Փայլուն նիստ ունեցանք…

Փայլուն նիստ ունեցանք…

Իսկապես, ի՞նչ տարբերություն, թե ով է գրել շաքարի ու շաքարամանի մասին հայտնի պատմվածքը: Մի՞թե չէր կարող դա լինել Թումանյանը, որ մեզ «Գիքոր» է թողել, որը նույնպես բռնության մասին է: Եթե գրականագետների, գրաքննադատների, գրականության պատմաբանների, պատմաբանների, պատմագիրների եւ լեզվաբանների համար խիստ կարեւոր է հեղինակների ու պատմական դեմքերի տարանջատումը, ապա դա նրանց պրոբլեմն է եւ ոչ թե կառավարության նիստին ֆիզիկապես ներկայացած ԿԳՄՍ առաջնորդ Արայիկ Հարությունյանի: Ասում են՝ նիստից հետո Փաշինյանին հուշել են, որ շաքարի պատմվածքը Նար-Դոսն է գրել, ոչ թե Թումանյանը: Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է հուշել: Արայի՞կը: Բնավ, երբեք: Մեկը լինի՝ Արայիկին հիշեցնի, որ պետք է հեռանա կամ այնպիսի օրենք գրի, որ հայոց լեզուն, հայ գրականությունը եւ հայոց պատմությունը ներառվեն նաեւ կառավարությունում եւ ԱԺ-ում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում:

Մյուս կողմից էլ՝ Արայիկի «քյարը» ո՞րն է, որ մի հատ էլ զայրացած վարչապետին ուղղի, չէ՞ որ ինքն էլ այն համակարգի մի մասնիկն է, որը, ինչպես արտահայտվեց Փաշինյանը, դեմ է գնում հեղափոխությանը, խոչընդոտում է: Եվ, առհասարակ, ո՞վ իմանար, թե որ նախարարին նկատի ուներ վարչապետը, երբ նրանց գրությունները համեմատում էր «չգիտեմ որ դասարանի» աշակերտների գրած նամակների հետ:

Թույլ տվեք, սակայն, Արայիկ Հարությունյանի վրա շատ չծանրանալ եւ անցնել բուն ասելիքին: Մամուլը հեղեղված է դեկտեմբերի 12-ի՝ ծայրից ծայր «կիքսերից» կազմված կառավարության նիստի մասին պատմություններով: Այդ նիստը շատ հանգիստ կարելի էր վերածել գեղարվեստական ֆիլմի: Թե ինչ կստացվեր՝ կոմեդիա, մարտաֆիլմ, շպիոնաժ, թե մի ուրիշ բան, էական չէ: Ուզածդ ժանրում այն «Գրան պրի» կբերեր:

Ինչեւէ, վարչապետը դժգոհում էր համակարգից՝ վատ եք աշխատում, անգրագետ եք, չգիտեք ինչ եք անում, վեր եք ընկել՝ մնացել, պետք է ձեզ ճիպոտով քշել, ինձ սխալ տեղեկատվություն եք տալիս երկրի ու պողոսների մասին, ամեն տեղ ինձնից ավելի կաթոլիկ եք ձեւանում, բայց մոռանում, որ Հռոմի պապը ես եմ…

Թերթերից մեկի խմբագիրը ո՛չ այն է՝ նույն օրը երեկոյան, ո՛չ այն է՝ հաջորդ օրն առավոտյան գրեց՝ ոտիդ տակն ընկնեմ, վարչապետ ջան, հանկարծ քեզ չխառնես համակարգի հետ, որովհետեւ համակարգն Աֆրիկայում էլ համակարգ է, դու դրանց հետ գործ չունես, դրանք նույնիսկ հեղափոխությունից հետո են կաշառք վերցնում… Հենց սա հնչեց, հեղափոխության պահակակետից Բաբաջանյան Արմանի բլթոցը լսվեց․ բա որ ասում էի՝ չի կարելի հույս դնել նախկինների վրա՞, կառավարության միջին օղակներում նախկիններ են նստած, Ջանջուղազյանը նախկին է, Անանյանը նախկին է… Սկսեց գործ տալ:

Եվ այսպես ողջ օրը: Գրագետների մի մասը «դուխ» էր տալիս վարչապետին, մի մասը՝ հանգստացնում, մի մասն էլ ո՛չ նալին, ո՛չ մեխին՝ իր կյանքն էր պատմում կառավարության նիստի ֆոնին: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից «մուննաթ» եկան՝ վայ ձուն գա ձեր գլխին, էս ինչերի մասին եք խոսում կառավարության նիստում, մի տեսեք ինչեր է ասել Մամեդյարովը, վեր կացեք՝ հերքեք… «Պարտիզաններից» էլ հույս չկար, որ մի խելացի բան կասեին Փաշինյանի ու համակարգի այս առճակատման մասին, որովհետեւ նրանք էլ, թարսի պես, ողջ օրը, շունչները պահած, բարի լուրերի էին սպասում Վաշինգտոնից ու բաց էին թողել կինոյի լավ տեղերը:

Այնպես որ, հիմա ստիպված եմ դեկտեմբերի 12-ին կառավարությունում անցած-դարձածն ամփոփել սեփական զգացողություններով: Եվ ուրեմն՝ ինչ զգացի, ավելի ճիշտ՝ ինչ եմ զգում, չէ, ավելի ճիշտ՝ ինչ տեսա… Իսկ ես տեսա, որ Փաշինյանը նկատելիորեն մեծացել է՝ աճելու իմաստով: Միշտ էլ որոշակի չափերի հասնելուց հետո ես զգում վտանգները: Օրինակ՝ բարձրության վտանգը: Նա դեռ նախորդ նիստին էր խոսել «պատուհանից թռչելու» մասին եւ խնդիր դրել, որ կառավարության տան պատուհանները, ամեն դեպքում, ամրացնեն: Դեկտեմբերի 12-ին վարչապետ Փաշինյանն արդեն դժգոհում էր համակարգից՝ խառը, բոլորից, ով ձեռքի տակ ընկավ, հայտարարեց, որ համակարգը դեմ է գնում հեղափոխությանը, սխալ տեղեկատվություն են տալիս երկրի ու գործերի մասին… Եվ, ամենակարեւորը՝ Փաշինյանը բոլորին հասկացրեց, որ չի պատրաստվում նրանց հետ ընկնել անդունդը… Ահա այսքան աճել է Փաշինյանը, որ մեկ ամիս առաջ, պաշտպանելով ԿԳՄՍ առաջնորդ Արայիկ Հարությունյանին, ասում էր, որ նրա արածների համար ողջ կառավարությունն է պատասխանատու:

Իսկ ի՞նքը: Ինչի՞ համար է ինքը պատասխանատու: Սա, ի դեպ, շատ կարեւոր հարց է, բայց այլ խոսակցության նյութ: