Ի՞նչ է հնարավոր եղել դուրս բերել Արցախից

Ի՞նչ է հնարավոր եղել դուրս բերել Արցախից

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով կորցրինք ոչ միայն Արցախը, այլ նաեւ Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության ահռելի մի շերտ։ Ըստ Արցախի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակների՝ 2020 թվականից առայսօր թշնամու վերահսկողության տակ է մնացել 4 հազար 115 հուշարձան, այդ թվում՝ հնագիտական։ Սակայն թիվն աճել է, քանի որ 2000-ից ավելի նորահայտ հուշարձաններ պետական ցուցակներում ընդգրկված չեն եղել։ 500-ից ավելի հուշարձաններ էլ՝ խաչքարեր, ավերված եկեղեցիներ, արձանագիր քարեր, տապանաքարեր ու եկեղեցիներ, հաշվառվել են 2020 թվականի պատերազմից հետո։ Հետեւաբար, հուշարձանների քանակը 6 հազարից ավելի է։ 

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ այս պահի դրությամբ կարողացե՞լ են ի մի բերել ու հասկանալ, թե ինչ մասշտաբի հոգեւոր ժառանգություն է մնացել թշնամու կողմից օկուպացված Արցախում, մասնավորապես՝ այնպիսի հոգեւոր կենտրոններում, ինչպիսիք են Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը։ «Ամենամեծ մասունքը մեր հայրենիքն էր, բայց, այդուհանդերձ, մնացել է շատ բան՝ եկեղեցական գույք, սպասք, շատ քիչ բան է մեզ հնարավոր եղել դուրս բերել, որովհետեւ թե ինչ վիճակ էր այդ ժամանակ Արցախում, դուք էլ շատ լավ գիտեք, տրանսպորտային միջոցներն էլ շատ փոքր էին, եկեղեցու սեղանի վրայի սպասքներն ենք ինչ-որ չափով կարողացել դուրս բերել, մնացածն արձանագրվում է, որը հետո հանրագումարի կբերենք լիարժեք կերպով»,- ընդգծեց Սրբազանը։