Աշոտյանը Մոսկվայում սրճում է Էդմոն Մարուքյանի և այլ պատգամավորների հետ (ֆոտո)

Աշոտյանը Մոսկվայում սրճում է Էդմոն Մարուքյանի և այլ պատգամավորների հետ (ֆոտո)

Հին ու նոր իշխանությունների «թունդ» ընդդիմություն Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս պահին գտնվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Ավելին՝ նրանք հանդիպել են ու սրճել Մոսկվայի Առևտրի միջազգային կենտրոնում, որտեղ անցկացվում է պառլամենտարիզմի երրորդ ֆորումը։ Այդ հանդիպումից մեզ ուղարկեցին լուսանկար, որտեղ Աշոտյանն է, Մարուքյան ու ևս մեկ անձ։ Մեզ ասացին, որ Աշոտյանն ու Մարուքյանը նաև ջերմ գրկախառնվել են։ Սա առաջին հայացքից նորմալ երևույթ է, Աշոտյանը առաջին Հանրապետականը չէ, ում հետ Մարուքյանը շփվում է նման ձևաչափով, վերջերս էլ նույնսիկ ՀՀԿ-ականների ավելի լայն կազմի հետ էր լուսանկարվել «Դվին» հյուրանոցում։ Պարզապես հարցն այն է, որ ՀՀԿ-ականները վերջին շրջանում սկսել են ակտիվորեն դժգոհել Մարուքյանից ու նրա քաղաքական թիմից, որ նա ինչպես իրենց էր ժամանակին «թունդ» ընդդիմանում, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի համար է դարձել այդպիսի ընդդիմություն։ Նրանք Մարուքյանից, չգիտես ինչու, ակնկալում են ավելի իրական ու ազնիվ ընդդիմություն լինել Փաշինյանի իշխանությանը, քան իրենց ժամանակ էր՝ մոռանալով, որ մեծ հաշվով իրենք են Մարուքյանին ու նրա թիմին այդպիսին դարձրել։ Բայց քաղաքականությունն այդպիսի բան է՝ հա՛մ դժգոհում ես, հա՛մ քննադատում, հա՛մ սրճում և ընկերություն անում։

Արմեն Աշոտյանը, ով զարմացավ, թե որտեղից մեզ այս լուսանկարը, Hraparak.am-ի հետ զրույցում չհերքեց, որ հանդիպել ու սրճել է Էդմոն Մարուքյանի հետ՝ այդ փաստն այսպես մեկնաբանելով․ «Մասնավոր շփում է միջազգային ֆորումի շրջանակներում, բազմաթիվ սրճարաներ կան այստեղ, և ընդմիջումների ժամին շփվում եմ ինչպես իմ հայրենակիցների, այնպես էլ օտարերկրյա քաղաքական գործիչների հետ։ Իսկ մասնավոր շփումները լրատվական մեկինաբանության ենթարկելը կոռեկտ չեմ համարում»։

Նա նաև նշեց, որ այդ ընթացքում նմանատիպ մասնավոր շփումներ ունեցել է ոչ միայն Էդմոն Մարուքյանի, այլ նաև ՀՀ ԱԺ պատվիրակության այլ անդամների հետ։