Ոչ ոք պարտավոր չէ մեզ պաշտպանել, եթե մենք ինքներս աճուրդի ենք հանել մեզ

Ոչ ոք պարտավոր չէ մեզ պաշտպանել, եթե մենք ինքներս աճուրդի ենք հանել մեզ

Հարավային Կովկասում տեղի է ունենում ազդեցության գոտիների ակտիվ վերաբաշխում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի (Ադրբեջան), ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպայի միջև:

Այս համատեքստում միջազգային հարաբերություններում իրավաքաղաքական փոխառնչությունների կարգավորման գլոբալ համաշխարհային համակարգի փլուզումը «զրոյացրեց» բոլոր կարմիր գծերը։
Այժմ աշխարհում գործում է միայն մեկ օրենք՝ ուժեղի իրավունքը։ 

Սա օբյեկտիվ իրականություն է, և անտեսել այդ իրողությունները նշանակում է հսկայական ռիսկերի ենթարկել սեփական երկիրը, և սա՝ մեղմ ասած։ 
Արդյոք դա հասկանո՞ւմ է հայկական իշխանությունը։

Կարծում եմ՝ այո, բայց թավշյա իշխանությունը Հայաստանի պետական և ազգային շահերի անխախտելիության սկզբունքին հավատարիմ մնալու փոխարեն ընտրել է Հայաստանի տարածքում գլոբալ խաղացողների առճակատման գեներացման ինքնասպան ուղին։ 

Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ հայկական իշխանությունը որոշել է Հայաստանի ամբողջ տարածքը դարձնել առևտրի և պայքարի առարկա Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Եվրոպայի և Թուրքիայի /Ադրբեջանի միջև՝ փոխարենը ակնկալելով երաշխիքներ ստանալ իր հետագա գոյության համար։  
Ի դեպ, հենց դրանով է պայմանավորված ներկայիս հայկական իշխանության կողմից Արցախը ֆիզիկական ոչնչացման հանձնելը։

Այստեղ պարզապես պետք է հասկանալ, որ գլոբալ խաղացողներից ոչ մեկին չի հետաքրքրում Հայաստանի արմատական շահերը կամ մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանումը, և դա օտար խաղացողների համար «նորմալ» է։

Ոչ ոք պարտավոր չէ մեզ պաշտպանել, եթե մենք ինքներս աճուրդի ենք հանել մեր երկրի գոյությունը։ Այլ բան է, որ գլոբալ խաղացողների համար Հայաստանի Հանրապետությունը յուրօրինակ «գործիք» է դարձել իրենց նախագծերի իրականացման համար։ 

Պարադոքսն անգամ այն չէ, որ հայկական իշխանությունը հաճույքով համաձայնել է «գործիք» դառնալ գրեթե բոլոր խաղացողների (առաջին հերթին Թուրքիայի) ձեռքում, այլ այն, որ հայկական իշխանությունն իսպառ հրաժարվում է ընդունել այն փաստը, որ «գործիքը» օգտագործելուց հետո այն պարզապես դեն են նետում։ 
Իսկ թե ինչ կմնա Հայաստանից (և կմնա արդյոք մեր երկիրն ընդհանրապես) տարածաշրջանային մեծ վերաբաշխման արդյունքում հայաստանյան ներկայիս իշխանություններին առանձնապես չի հետաքրքրում։
Սակայն նույնիսկ այս իրավիճակում իշխանությունը պետք է հասկանա միայն մի բան, երբ 《բանը բանից》 անցնի Հայաստանի շուրջ ծավալված գործընթացներում կործանվելու են բոլորը... և թավշյա իշխանությունը՝ բոլորի հետ միասին։

Գոնե այս իրողությունը պետք է սրանց սթափեցնի։

Արման Աբովյան