Բանակում լիքը խնդիրներ կան 

Բանակում լիքը խնդիրներ կան 

Ժամանակին, երբ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն էր ու նույնիսկ բարեկամը, մեր երկիրը ժամանակակից սպառազինություն էր ստանում ՌԴ-ից, և այն էլ գործարանային գներով: Այնպես, ինչպես ռուսական բանակն էր այն ձեռք բերում: 2018-ին Սերժին մերժելով ու «դուխով» Նիկոլին վարչապետ կարգելով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները դարձրինք թշնամական: Արդյունքում կորցրինք Արցախն ու երիտասարդ մի սերունդ՝ չնայած ոմանց կարծիքով ազատվեցինք արցախյան բեռից: Նաև հարուստ ու հանգիստ չապրեցինք, բայց դե գետանցման ժամանակ ձիեր փոխելը զոհեր է պահանջում: Երևի այդպես կասեր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը, եթե 1865-ին չվերընտրվեր երկրորդ ժամկետով: Մեր հայացքն ուղղեցինք Եվրոպայի և նրա միջոցով Հյուսիսատլանտյան դաշինքի կողմը, սակայն ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը մեր կարիքը չզգացին: Ու, չնայած այդ ծանր զոհաբերություններին, մնացինք միայնակ՝ մեզ մեր պատմական հայրենիքի վերջին կտորից հեռացնել փորձող թշնամու դիմաց:  

Այդ ամենից պետք է որ դաս քաղեր խեղճացված «ժողովրդի փրկիչը», և առաջին դասը պետք է լիներ հրաժարական ներկայացնելը: Բայց քանի որ վերջինս միշտ առաջնորդվել է «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անհեթեթ դատողությամբ՝ նրա կողմից դաս քաղելու փոխարեն մեզ բոլորիս սպասվում են ավելի ծանր փորձություններ: Սովորաբար այդպես է լինում, երբ ադեկվատությունից զուրկ կամ այն կորցրած ղեկավարին շարունակում են աջակցել ադեկվատություն չունեցող զանգվածները։

Ինչևէ, անցնենք առաջ: ՌԴ-ի հետ թշնամանալուց հետո ՀՀ-ն ստիպված էր սպառազինություն գնել որտեղից պատահեր: Այնպես պատահեց, որ ֆրանսիականից բացի առաջարկ ստացվեց Հնդկաստանից: Վերջիններս մեզ վաճառեցին (շարունակում են վաճառել) ռուսական արտադրության սպառազինության մոդեռնացված տարբերակներ: Հաշվի առնելով զենքի  գնորդից այն վաճառողի վերածվելու հնդկական քաղաքականությունը՝ պետք է որ մեր ստացածը (կամ ստանալիքը) լինի որակյալ: Հաշվի առնելով նաև այդ երկրում էժան աշխատուժի առկայությունը՝ ենթադրելի է, որ այն շատ թանկ չի լինի՝ համեմատած ռուսական նմանատիպ միավորների հետ: Ինչը կարելի էր ողջունել: 
Բայց նախորդ օրը ՀՀ ՊՆ Պապիկյան Սուրենի այցը Հարավային Կորեա վկայեց, որ տվյալ հարցում իմ դրական կարծիքն այնքան էլ տեղին չէ: Կամ, ավելի ճիշտ, ապրանքի «գին-որակ» զույգի առումով գործող իշխանությունը չունի հստակ քաղաքականություն: Չնայած որ ոլորտում ունի՝ որ այդ մեկում բացառության կարգով չունենար: Ինչևէ, Պապիկյանը բանակցություններ է վարել հարավկորեական պատասխանատուների հետ տեղական K2 «Սև Հովազ» մարտական տանկը գնելու շուրջ: Ասեմ, որ ռազմական այդ մեքենան համարվում է 4-րդ սերնդի (այդ ոլորտի փորձագետների շրջանում առկա է նման սանդղակավորում) ներկայացուցիչ: Այսինքն, որակի առումով խնդիր չկա, սակայն առկա է գնի առումով. «Սև Հովազ»-ը համարվում է խիստ թանկարժեք միավորներից մեկը: Սպառազինության շուկայում այն վաճառվում է 8,5 միլիոն ԱՄՆ դոլարով:

Իհարկե, շուկայում առկա է ավելի թանկը. դա ամերիկյան M1A2 «Abrams» տանկն է, որի գինը շուրջ 10 միլիոն դոլար է (ըստ այլ աղբյուրի՝ ավելի քան 6 միլիոն դոլար): Ամերիկյանից մի փոքր ավելի էժան է գերմանական Leopard 2A6-ը. դրա գինը տատանվում է 7-ից 10 միլիոն եվրոյի սահմաններում (ըստ այլ աղբյուրի՝ 4-5 միլիոն դոլար): Լավագույն տանկերի ցանկում առկա է ֆրանսիական AMX-56 «Leclerc» տանկը, որի գինը գերազանցում է 6,5 միլիոն դոլարը: Կա նաև ճապոնական Type 10-ը, որի գինը տատանվում է 6,5 միլին դոլարի շրջակայքում: Լավագույններից է նաև անգլիական Challenger-2-ը՝ 4,2 միլիոն ֆունտ ստերլինգով: Բայց շուկայում առկա է նաև ավելի էժանը՝ իսրայելական «Меркава-4 Мем» տանկը 3,5 միլիոն դոլարով: Որը ևս համարվում է լավագույններից մեկը: Չնայած հաշվի առնելով ռազմական ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը՝ դժվար թե Պապիկյանին հաջողվի համոզել հրեաներին մի քանի տասնյակ տանկ վաճառել Հայաստանին: «Գին-որակ» հարաբերակցության առումով մեր երկիրն ավելի կշահեր, եթե վարչապետի աթոռից կառչած Նիկոլի և նրա կամակատարների փոխարեն ունենայինք ադեկվատ իշխանություն:

Խոսքը ռուսական արտադրության Т-90М տանկի մասին է, որի արտահանվող տարբերակի (Т-90МС) գինը կազմում է 2,5 միլիոն դոլար: Ռուսական Т-90М («Прорыв» - «Ճեղքում») տանկը, որը համատեղում է, ըստ հարավկորեական «Military Watch Magazine» կայքի, շարժունակությունն ու պաշտպանվածությունը, համարվում է ցանկացած պայմաններում լավագույն տանկի կոչման գլխավոր հավակնորդը: Ռուսական բանակում շահագործվող՝ Т-90М-ի մոդեռնացված միավորի գինն, ըստ ռուսական աղբյուրների, հասնում է 4,5 միլիոն դոլարի: Բայց քանի որ հակառուսականության բացիլով վարակված այս իշխանությունը տնտեսական հարցում համագործակցում, իսկ ռազմականում՝ սառեցնում է համագործակցությունը ՌԴ-ի հետ, ապա 4-րդ սերնդի տանկ համարվող Т-90М-ը մենք դժվար թե ունենանք: Այդ պայմաններում հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական պատերազմը՝ մենք այն հաստատ չենք ունենա: 

Վերջաբանի փոխարեն. ՀՀ պաշտպանության նախարարությունը երևի «պատկանում» է մեկ այլ երկրի: Ընդ որում, ՀՀ-ից շատ ավելի հարուստ մի երկրի, ասենք, Միացյալ Նահանգներին: Որովհետև միայն շատ հարուստ երկիրն իրեն կարող է թույլ տալ գնելու ինչ-որ արտադրանք, որի արժեքը կրկնակի թանկ է նույն որակի համանուն ապրանքից՝ արտադրված մեկ այլ վայրում: Իսկ հայկական բանակում լիքը խնդիրներ կան՝ տխրահռչակ «մայկա-տռուսիկը» չհաշված: