ այն ժամանակ, երբ բուհերն էին օպտիմալացնում, մոտ 4000 ուսանող այդ պահին աջակցության կարիք ուներ․․․, հենց այդ լռությունն է բերում այս օրվան »,-ասաց գյումրեցի մտավորականը՝ ընդգծելով, որ այսօր հույսը դնել իրավական ճանապարհով հարցի լուծմանը, միամտություն է։
Արթուր Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ որպես նկարիչների միության անդամ, խնդիրն հանրայնացնելու համար ինքն անձամբ որևէ նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է։
«Գնացել եմ, հանդիպել, խոսել պատասխանատուների հետ։Իսկ մենք ունենք մի դիրքորոշում, որ մի ասուլիս պիտի տանք ու վերջ, իսկ ես ընդամենը անդամներից մեկն եմ։ Մինչդեռ կառույցն ունի հայտարարություն ընդունելու ձև, հազարավոր կառուցվածքներ, թե ինչպես դա պետք է արվի, համագումարով պիտի որոշում ընդունվի, ինչը, սակայն, առանց հանրությանն ուղղված կոնկրետ ուղերձի, իր արդյունքը չի տալու։ Այս հարցն արդեն դարձել է քաղաքական, եւ իրավաբանորեն առաջ տանելով՝ միայն ինքդ քեզ պաշտպանելու համար չէ »,-նշեց մեր զրուցակիցը ։
Կարծիքներ