Երեւանը հրաժարվել է JAS-39 Gripen-ից նախապատվություն տալով Су-30СМ-ի՞ն
Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Կովկասյան տուրնեից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ուղիղ տեքստով Երեւանին առաջարկեց իր զինված ուժերի զինանոցը այսպես ասած՝ դիվերսիֆիկացնել եւ համալրել ամերիկյան կամ արեւմտյան արտադրության սպառազինություններով, Շվեդիան Երեւանին առաջարկել էր գնել ռազմական կործանիչ ինքնաթիռներ։ Բոլթոնի այցի եւ Բոլթոնյան թեզիսների վերլուծությամբ կամ քննարկմամբ զբաղված լինելով այս առաջարկը մեղմ ասած քիչ նկատված դարձավ հայկական մեդիայի կամ վերլուծական-փորձագիտական շրջանակների կողմից, մինչդեռ ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը այս մասին գրել է բավական հետաքրքիր հրապարակում։
Այսպես, Շվեդիան առաջարկել է այդ ժամանակ, որպեսզի Հայաստանը գնի SAAB ընկերության JAS-39 Gripen տեսակի ռազմական ինքնաթիռներ։ Իր տեղեկությունների հավաստիությունը «Ռեգնումը» հիմնավորում է հայկական ռազմական գերատեսչությունում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկություններով։
Դեռ այն ժամանակ Մոսկվան բավական անհանգստացավ։ Հիշենք թեկուզ ռուսաստանցի փորձագետ Իգոր Կորոտչենկոյի հայտարարությունը, կապված Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի՝ «Ամերիկայի տակ պառկելու» մասին։
«Ռեգնումը» մանրամասնել էր, որ Երեւանին առաջարկվել է գնել ութ նման ինքնաթիռներից բաղկացած խմբաքանակ այն դեպքում, երբ նման մեկ ինքնաթիռի արժեքը կազմում է 55-60 միլիոն եվրո։ Հետաքրքրական է եղել այն, որ Շվեդիան, հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ վճարունակությունը, հնարավոր է համարել նույնիսկ JAS-39 Gripen ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային տարբերակը։
Ռուսական լրատվամիջոցը նաեւ պարզաբանել էր, որ այս առաջարկի հիմնական մրցակիցը ռուսական Су-30СМ ռազմական կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հնարավոր գործարքն է։ Ռուսական լրատվամիջոցը այն ժամանակ նշել էր որ բանակցությունները ընթանում են եւ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա ՀԱՊԿ անդամ որպես, Հայաստանին կվաճառվեն ռուսական ինքնաթիռները 22,5-25 միլիոն դոլարով։ Եվ ահա, այսօր հայտնի է դառնում «Կոմերսանտ» պարբերականի հրապարակումից, որ հայ-ռուսական ռազմական մատակարարման գործարքը կնքվել է, որի արդյունքում ռուսական 100 միլիոն դոլարանոց ռազմական վարկի շրջանակներում ձեռք կբերվի չորս ռուսական Су-30СМ ինքնաթիռ, ընդ որում հայ օդաչուներն էլ դրանք շահագործելու համար պատրաստություն կանցնեն Ռուսաստանում։
Պարզ է դառնում, որ այսպես ասած՝ ռազմական մատակարարումների որոշակի մրցապայքարում հաղթել է ռուսական կողմը։ Երեւանը թե ինչու է նախապատվություն տվել ռուսական ինքնաթիռներին կարելի է տարբեր բացատրություններ տալ։ Սակայն 50-60 միլիոնի եւ 22,5-25 միլիոնի համեմատությունն էլ շատ բան է ասում։
Իհարկե չեն բացառվում նաեւ զուտ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը կամ քաղաքական նրբերանգները, որոնք պայմանավորել են Երեւանի ընտրությունը։ Ամեն դեպքում, պարզ է մի բան, որ Երեւանը մեղմ ասած՝ քաղաքավարիորեն հրաժարվել է ամենայն հավանականությամբ Բոլթոնի ցուցումով առաջարկով հանդես եկած SAAB-ի ինքնաթիռներից։ Իսկ թե սա միայն մի գործարքի հետ է կապված, թե նաեւ որոշակիորեն աշխարհաքաղաքական նախապատվության ցուցիչ է դառնալու, կերեւա առաջիկայում։
Կարծիքներ